Դատարանի որոշումը կարող է աշխատել հօգուտ Քոչարյանի բուն քրգործի պարագայում

Դատարանի որոշումը կարող է աշխատել հօգուտ Քոչարյանի բուն քրգործի պարագայում

2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, և բողոք էր ներկայացրել դատարան:

Դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը, դատարանն արձանագրել է, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում։ Նշենք նաև, որ ԱԱԾ-ում Սեդրակ Քոչարյանի դեմ քրեական գործ կա հարուցված, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ 

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանին հարցրինք, թե ինչ հետևանք կարող է ունենալ բողոքի բավարարումը բուն քրեական գործի քննության ընթացքի վրա։ «Այդ մասով այս պահին մեկնաբանություն չանեմ, ընդունեք մարտավարական-դատավարական ստրատեգիայի մաս, համապատասխան գործընթացների փուլում բոլորին կտեղեկացնենք»,- պատասխանեց Օրբելյանը։

Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ մեղադրյալի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով հարուցված քրեական գործը կարճվի։ «Խախտումը կարճելու հետ ուղիղ կապ չունի՝ որպես այդպիսին, բայց որպես հետևանք՝ կարող է ունենալ։ Ինձ հայտնի չէ, որ Հայաստանում նման պրակտիկա լինի, որովհետև նման բողոքներ ինձ հայտնի չեն, որ հաճախ ներկայացված լինեն։ Չեմ ասում՝ չկան, որովհետև չեմ հետազոտել առանձին։ Ուղղակիորեն չի նշանակում, որ պետք է կարճվի, բայց երկարաժամկետ նշանակում է, որ պետք է կարճվի, հիմա կարդարացվի, թե կկարճվի, տարբեր փուլերում, տարբեր գործընթացների արդյունքում տարբեր արդյունքներ են լինում»։

Այսինքն՝ հօգուտ մեղադրյալի կարո՞ղ է աշխատել։ «Եվրոպական դատարանում բազմաթիվ են նման գործերը»,- ասաց Օրբելյանը։