Դատե՞լ,  թե՞ ներել

Դատե՞լ,  թե՞ ներել

Մեր օրերում լրատվամիջոցների համար իսկական Քլոնդայք է՝ քաղաքական գլխապտույտ իրադարձությունների եւ քրեական տարաբնույթ բացահայտումների առումով: Մանկապարտեզի վարիչից սկսած մինչեւ նախարար, քննիչից մինչեւ բանակի գեներալ... (չթվարկենք) ձեռքերը քշտած՝ գլխավորապես զբաղվել են երկիրը թալանելով: Բայց ամենից շատ «ջուր վերցնող» թեման այսօր նախորդ երեք անփառունակ նախագահների նկատմամբ վերաբերմունքի հարցն է:

Բաց նամակ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին

Խորագույն հարգանք տածելով Ձեր՝ արհեստավարժ լրագրողիդ եւ սկզբունքային  անհատիդ նկատմամբ, այդուհանդերձ, մի քիչ «կռիվ» ունեմ Ձեզ հետ: Մարտի 5-ի Ձեր՝ «Վտանգավոր ընթացք» խմբագրականում կարդում եմ. «Ես կտրականապես դեմ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին դատելուն: Ոչ թե նրա համար, որ համոզված եմ նրանց անմեղության մեջ»: Ուշադրությունս գրավեց շարունակությունը. «Այլ այն պարզ պատճառով, որ երբ սկսում ես դատել ու պատժել առաջին դեմքերին, խիստ մեծանում է վտանգը, որ նրանք ամեն ինչ կանեն, որ երբեք «նախկին» չդառնան»: Եվ զարմացնող հաջորդ տողերը. «Քանզի իշխանությունից հեռանալը համազոր է դառնում կյանքից ու ապրելու իրավունքից զրկվելուն (չափազանված չէ՞, մեզանում Քադաֆիի կամ Չաուշեսկուի օրինակներ չեն եղել եւ, կարծում եմ, չեն լինի՝ Ս. Հ.): Քանզի աթոռին կառչելը բանտ չընկնելու միակ եղանակն է մնում»: 

Այսինքն՝ այլընտրանք չկա՞, նրանք անպայման պիտի թալանեն ու կեղծե՞ն, փորձանք դառնան ողջ ժողովրդի գլխին ու փորձանքից հեռո՞ւ մնան: Հարգարժան տիկին Օհանյան, այդ ո՞վ համընդհանուր անօրինությունների հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանի խաթրին կպավ, առավել եւս՝ կախաղանի դատապարտեց, որ կառչել էր իշխանությունից, ո՞վ ընդհատեց ավետարանի վրա երդում տվող չընտրված նախագահին: Որեւէ մեկը համարձակվե՞ց Ռոբերտ Քոչարյանին ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա, երբ իշխանությունը պահպանելու համար գնաց սեփական ժողովրդի հետ առճակատման: Էստաֆետը զվարթ-հանդիսավոր ընդունած Սերժ Սարգսյանն ամեն ինչ չարե՞ց իր հնարած գերիշխանությունից չզրկվելու համար:

Եվ, ուրեմն, այս երեքից գեթ մեկը «մարդավարի» չհեռացավ քաղաքական ասպարեզից: Որովհետեւ նրանք համոզված էին իրենց անպատժելիության մեջ: Որովհետեւ նրանք իրենց իսկ ստեղծած արատավոր համակարգի «զոհերն» էին:

Միջանկյալ պատմություն

Խոսում են Մարտի 1-ից: Գրող, մեզ հայտնի դաշնակցական Աղվան Վարդանյանն ու քաջածանոթ բեմադրիչ Ռուբեն Բաբայանն են: Լավ են խոսում, մեկը մյուսի միտքը հաստատելով, փոխլրացնելով: Վերջինս պահանջված հռետոր է: Եվ այն, որ հաճախ կրկնում է սեփական դատողությունները, նրանից է, որ շուտ-շուտ է լինում հեռուստաեթերում (հա, մոռացա ասել, որ դիտում եմ 5-րդ ալիքի «Դեմ դիմաց» հաղորդումը):

Հուշիկ ներս է մտնում այգուս հարեւանը՝ Կարոն:

- Ասի՝ տեսնեմ ի՞նչ են ասում «Լրաբեր»-ով:
Պարզ է, էլի փչացել է սովետից մնացած հեռուստացույցը: Ռ. Բաբայանն իրեն հատուկ համոզիչ ոճով մեզ բացատրում է, որ առանց մշակույթի եւ կրթության, առանց մարդկանց արժեհամակարգը փոխելու չի կարող երկրի զարգացում լինել:

- Լավ, էլի, հասկացանք,- շինծու ձանձրույթով փնչացնում է Կարոն,- ախպեր, գնա վերեւներին էդ բաներն ասա:

