Ծառուկյանն էլի չկա

Ծառուկյանն էլի չկա

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 7-րդ գումարման խորհրդարանում եւս չի ընդգրկվել Ազգային ժողովի խորհրդի կազմում:

Այս խորհրդի ձեւավորման պահանջն առաջացրել է ԱԺ նոր կանոնակարգը: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը, կարող է ընդունել ԱԺ հերթական նիստում հարցի քննարկման տեւողությունը մեկից մինչեւ վեց ժամ սահմանելու մասին որոշում, կարող է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին որոշման նախագիծ:

Այսինքն՝ համարվում է ղեկավար մարմին եւ, ըստ կանոնակարգի, խորհրդի կազմում ընդգրկվում են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, խմբակցության ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները։ Արդեն ձեւավորվել է խորհրդի կազմը, բոլորն ի պաշտոնե ընդգրկված են, բացառությամբ Գագիկ Ծառուկյանի, որի փոխարեն ընդգրկված է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, իսկ նախորդ գումարման ժամանակ, հիշեցնենք, Վահե Էնֆիաջյանն էր: