Իշխանագողության փուլում ենք

Իշխանագողության փուլում ենք

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին ՀՀՇ-ականների ակտիվացումը լավ բանի մասին չի խոսում: Կարող եմ երաշխավորել, որ առաջիկայում կա՛մ ավերներ, կա՛մ փլուզումներ, կա՛մ աղմկոտ սպանություններ են լինելու, սաստկանալու է արտագաղթը, անշարժ գույքի արժեքը չափվելու է ինքնաթիռի տոմսի արժեքով:

ՀՀՇ-ի ուրվականի մասին էլ չասեմ, որի՝ ՀՀ նոր իշխանությունների թիկունքում գործող աներեւույթ ձեռքերն ավելի վտանգավոր են, քան 90-ականների ճիրանները:
Այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կազմակերպված «թավշյա հեղափոխության» արդյունքում ձեւավորված նոր իշխանությունը նախկինների մի այնպիսի համադրություն է, որ արտաքուստ հենված լինելով ժողովրդի քվեի եւ ժողովրդավարության վրա՝ ներքուստ հակաժողովրդական է ամբողջությամբ:

Սա է ապացուցում նաեւ «հեղափոխական խորհրդարանի» պատկերը, որտեղ նմուշի համար մեկ ընդդիմադիր անգամ գոյություն չունի: «Հեղափոխության» ներկա փուլն առանց խղճի խայթի կարելի է բնութագրել որպես «հեղափոխության շարժիչ ուժի», իմա` ժողովրդի հետ հաշիվները մաքրելու եւ նրանից իշխանությունը «գողանալու» փուլ:

Եթե Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ շտապեցնում էին` գնալ այդ քայլին, քանի դեռ էյֆորիան չէր անցել, ապա այժմ նրան կոչ են անում «դուխով» պառակտել հանրությանը, հետապնդել «անհնազանդ» լրատվամիջոցներին, պաշտոնների նշանակել բացառապես մարդանման երեւույթների, ավարտ չունեցող դատական պրոցեսներով մոլորեցնել հանրությանը, շահարկումների դաշտ տանել այնպիսի նուրբ խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, մարտի 1-ը, համատարած գործազրկության սպառնալիքը, ժանտախտի օրերին խրախճանք կազմակերպելու եւ ընտրյալներին միլիոնների հասնող պարգեւատրումներ «ցփնելը», քննադատության հանդեպ անհանդուրժողականությունը: Ամեն ինչ կառուցվում է այն հաշվարկի վրա, որ կարճ ժամանակում ժողովուրդը չի կարող երկրորդ անգամ համախմբվել եւ սրբել իրենց երկրի երեսից: Եվ իրենց հաշվարկներում նրանք, ցավոք, չեն սխալվում:

Հետաքրքիր է, որ Փաշինյանի կառավարությանն ուղղված իրենց քննադատություններով առանձնապես չեն փայլում նաեւ «սերժականները»` այսպես ասենք` երեկվա իշխանավորները, որոնք, ցանկության դեպքում, Փաշինյանի ձեւավորած խորհրդարանի եւ կառավարության քարը քարին չէին թողնի: Բայց այդպիսի ցանկություն (խոսքը ռեւանշի մասին չէ), չկա, կարծես: Տպավորություն է, որ նրանք առայժմ ադապտացվում են նոր իրավիճակներին: Մի առիթով «Հրապարակն»  իրավացիորեն գրել էր, որ ընդդիմության բեռն ընկած է մամուլի ուսերին: Ցավոք, մամուլն ինչքան էլ գրում է, Փաշինյանի տանձին չէ:

Նա միջազգային բեմերում միայն պարծենում է սոցիալական ցանցերով եւ այդ ցանցերի միջոցով հեղափոխություն իրականացնելու իր արվեստով: Այսուհանդերձ, հանուն ճշմարտության ասենք, որ սոցիալական ցանցերն էլ արդեն առաջվա նման չեն աստվածացնում Փաշինյանին, եթե չասենք` սկսել են քարկոծել նրան բառիս բուն իմաստով:

Դատելով վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվությունից, որի համար հայրենիքն ու հայրենասիրությունը կեղծ կատեգորիաներ են, հստակ կարող ենք ասել, թե ուր են տանում մեզ մեր նոր իշխանությունները: Տեղին կլիներ ասել` գնում ենք դեպի անհայտություն, բայց արտաքին աշխարհից եկող ազդակները թույլ չեն տալիս այդքան ռոմանտիկ լինել: Դրսի ԶԼՄ-ները գրեթե բաց տեքստով են խոսում առաջիկայում հայ-ադրբեջանական «խաղաղության» նոր փաստաթղթի ստորագրման մասին, որով ազատագրված տարածքներ են վերադարձվելու, հայ-թուրքական սահման է բացվելու, եւ այդ ամենը` Արեւմուտքի ցանկությամբ ու ճնշման տակ, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա Ադրբեջանին եւ Հայաստանին օգտագործել Իրանին ծնկի բերելու գործում: Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր խաղերի մեջ են ՀՀ նոր իշխանությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի թամադայությամբ:

Եվ այս իրավիճակում թամադաներից երկրորդն իր կամքով բանտարկվել է` թե ես քաղբանտարկյալ եմ, երրորդն շտապեց հեռանալ, թե ես սխալվեցի, կաթողիկոսն էլ ձայնը կտրել է` թե այլադավաններն ինձ հերձվածում են: Եվ ո՞ւր է այսպես գնալու մեր գլխատվող ժողովուրդը, մեր անկախությունը, մեր պետականությունը:

Հրապարակը թողնված է համբակներին, որոնց ձեռքից միասնության խարխլումից ու հասարակության խավերին իրար դեմ հանելուց բացի ոչինչ չի գալիս: Մինչդեռ ժողովրդական գարնանային շարժումը եւ ընտրություններով ստացած վստահության քվեն ՀՀ նոր իշխանությունը պարտավոր էր գործադրել ոչ թե հին մեռելներին անհանգստացնելու, այլ Հայաստանի անկախությունն ու պետականությունն ամրապնդելու, սոցիալական ցավոտ խնդիրները լուծելու, արցախյան բանակցություններում առավել հաստատուն դիրքեր նվաճելու, տարածաշրջան թափանցող հողմերին դիմակայելու համար: