Ի՞նչ է սպասվում հետախուզման մեջ գտնվողներին

Ի՞նչ է սպասվում հետախուզման մեջ գտնվողներին

Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք  նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ՀՀ քրեական օրենսգրքով առաջադրվեցին կոնկրետ մեղադրանքներ։ Նրանք էլ այդ ընթացքում  հասցրեցին հեռանալ Հայաստանից, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի նրանց նկատմամբ հայտարարվի հետախուզում։

Այսպես՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրվեց մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Քանիցս գրվեց, որ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, նա բնակվում է ՌԴ-ում, եւ ՌԴ-ն հրաժարվում է իր քաղաքացուն հանձնել Հայաստանի իրավապահներին։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու համար», նրա նկատմամբ նույնպես հայտարարվել է հետախուզում։ 

Հատուկ քննչական ծառայությունն անցյալ տարեվերջին լրացրեց Վահագն Հարությունյանի մեղադրանքը․ նա մեղադրվում է նաեւ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ 
Վահագն Հարությունյանը արտերկրից ԶԼՄ-ներին հարցազրույց էր տվել եւ ասել, որ ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Արամ Հարությունյանի գործը քննվում է 2015 թվականից, սակայն դրա վարույթը կասեցվել էր, եւ միայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այն վերաբացվեց՝ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով։
Հետախուզում է հայտարարվել նաեւ օֆշորային սկանդալի մեջ հայտնված ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ, որի՝ գտնվելու վայրի մասին օրերս  պարզաբանումներ են տվել  իրավապահ մարմինները։ 

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքի մեջ է հայտարարված հետախուզումը, նշված անձանց հայտնաբերելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։

«Խնդիրն այն է, որ հետախուզում հայտարարվում է ոչ միայն նրանց գտնվելու վայրը պարզելու համար, այլեւ՝ նախաքննական կամ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար։ Այսինքն՝ հետախուզում հայտարարվում է նաեւ այդ նպատակով։ Մենք, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին հրավիրել ենք, տարբեր պատճառաբանություններով նա, սակայն, խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Այդ պատճառով հետախուզում հայտարարվել է ոչ միայն նրա գտնվելու վայրը պարզելու, այլեւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար։ Ինչ վերաբերում է հետախուզական աշխատանքներին, պարզելու համար, թե դրանք ինչ փուլում են, ինչպես են իրականացվում, ապա պետք է դիմեք ոստիկանություն»,- արձագանքեց Մարինա Օհանջանյանը։