58 մլն դրամ՝ էլի մեկ աղբյուր․ ինչո՞ւ ոչ ոք չհաղթեց «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության մրցույթում

58 մլն դրամ՝ էլի մեկ աղբյուր․ ինչո՞ւ ոչ ոք չհաղթեց «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության մրցույթում

Վարչապետի աշխատակազմը «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման նպատակով դեռ ապրիլին հանձնաժողով էր ստեղծել, որը գլխավորում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ստացել կազմակերպելու «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իսկ կառավարության աշխատակազմն այդ հարցում աջակցելու էր Հ1-ին։  

Հասկանալի է, որ աջակցություն կոչվածը նաեւ թաքնված կոռուպցիա է ենթադրում՝ հատկապես գնումների հարցերում։ Ի վերջո, միջազգային մրցույթ անցկացնելը ենթադրում է, որ բոլոր դետալները պետք է մտածված լինեն եւ համապատասխանեն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ անվտանգության ապահովումը։ Դեկտեմբերի 11-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին միաժամանակ կարող է հավաքվել 6-8 հազար հանդիսատես։ 

Այսպիսի քանակ ապահովելու համար, ըստ անվտանգության մասնագետների, անվտանգության 3 հազար 500 աշխատակից է անհրաժեշտ եւ հսկայական միջոցներ։ Ըստ մրցույթի մասնակիցներից մեկի՝ գնային առաջարկը 58 մլն դրամի միջակայքում է, ինչը լուրջ թիվ է։ Օրերս ընտրվել է մի կազմակերպություն՝ «Սեքյուրիթի գրուպ» ՍՊԸ-ն («Տավրոս» պահնորդական ընկերությունը, որն ընդամենը 25 աշխատող ունի), այն էլ՝ ոչ մրցույթով։ Կառավարությունը եւ հանրայինն ամեն ինչ արեցին, որ գնումը կատարվի մեկ աղբյուրից։  

Ինչպե՞ս եղավ, որ միջազգային մրցույթի համար անվտանգության «ապահովիչը», ինչպես միշտ, ընտրվեց հայավարի։ Հետաքրքիր պատմություն է։

Նախ գնման մրցույթ հայտարարվեց, որի պահանջների թվում կար անիրականանալի կետ, որն ի սկզբանե հնարավոր չէր կատարել՝ «հաշվի առնելով միջոցառման կարեւորությունը՝ կատարողը պետք է ապահովի հակաահաբեկչական որակավորում ունեցող ղեկավար անձնակազմի առկայությունը։ Կատարողը հայտով ներկայացնում է ղեկավար անձնակազմի հակաահաբեկչական որակավորումը»։ 

Այլ կերպ ասած՝ ընկերությունը, որն ապահովելու է հանրային անվտանգությունը մանկական Եվրատեսիլում, պետք է ունենա հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատ, բայց նման ղեկավար աշխատակից ունեցող ընկերություն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատ Հայաստանի Հանրապետության ոչ մի մարմին չի տրամադրում, եւ սա չէր կարող հայտնի չլիներ Հանրային հեռուստաընկերությանը, առավել՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովին։  

Հավանաբար, կազմակերպիչները նախապես գիտակցել են, որ այս պահանջին բավարարող պահնորդական ընկերություն չի լինելու։ Ավելի լավ տարբերակ՝ բոլոր անցանկալիներին մաղելու ու փողերը յուրային ընկերությանը տալու, դժվար է հորինել։ Մրցույթի 4 մասնակիցներից մեկը կեսից դուրս եկավ՝ չհասնելով եզրափակչին՝ հավանաբար, գիտակցելով, որ կարող է նաեւ հայտնվել «սեւ ցուցակում»։ Մյուս երեք ընկերություններից ոչ մեկը չուներ պահանջվող սերտիֆիկատը։ 

Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց հրատապության հիմքով մեկ անձից գնման մասին, որն էլ «Սեքյուրիթի գրուպն» է՝ «Տավրոս» պահնորդական ընկերությունը։ Դրա ղեկավարը նեղ շրջանակներում հայտնի է որպես Վաչոյի Բեգլար։ Ակնհայտ է, որ հենց այս ընկերության հետ են ցանկացել աշխատել կազմակերպիչները, եւ այս ընկերությունը, ի դեպ, նույնպես, ինչպես ՀՀ բոլոր մյուս պահնորդականները, չունի «հակաահաբեկչական» սերտիֆիկատով օժտված ղեկավար։ 

Մենք զանգահարեցինք «Տավրոսի» ղեկավարին՝ նրան մի քանի հարցադրում անելու հույսով, մասնավորապես հարցնելու, թե ինչպես է 25 աշխատողով 6-8 հազար հանդիսատեսի անվտանգությունը եւ մասնագիտական այլ միջոցառումներ ապահովելու։ Ընկերությունից հաստատեցին, որ հաղթել են «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության մրցույթում, խոստացան, որ Վաչոյի Բեգլարը կկապվի մեզ հետ, սակայն մնացինք նրան սպասող։ 

Կապվեցինք նաեւ Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Դավիթ Ծերունյանի հետ, որը պատասխանատու է «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման համար, ինչպես նաեւ հանրային կապերով զբաղվող Աննա Օհանյանին, որոնք խոստացան պատասխանել։

Ապավինում ենք մասնակիցներից մեկի տրամադրած տեղեկություններին եւ մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերին, որոնք օգտագործել ենք նյութը պատրաստելիս։ Սակայն ուշացած պարզաբանումներ եւս պատրաստ ենք լսելու։