Իշխանության ամենաբարձր օղակներից անընդհատ մեսիջ է ուղարկվում հասարակությանը, որ հանգիստ նստեք տեղներդ

Իշխանության ամենաբարձր օղակներից անընդհատ մեսիջ է ուղարկվում հասարակությանը, որ հանգիստ նստեք տեղներդ

«Ժառանգություն» կուսակցությունն ասօր տարածած հայտարարությամբ արձագանքել է երեկ դատարանների մուտքերն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչին։

««Ժառանգություն» կուսակցությունը, ցավով արձանագրում է , որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է  իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարևորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում։ «Ժառանգություն»-ը համոզված է, որ միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային և կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արդարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը և համերաշխությունը պարտադիր պայման են:

Հայտարարությունը եզրափակվում է վարչապետին ուղղված կոչով՝ զերծ  մնալ արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության: Ինչպես նաև խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպելու ակնկալիքով՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը և սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը:

«Հրապարակը» զրուցել է կուսակցության նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ, հատկապես վերջին կետի հետ կապված։

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս է հնարավոր օրենսդրորեն բացառել հին ուժերի վերադարձը։

-Հարցը ենթադրում է 2 վեկտոր։ Նախ, երկրում սկսվել է անցումային արդարադատության իրավական արդարադատության իրավակարգի ամրագրման գործընթաց, և այստեղ, ցավոք, տեսնում ենք ոչ ամբողջական մոտեցում։ Եվ ունենք մտահոգություն, որ ինչպես պարոն Փաշինյանը միայնակ ձևավորեց օրենսդիր և գործադիր իշխանություն, այժմ էլ հավակնություն է ցուցաբերում միայնակ ձևավորելու դատական իշխանություն։ Սա խիստ վտանգավոր է երկրի համար և այստեղ առանց քաղաքական ու հասարական  սեկտորի հետ  խորհրդակցություններ անցկացնելու ոչ միայն ճիշտ ճանապարհ չէ, այլև վտանգավոր գործիքակազմ։ 

Իսկ ինչ վերաբերում է նախկին ուժերի վերադարձը բացառելու օրենսդրական մեխանիզմներին, մենք գիտենք, որ իշխանությունները արդեն 1 տարի է՝ հասարակությանը համոզում են, որ նախկին իշխանությունները հանցագործ իշխանություններ են եղել և իրենց հանցագործ գործիքակազմով երկիրը հասցրել են ծայրաստիճան վտանագվոր եզրագծի։ Կուսակցությունների մասին օրենքը և Սահմանադրությունը թույլ է տալիս պակասեցնել այն քաղաքական միավորների գործունեությունը, որոնք զբաղվել են հակապետական գործունեությամբ։ Եվ եթե գործող իշխանությունները ազնիվ են և իրենց պնդումները պոպուլիզմի տարրեր չեն պարունակում, ուրեմն, թող օգտվեն սահմանադրական իրավունքից և  քրեաիրավական գործըթնաց սկսեն։ Իսկ եթե չեն ծավավել, ուրեմն իշխանությունները թող զբաղվեն իրենց գործով ու չթիրախավորեն նախկիններին՝ անըդհատ ասելով, որ ժողովու՛րդ, մենք վատ ենք ապրում, որովհետև նախկիններն էսինչ, էսինչ բաներն են արել, երկիրը հասցրել են կործանման եզրին։ Եզրագիծը պետք է քաշվի։ Եվ մենք կարծում ենք, որ գործողությունների էն պարադիգմը, որ նախկինների հաշվին իրենց սրբագրում են և որ իրենց այլընտրանքը նախկիններ են, պետք է վերջ տրվի։ Նորից եմ ասում՝ եթե էդ մարդիկ հանցագործներ են, բերեք դատեք, եթե չէ, ձեր սեփական ձախողումները մի բարդեք նրանց վրա։

-Փաստորեն, առաջարկում եք «վեթթինգ» անել նաև ՀՀԿ-ին։

-Իհարկե, նախկին հանցավոր իշխանության բոլոր ներկայուցիչների սկսած ունեցվածքից, վերջացրած ընդունած որոշումների ակունքներով պետք է ուսումնասիրվի։ 

-Ուղղակի չեմ հասկանում՝ ինչպես կարելի է օրենսդրորեն ամրագրել նախկինների վերադարձի բացառումը։

-Նորից եմ ասում՝ եթե իշխանությունները շարունակեն պնդել, որ էդ մարդիկ հանցագործներ են, բերեք դատեք, օրենդրական լուծում տան, բայց եթե էդպես չի,  չկա որևէ փաստացի ապացույց, որ նախկին քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն հակապետական գործունեություն է ծավալել,  ուղղակի թող լռեն։ Պետք չէ չէ,  սեփական ձախողումները  բարդել նրանց վրա։

-Իսկ ի՞նչ գործիքներով դա անեն, հանձնաժողով և այլն։

-Կարող են խորհրդարանական տիրույթում, կարող են դատական իշխանության։ Եթե իրականում հանցագործություն է տեղի ունեցել, այն պետք է բացահայտվի և դրան տրվի իրավական ու քաղաքական գնահատական։

-Պարոն Գրիգորյան, դատարաններն արգելափակելու հետ կապված որոշակի անհանգստություն ունեին անգամ Փաշինյանի կողմնակիցները, սակայն մեկ այլ խումբ հանգստացնում էր բառերով, որ, ժողովու՛րդ, մենք հրեշ ենք իր բունը խցկում։

- Իշխանության ամենաբարձր օղակներից անընդհատ մեսիջ է ուղարկվում հասարակությանը, որ հանգիստ նստեք տեղներդ։ Հայաստանում նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր հասարակությունը չի նստելու հանգիստ ոչ իրավական գործըթնացների պարագայում։ Իսկ ինչ վերաբերում է իշխանական բուրգի ներկայացուցիչների մեկնաբանություններին, ապա տասնյակ տարիներ թե՛ քոչարյանակլան, թե; սերժսարգսյանական վարչախումբն էլ էր ասում, որ Հայաստանում ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, այն, ինչ դեռևս չի լուծվել, դա օբյեկտիվ իրողություն է կամ աշխարհաքաղաքական իրականություն է։ Բայց, արի ու տես, որ էդպես չէր, ու այսօրվա քաղաքական-իրավական գնահատականները ցույց էին տալիս, որ նախկին իշխանությունները սխալվել էին իրենց եզրահանգումներում։ Եվ մենք չենք ուզում, որ հեղափոխական ուժը նույնպես հետագայում կանգնի պատմության դատաստանի առաջ։