Շուտով կիմանաք եւ կտեսնեք

Շուտով կիմանաք եւ կտեսնեք

Անցյալ շաբաթ մի օր, ուշ երեկոյան ժամ էր, նկատեցի` միջազգային հեռուսաընկերությունները breaking news ռեժիմով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարված միջադեպից են հաղորդում: Հորմուզի նեղուցի միջադեպն էր, երբ ճապոնական եւ կարծեմ եւս մի նորվեգական նավեր էին վնասվել: ԱՄՆ-ը մեղադրում էր Իրանին, Իրանը հերքում էր թե վնասողը իրանական ուժերն են, կողմերի միջեւ լարումը ակնհայտորեն նոր աստիճանի էր բարձրացել… Լրագրողի սովորությամբ զանգեցի խմբագրություն, եւ խնդրեցի, որ գիշերային ժամերին կայքը թարմացնող աշխատակցին զգուշացնեն ուշադիր լինի, չի բացառվում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ռազմական գործողություններ սկսվեն: Բարեբախտաբար բախում չսկսվեց: Սակայն լարումն էլ առանձնապես չնվազեց:
Հունիսի 20-ին, Թեհրանի ժամանակով լուսաբացին ավելի վտանգավոր միջադեպ պատահեց ամերիկյան եւ իրանյան զինված ուժերի միջեւ: Իրանը ինքը հայտարարեց, որ ամերիկյան անօդաչու թռչող սարք է ոչնչացրել եւ դա արել է ամենայն իրավամբ, քանի որ թռչող լրտեսական սարքը հայտնվել էր Իրանի օդային տարածքում:

Վաշինգտոնում Պենտագոնի պաշտոնյաները շատ չանցած ասուլիս հրավիրեցին եւ հայտարարեցին` թե Իրանը ստում է, անօդաչու սարքը սավառնել է միջազգային ակվատորիայի վերեւում: Իրանը սպառնաց, որ խնդիրը տեղափոխելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Թե ԱՄՆ-ն ինչ է պատրաստվում անել հարցին Թրամփը պատասխանեց երկու-երեք բառով «Շուտով կիմանաք, կտեսնեք»: Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման photo opportunity-ի ընթացքում մի քանի անգամ, տարբեր ձեւակերպումներով տրվող հարցերին` ինչպե՞ս եք արձագանքելու, կարո՞ղ է ռազմական գործողությամբ պատասխան տրվի, կարո՞ղ է պատերազմ սկսվել Իրանի հետ` Թրամփի պատասխանը անփոփոխ նույնն էր` «շուտով կտեսնեք, կիմանաք»:

Շատ չանցած արդեն CNN հայտարարեց, որ համաձայն իր աղբյուրների Կոնգրեսի բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել են Սպիտակ տուն, Situation Room-ում գումարվող քննարկման: Situation room-ում խորհրդակցություններ գումարվում են հետախուզական, ռազմական կարեւոր իրավիճակներում որոշումներ կայացնելու ժամանակ: Այսօր, հունիս 21-ի առավոտյան արդեն հայտնի էր, որ Սպիտակ տանը որոշում է ընդունվել լրտեսական անօդաչու սարքի ոչնչացմանն ի պատասխան հարվածել Իրանի Հեղափոխության պահապանների գնդի կայաններին, սակայն հետո Թրամփը հարվածելու հրամանը առկախել է: Ինչո՞ւ. ոչ լուրը առաջինը հաղորդած New York Times-ին, ոչ մյուսներին հայտնի չէր: Երեկոյան արդեն, երբ Վաշինգտոնի ժամանակով Թրամփի սովորության համաձայն, քնից արթնանալով, Tweet-ների շարք թողարկեց, ինչից պարզ դարձավ, որ ծրագրվել է հարվածել երեք թիրախի, հետո Թրամփը հետաքրքրվել է զինվորականներից, թե հարվածների արդյունքում կարո՞ղ են արդյոք մարդկային զոհեր լինել, եւ որքան: Զինվորականները ասել են, որ մինչեւ 150  զոհ կարող է լինել, ինչը բնականաբար բացարձակապես անհամաչափ պատասխան կլիներ մի լրտեսական անօդաչու սարք վերացնելուն: Եվ Թրամփն իր խոսքերով չարդարացված զոհերից խուսափելու համար առկախել է հարվածելու հրամանը: Թե հետո ի՞նչ զարգացումներ կլինեն, որեւէ մեկը դժվարանում է ասել: 

Ապագայի անորոշությունը

Մի կողմից թռչող անօդաչու սարքի ոչնչացումը, առավել եւս եթե այն չէր հատել Իրանի օդային տարածքը թշնամական ռազմական գործողություն է ԱՄՆ-ի հանդեպ, որով ի դեպ, ըստ գեներալների եւ դիվանագետների Իրանը մի կրակոցով երկու նապաստակ է խփել: Անօդաչու սարքի ոչնչացմամբ Իրանը կանխել է Հորմուզի նեղուցում ընթացող նավարկության եւ զինուժի տեղաշարժերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը ամերիկացիների կողմից:

