Անցել են ուժային մեթոդների

Անցել են ուժային մեթոդների

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի շուրջ կրքերը նոր նրբերանգներ են ստանում։ Մի քանի շաբաթ է՝  տեղեկություններ են շրջանառվում, թե ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին հրահանգ է իջեցվել աշխատանքից ազատել նշված կենտրոնի ղեկավար, ՀՀԿ-ական Վահագն Վարագյանին, ով ԵՊՀ-ում աշխատում է ավելի քան տասը տարի։

Պահանջն իշխանություններին ներկայացրել է, այսպես կոչված, «սորոսական» թեւը, որովհետեւ Վարագյանը նրանց թույլ չի տվել ազատորեն գործել համալսարանում։ Ըստ մամուլի՝ այդ պաշտոնը խոստացել են «Ռեսթարթի» Դավիթ Պետրոսյանին, ով գործում է «Բաց հասարակության հիմնադրամի» հովանավորչության ներքո։ Ուստի, հնարավորինս անաղմուկ գործելու համար, որոշում է կայացվել լուծարել Վարագյանի ղեկավարած բաժինը:

Անցած ուրբաթ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ փորձել են սղղացնել կենտրոնի լուծարման հարցը, սակայն խորհուրդը հավանության չի արժանացրել։ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը երեք տարբերակով դրվել է քվեարկության, առաջինը՝  հարցը հետաձգելու, երկրորդը՝ Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնին միավորելու,  ինչպես նաեւ կենտրոնը լուծարելու։ Երեք առաջարկներն էլ մերժվել են։

Երկու օր առաջ Վահագն Վարագյանը գրառում արեց սոցցանցի իր տարածքում եւ խնդրին առնչվող պաշտոնյաներին՝ Արայիկ Հարությունյանին, ռեկտորի հավակնորդ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, առաջարկեց ուղիղ խոսել իր հետ․ «Եթե քաղաքական խնդիր եք լուծում կամ անձնական հարցեր ունեք, եթե Ջորջ Սորոսի հիմնադրամի առջեւ պարտավորություններ ունեք՝ ինձ ազատելու աշխատանքից եւ ուսանողների հետ տարվող աշխատանքների գործառույթը հանձնել «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակին, ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել համալսարանը:

Խոստանում եմ, այդ պարագայում ես կմտածեմ աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում գրելու մասին»։ Երեկ Վահագն Վարագյանը մեզ հայտնեց, որ նշված անձանցից որեւէ մեկը գրառմանը չի արձագանքել։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ իշխանությունը ՀՀԿ-ական Վարագյանի  դեմ պայքարը տեղափոխել է ուժային հարթություն։

«Երեկ մեր կենտրոնի աշխատակիցներին՝ ծրագրերի համակարգողների են հրավիրել Քննչական կոմիտե, այնպիսի հարցով, որի հետ նրանք բացարձակ առնչություն չունեն։ Նրանք նախկին տարիներին եղել են հոգաբարձուների խորհրդի աշխատակիցներ, եւ հիմա հրավիրում են  հոգաբարձուների խորհրդի որոշումների հետ կապված, որն ընդունման ժամանակ այդ աշխատակիցները չեն եղել այդ խորհրդի անդամ։

Մասնավորապես, հարցաքննել են 2015 թվականին ընդունված որոշման վերաբերյալ, այնինչ մեր աշխատակիցները հոգաբարձուների խորհրդի անդամ են եղել 2017-2018թթ․»,- տեղեկացրեց Վարագյանը, սակայն չցանկացավ անուններ տալ․ «Իրենք երեխաներ ունեն, ու ես չեմ ցանկանում, որ իրենց անունները մամուլով շրջանառվեն»։ Վարագյանը չի պնդում, թե այդ մեթոդով փորձում են իրեն վախեցնել, ասում է. «Ինքներդ ենթադրություն արեք»։

Իրեն հայտնի չէ՞, թե երբ է լինելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը, եւ արդյոք կենտրոնի լուծարման հարցը կրկի՞ն օրակարգ կբերվի։ Իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ վճռական դիրքորոշում ունի․ «Մինչեւ չխնդրեն, չասեն, որ հարցն անձնավորված է, իմ հետ է կապված, ես դուրս չեմ գալու։ Իրենք այլ գործողություն չեն կարող անել, որովհետեւ երեք ասպեկտով խորհուրդը մերժել է իրենց։ Ես տասը տարուց ավելի աշխատում եմ համալսարանում, եւ այդ քվեարկությունն էլ իմ աշխատանքի գնահատականն էր, բոլորն են ինձ ճանաչում»։ 
Վարագյանը վստահեցնում է նաեւ՝ չի հրաժարվի կուսակցությունից․ «Եղել եւ մնում եմ ու կմնամ հանրապետական»։