Կարոն իր նիհար կազմվածքին անհարիր բամբ ձայն ունի: Խոսում է դանդաղ, տարիների մշակված ծույլ շեշտադրումներով:

Հաղորդավարուհուն հետաքրքրում է՝ ինչո՞ւ առաջնահերթությունը չի տրվում կոնկրետ մարդասպաններին հայտնաբերելուն, եւ կենտրոնացել են երկրի սահմանադրական կարգը տապալելու (վերծանենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելու) վարկածի վրա: 
Աղվան Վարդանյանը ներկայացնում է Մարտի 1-ի նախապատմությունը, որ հարյուրավոր մարդիկ, մտավորականներ զգուշացնում էին (ապրեն հատկապես «սեյսմիկ» ունակություններով օժտված փորձառու մտավորականները, որ կանխազգում էին...) եւ այլն, եւ այլն (չես կարող հարգանքով չլցվել Ռ. Բաբայանի նկատմամբ, ով նաեւ ասում է՝ ես անձամբ պատասխանատու եմ, որ այնտեղ չեմ եղել, որ վախեցել եմ): Ու կրկին հասունության, լրջախոհության կոչ անում այսօրվա իշխանություններին, բոլորիս, որ պետք է փակել այս ողբերգական էջը եւ... առաջ գնալ: Որ դրա վրա սեւեռվելը մեզ ոչ մի տեղ չի տանի, եւ նման բաներ:

Կարոն անսպասելի դուրս է գալիս ափերից.

- Էս ի՞նչ ա խոսում էս մարդը, ո՞նց թե՝ էջը փակենք, անցնենք առաջ:
«Դինջ» հարեւանս չի հանգստանում: Վառում է հերթական ծխախոտը:

- Հիշո՞ւմ ես,- իմ կողմը չի նայում,- սպանվածների մայրերին, կանանց ոնց էին բերետավոր զոմբիները քարշ տալիս ասֆալտի վրայով,- ձայնը բեկբեկվում է,- իսկ նրանք էն ժամանակվա նախագահից ի՞նչ էին խնդրում,- ինքն էլ պատասխանում է,- խնդրում էին մարդասպաններին պատժել: Ընդամենը:
Կարոն ձեռքը երկարում է դեպի հեռուստացույցը.

- Ընկեր ջան, թե տղամարդ ես, ինքդ էլ գնա, սպանվածների հարազատների աչքերին նայելով՝ էդ բաներն ասա:

Աղվան Վարդանյանը կրակի վրա յուղ է լցնում: Նրա կարծիքով, իշխանությունները պետք է հասկանան, որ այս էջը չփակելով՝ նրանց հաջորդողներն էլ նույնը կանեն, եւ որ սա բումերանգի նման իրենց է վերադառնալու:

Ահա եւ հասկացանք, թե որտեղ է թաղված շան գլուխը: 
Կարոն ոտքի է կանգնում.

- Ախպեր, իմ հետ կռված Մուշեղը չորս տարի կալենդարնի նստեց: Անչափահաս էրեխեք ուներ, չէր կարում պահեր: Գողություն էր արել:
Երկար լռեց:
 

- Ոչ մեկը, ախպեր, չասեց՝ էկեք Մուշեղին ազատենք, առաջ գնանք: Հիմա հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, էսքան զոհ ունենք, էս մարդը էկել՝ լոլո ա կարդում:
Արդեն դռների մեջ շրջվում է.

- Էս նախագահների հարցում ընչի՞ մեր բախտը չի բերում: 
Կարոն դուրս է գալիս ու, կիսամութի մեջ խարխափելով, գնում իր անշուք այգետնակի կողմը...

Գորդյան հանգույց

Շատ հարգելի  տիկին Օհանյան, «կարոները» քիչ չեն, եւ նրանց էլ պիտի հասկանալ: Նրանք Լինչի դատաստան չեն ուզում: Նրանք պարզապես արդարության պահանջատեր են: Իսկ Մարտի 1-ի բացահայտման շուրջ ստեղծված «խուճուճ» իրավիճակը հասարակ քաղաքացու համար իսկական գլուխկոտրուկ է:

Նախ պարզվեց, որ սա բոլորովին էլ «ուչաստկովիի» խելքի բանը չէ: Եվ ահա, մոտ 10 տարի անց, ներկայիս վարչապետն ազդարարեց (ինչպես միշտ՝ դեպքերից եւ իրադարձություններից առաջ ընկնելով), որ Մարտի 1-ը, ըստ էության, բացահայտված է: Իսկ նախաքննությունը դեռ շարունակվում է, եւ Աստված գիտե, թե ինչպես կավարտվի: Կարծում եմ՝ «թյուրիմացությունը» «ըստ էության» բառակապակցության մեջ էր: 

Այո, ես էլ եմ ուզում, որ Մարտի 1-ի մեղավորները բացահայտվեն (ժամանակը գա՝ Հոկտեմբերի 27-ինը՝ նույնպես): Բայց պետք է ցրել արդեն ձեւավորված այն տպավորությունը, որ «փշե պսակը» պատրաստված է հատուկ Ռոբերտ Քոչարյանի համար: Ձեզ չի՞ զարմացնում, որ մինչ այժմ չի հարցաքննվել «դեպքերի» ակտիվ կազմակերպիչներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը: Ինչպե՞ս հասկանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի գաղտնազերծված հեռախոսազրույցը: Չե՞ք կարծում, որ ժողովրդին բախտի քմահաճույքին թողած 1-ին նախագահը կարող էր եւ պարտավոր էր կանխել արյունահեղությունը (ապացույցը՝ անձնապաշտի՝ պահին անհարիր անհոգ գեղգեղանքը՝ «մի երկու օր մի երեւացեք, իմ անվտանգությամբ ողջ հանրապետությունն է մտահոգ»):

Տիկին Օհանյան, Դուք գրում եք․ «Չդատենք, որովհետեւ առաջին դեմքերն ամեն ինչ կանեն, որ «նախկին» չդառնան»:

Իսկ ինչո՞ւ են նրանք ամեն գնով 1-ին դառնում: Ինձ որ՝ հասկանալի չէ (այս օրերին Ալժիրի «դուխով» քաղաքացիները ստիպեցին իրենց 82-ամյա ինսուլտ տարած նախագահին հրաժարվել 5-րդ անգամ ընտրվելու ցանկությունից...): Իսկ եթե օրենքի երկիր ունենանք, շատերը չեն ձգտի պաշտոնի: Օրինակ, տարիներ առաջ Բելգիան 540 օր կառավարություն չուներ, բայց շարունակում էր ծաղկել...

Ելք կա

- Ելք կա՞,- բարձրախոսով բակերում հարց տվող Նիկոլ Փաշինյանին խումբն արձագանքում էր՝ ելք կա՜:

Արդեն մոռացված այս կարգախոսը հիմա պակաս արդիական չէ: Ի՞նչ անել՝ անլուծելի թվացող այս թնջուկից երկիրն անկորուստ դուրս բերելու համար: Անխոհեմորեն սեւ-սպիտակի բաժանած ազգն ինչպե՞ս համախմբել: Ես կարծում եմ, ոչ, ի զարմանս ինձ, արդեն համոզված եմ (գրելու ընթացքում Ձեզ հետ անընդհատ «կռվել»-հաշտվելով), որ պետք է առաջին հայացքից խելացնոր թվացող որոշում կայացնել, այն է՝ 

Համազգային համաներում 
1. Հաշվի առնելով, որ նախկինների օրոք կոռուպցիան եւ հովանավորչությունը համակարգային բնույթ են կրել՝ քրեական պատասխանատվությունից ազատել բոլոր նրանց, ովքեր ինքնակամ կվերադարձնեն թալանածը եւ կփոխհատուցեն հասարակությանը պատճառած բարոյական վնասը:
2. Գործած մեղանչումների (ավելի խիստ չասենք) համար (իսկ դրանցում դժվար թե կասկածողներ լինեն) ժողովրդից, անմեղ զոհերի հարազատներից ներում հայցող երեք նախագահներին էլ ազատել քրեական հետապնդումներից (թալանածի վերադարձմամբ)՝ սահմանափակելով նրանց շռայլորեն տրված արտոնությունները:
3. Հայտնաբերել Մարտի 1-ի մարդասպաններին եւ պատժել:
4. Ստեղծել նախկին եւ ներկա վարչապետերի ու նախագահների ակումբ (եթե Փաշինյանի ամբիցիաները թույլ տան), որտեղ պարբերաբար կքննարկվեն երկրի առաջ ծառացած քաղաքական, տնտեսական եւ մյուս խնդիրները:

Անկեղծ ասած, Մարտի 1-ի հետ կապված տանջալից մտորումներից ու ինքնախարազանումից հետո նման հետեւությանը գալը (կտրականապես մերժելով Աղվան Վարդանյանի՝ բումերանգով վախեցնելու վարկածը) միայն ու միայն երկրի ներքին կայունությանն ակնհայտորեն սպառնացող վտանգների կանխումն է:

Համոզված եմ, որ նշված քայլերով Հայաստանի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունն աշխարհով մեկ կբարձրանա: Նախկին ռեժիմին հաղթած վարչապետը, ինչպես Սեւակն էր ասում՝ ինքն իրենից հասուն պիտի լինի եւ հասկանա, որ եկել է իր խոստացած բարիկադները քանդելու, իսկական սիրո եւ համերաշխության հաստատման ժամանակը:
Եվ շատ սիրելի տիկին Արմինե, վերջապես կարող ենք, ինչպես օրերս մի առիթով եթերում ասացիք՝ ինքներս մեզ հետ ներդաշնակ, «խիտ» կյանքով ապրել:

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր