«Հարավկովկասյան երկաթուղի»-ում խախտումներ են բացահայտվել
ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ, նույն տարվա փետրվարի 13-ին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև կոնցեսիոն պայմանագիր է կնքվել, որով շուրջ 849մլն․ դրամով, Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:
Պայմանագրի համաձայն՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքի և շարժակազմի բարելավման համար՝ պայմանագրով սահմանված կարգով և չափերով՝ 122,3 մլրդ. դրամ ենթակառուցվածքի և 52,2 մլրդ. դրամ շարժակազմի բարելավման համար (ընդհանուրը 174,5 մլրդ դրամ՝ համարժեք 575 մլն. ԱՄՆ դոլարին, որը ներկայիս փոխարժեքով կազմում է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար):
Հետագայում ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ են կատարվել։
ՔԿ-ի ներկայացրած նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց մեղադրանքներ են առաջադրվել:
Հիշեցնենք, որ քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ, ինչի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ։
Կարծիքներ