Լռելու իմաստը

Լռելու իմաստը

Երբ մարդն աշխատանք ու կարգավիճակ ունի, ինչ-որ թիմի անդամ է, որը մշակված դիրքորոշում ունի տարբեր հարցերի մասին եւ վախենում է իր անհատական կարծիքը հայտնելուց, թիմին հակադրվելուց, ինչ-որ տեղ հասկանում ես։ Ի վերջո՝ մասնագիտական համերաշխությունը, թիմային աշխատանքը կոմպրոմիս են ենթադրում եւ սեփական՝ մյուսներից տարբերվող կարծիքը երբեմն թաքցնելու կարիք։

Բայց երբ մարդը որեւէ թիմի ու կուսակցության անդամ չէ, աշխատանք չունի, ընկերներն ու գործընկերներն իրեն դավաճանել են, աշխատանքից ազատել են ու դաժանաբար փողոց նետել՝ չհարգելով իր անցած ճանապարհն ու վաստակը, ոտնահարել են իր իրավունքները, ջնջել անցած ուղին, այդ պարագայում լռելու, չպայքարելու իմաստը ո՞րն է։ Ահա՝ հերթական քաղաքացուն ազատել են աշխատանքից, նրա մերձավորներից մեկը որոշել է, որ այդ հարցն այդպես թողնել չի կարելի՝ նրան ապօրինաբար աշխատանքից ազատողներն ինչ-որ կերպ պետք է պատժվեն, գոնե մամուլը պետք է գրի այդ մասին, որ որեւէ նորանշանակ չինովնիկի մտքով այլեւս չանցնի կամայական որոշումներ կայացնել ու առանց որեւէ պատճառաբանության մարդկանց աշխատանքից ազատել՝ յուրայիններին տեղավորելով նրանց փոխարեն։

Եվ մենք փորձում ենք ապօրինաբար գործազուրկ դարձած անձից մեկնաբանություն ստանալ։ Պարզվում է՝ մարդը դեմ չէ, որ իրեն գործից ազատեն։ Պարզվում է՝ դա համարում է իր պետի «օրինական» իրավունքը եւ մեզ անգամ խորհուրդ է տալիս «մատի ու մատանու արանքը չմտնել»։ Հարց է ծագում․ մենք՝ քեզ համար, դու՝ ո՞ւմ համար։ Մենք՝ հասարակությանը ծառայելու նկատառումով, դու՝ ո՞ւմ, ո՞րն է քո վախի ակունքը, ինչո՞ւ չես ուզում, որ երկիրը երկիր դառնա, մարդու իրավունքները մեզանում պաշտպանված լինեն, իսկ չինովնիկները գործեն միայն իրենց լիազորությունների շրջանակներում։