Թեհրանի հետապնդած մյուս նպատակը ուժի ցուցադրությունն է` ի տես  Իրան-ԱՄՆ դիմակայության սրումից ոգեւորված իր տարածաշրջանային հակառակորդների (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Էմիրություններ,  Իսրայել) որպեսզի Իրանին թույլ չկարծեն եւ գիտակցեն, որ որեւէ ռազմական բախում Իրանին չի ընկճելու, հետեւաբար Թեհրանի տարածաշրջանային հակառակորդների համար անմիջական ու աղետալի հետեւանքներ են լինելու: 
Մյուս կողմից սակայն, որքան լրտեսական դրոնի ոչնչացումը թշնամական ակտ լինի, ԱՄՆ-ում հաշվարկում են Իրանի հետ պատերազմելու եւ չպատերազմելու հետեւանքները: Ամենքն էլ, ովքեր լսել են ու գիտեն թեկուզ միայն Իրանի հեղափոխության պահապանների գնդի եւ եւ դրա արտաքին հետախուզական կառույցի` al-Quds-ի անունները, կասկած չունեն, որ ռազմական գործողություն ների սկիզբ առնելուց հետո, Իրանը երբեք ու երբեք չի պատերազմելու լոկ իր տարածքում, այլ ռազմական գործողությունները արտահանելու է ու սփռի ողջ Մերձավոր ու Միջին Արեւելքով:

Անցնող երկու տասնամյակների ընթացքում Քասեմ Սուլեյմանին եւ նրա հրամանատարության ներքո գործող al-Quds-ը նպատակադրված, քայլ առ քայլ սեփական proxy-ների (վստահելի ռազմական խմբավորումների) ցանց են հյուսել Արաբական թերակղզուց մինչեւ Աֆղանստան հենց այդ X օրվա համար: Իրանի proxy-ներից են Համասը, Հեզբոլլահը, հութիները եւ այլն: 
Եվ վերջապես ԱՄՆ-ում հարցերի հարցն այն է` թե Իրանի հետ ռազմական բախման գնալու տարբերակում, ինչը պիտի լինի զինուժի առջեւ դրվող խնդիրը, դեռ մի կողմ թողած` դա կլինի լուծելի խնդիր, թե անլուծելի: Վերջնահաշվում արդյո՞ք ԱՄՆ-ը հետամուտ է լինելու ռազմական ուժով Իրանի միջուկային կարողությոնների ոչնչացման: Արդյո՞ք ԱՄՆ-ը փորձելու է տապալել Իրանում իշխող թեոկրատական ռեժիմը: Սրանք են հարցերի հարցը, որոնց պատասխաններն են փնտրում Վաշինգտոնում, հնարավորություններն ու հետեւանքներն են հաշվարկում, եւ դրանցից էլ կախված է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի սկսվել կամ չսկսվելը: Պետք է հուսալ որ պատերազմ չի լինի, բայց հակառակն էլ ավելի քան սպասելի է:

Հայաստանի երկակի վիճակը

Հայաստանի  սահմանին այնքան մոտ խորացող այս անորոշ ու լարված իրադրությունը իհարկե մտահոգիչ է: Մանավանդ եթե հաշվի առնես, թե միջազգային ասպարեզում ինչ մեկուսացված ու խղճալի վիճակում են անձնապես Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը: Չափազանցություն չի լինի ասել` գրեթե միակ հնարավորությունն ու հարթությունը, որտեղ Փաշինյանը կարողանում է այլ երկրների առաջնորդների հանդիպել միջազգային գագաթնաժողովների միջանցքներն են: Իսկ այդպես կարելի է նկարվել եւ Facebook-ում ինքնացուցադրվել, բայց անհնար է սեփական երկրի հետաքրքրությունները քննարկել, էլ ուր մնաց` շահերը պաշտպանել:
Միեւնույն ժամանակ, սակայն,  Իրանի շուրջ լարված դրությունը դրական կողմ ունի Հայաստանի համար, քանի որ Մերձավոր Արեւելքում հնարավոր մեծ պատերազմի ուրվականին ի տես ոչ մի տեղային ռազմական կոնֆլիկտ չի կարող հանդուրժելի լինել` պատերազմի հրդեհն ավելի չտարածելու եւ իրադրության հանդեպ վերահսկողությունը չկորցնելու համար: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը որքան էլ պատերազմի պատրաստվի, ամսեկան 30, թե 60 զինավարժություն անցկացնի, Փաշինյանի վարչապետությունն էլ Ալլահի ու ճակատագրի նվեր համարի, իրականում չի կարող Արցախի, առավել եւս Հայաստանի դեմ ռազմական գործողության դիմել: Անգամ 2016-ի ապրիլյան բլիցկրիգի փորձը այժմ Բաքվի համար բարդ կլինի կրկնել: Դա իրեն ոչ մի մայրաքաղաքից թույլ չեն տա: Բնականաբար նաեւ Հայաստանին պատերազմ սկսել թույլ չեն տա: