Փայտին շունչ տվող  երիտասարդը

Փայտին շունչ տվող  երիտասարդը

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչ 36-ամյա Վարդան Եղիազարյանը  դեռ  մանկուց զբաղվել է փայտագործությամբ եւ քանդակագործությամբ: Իր ուժերով գյուղում հիմնել է թանգարան, եւ որոշել է Մեղրաձորում զարգացնել տուրիզմը. «Ապրում եւ ստեղծագործում եմ գյուղում, սիրում եմ իմ գյուղը եւ մտքովս անգամ չի անցել Հայաստանից գնալ եւ այլ երկրում ապրել: 7 տարի է զբաղվում է փայտագործությամբ, իսկ վերջին 3 տարում  նպատակ եմ դրել  զբաղվել  գյուղական տուրիզմի զարգացումով: Երբ նոր էի սկսել,  ընկերներս չէին հավատում, որ կհասնեմ այսպիսի հաջողության: Շինությունը, որտեղ հիմա դրված են իմ ձեռքի աշխատանքները  շատ անմխիթար վիճակում է եղել: Իմ ուժերով  վերանորոգել եմ, այստեղ ինչ տեսնում եք իմ ձեռքի աշխատանք է: Օգտագործել եմ բնական թափոններ՝ հին արմատները, ճյուղեր,  որոնք շատ ծռտիկ են եղել:  Տարբեր ծառատեսակների հետ եմ աշխատում,   ուռենու եւ լորենու ճյուղերի հետ չեմ աշխատում, քանի որ դրանք թույլ փայտ են մյուսների համեմատ:  Որոշ աշխատանքներ էլ պատրաստել եմ խաղողի արմատներից: Ոնց մայրն է իր երեխային ծնում, սնում եւ արժեքավորում դեպի կյանքը, իմ համար էլ դա, իմ ստեղծագործական աշխատանքերս են, երեխայի պես ընկալված ու սիրելի»:  

 

«5 տարեկան էր, երբ  փայտից աթոռ պատրաստեց,  ոսկի ձեռքեր ունի տղաս,  անմշակ  փայտին շունչ է տալիս»,- Վարդանի մայրը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է խնամքով պահել Վարդանի առաջին աշխատանքը: Վարդանն ասում է` իր բոլոր գործերը թանկ են ու սիրելի,   հազվադեպ գործեր է վաճառում: Ստեղծագործական աշխատանքը, ցավոք, նրա համար փող աշխատելու միջոց չէ, պատվերներ շատ չեն լինում: Հազիվ  հոգում է  թանգարանի  ծախսերը: 

Վարդանը մասնակցել է բազմաթիվ միջացառումների, ներկայացրել իր աշխատանքները, ստացել առաջարկներ, սակայն գերադասել է ապրել ու աշխատել ծննդավայրում. «Նպատակ եմ դրել, ու պետք է հասնեմ դրան, որ մեր գյուղում զարգացնեմ տուրիզմը, օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնեմ հայկական ավանդական ուտեստները, գյուղի գեղատեսիլ բնությունը, քարանձավներն, ինչու չէ, նաեւ քարանձավային գիշեր կազմակերպել»: