Նախարարի հորդորը՝ լուրջ հետազոտություններ մի արեք

Նախարարի հորդորը՝ լուրջ հետազոտություններ մի արեք

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մի քանի առիթով ասել է, թե Ամուլսարում միջազգային փորձաքննության կարիք ծագեց, քանի որ Հայաստանի բնապահպանության նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի մասնագետները բավարար կարողություններ չունեն՝ գնահատելու ազդեցությունները:

Հետեւաբար, նախկինում տրված թույլտվությունների վրա չի կարելի հիմնվել, քանի որ թույլտվություն տվողները բավարար գիտելիք չունեն: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ եթե նրանք Ամուլսարի ազդեցությունները գնահատելու բավարար կարողություններ չունեն, ինչպե՞ս են գնահատում այլ հանքերի գործունեությունը: Ավելին, կառավարությունը հպարտությամբ հայտարարում է, որ շուտով կվերագործարկվի Թեղուտը, որի թույլտվությունը նույնպես տվել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, իր իսկ ձեւակերպմամբ՝ «բավարար կարողություններ չունեցող» գործընկերները: Եվ, ուրեմն, ինչո՞ւ է միջազգային փորձաքննության կարիք ծագել միայն Ամուլսարի դեպքում: Երկակի ստանդարտներն ու անհավասար պայմանները նույնպես կոռուպցիայի դրսեւորում են, եւ այս դեպքում պետք չէ զարմանալ, թե ինչու է «Լիդիանը» դիմել միջազգային դատարան:

Բայց անցյալ շաբաթ Հ1-ին տված հարցազրույցում բնապահպանության նախարարն էլ ավելի տարօրինակ հայտարարություն արեց: Նա փորձեց արդարացնել, թե ինչու է միջազգային փորձաքննությունն անցկացվում հենց Ամուլսարում, եւ է՛լ ավելի վտանգավոր հայտարարություն արեց: Բնապահպանության նախարարը բացատրում է, որ Ամուլսարի բնապահպանական հետազոտությունների վրա աշխատել են տասնյակ ինստիտուտներ, փորձագետներ, հազարավոր էջեր կազմող հետազոտություններ են գրվել, ու մեր փորձագիտական ՊՈԱԿ-ի մասնագետները չէին կարող նման մանրակրկիտ հետազոտությունները գնահատել:

Այսինքն, կառավարությունը պատժում է «Լիդիան»-ին՝ հայաստանյան ստանդարտներից դուրս մանրակրկիտ հետազոտություններ անելու, արտասահմանյան մասնագետներ ներգրավելու ու ռիսկերը պատշաճ գնահատելու համար: Ինչպես հայտնի է, «Լիդիանն» ունի միջազգային բաժնետերեր, եւ Ամուլսարի բնապահպանական հետազոտությունները հազարավոր էջերի հասնող ուսումնասիրություններ են, որոնք տեղադրված են իրենց կայքում: Սա, փաստորեն, կառավարության ուղերձն է մյուս հանքերին ու տնտեսվարողներին՝ որքան ավելի հակիրճ ու «գլխառադ» արված լինեն ձեր բնապահպանական հետազոտությունները, այնքան ավելի քիչ խնդիր կունենաք Հայաստանում:

Մի արեք լրացուցիչ անալիզներ, մի կիրառեք արտասահմանյան փորձը, որովհետեւ մենք չենք կարող գնահատել լուրջ աշխատանքը: Այ, եթե ձեր հետազոտությունները մակերեսային լինեին, ռիսկերի գնահատման ոչ մի լուրջ հետազոտություն չանեիք, մեր մասնագետները կկարողանային գնահատել այդ մի քանի էջը, ու ձեր հանքն էլ, մյուսների նման, կաշխատեր: Եվ սա ասում է բնապահպանության նախարարը: Սա ամենավտանգավոր ուղերձն է թե՛ բնապահպանության, թե՛ առավել եւս օտարերկրյա ներդրումների համատեքստում: