Հինգ ժամ խոսելու փոխարեն պետք է գնալ ու երկիր պահել

Հինգ ժամ խոսելու փոխարեն պետք է գնալ ու երկիր պահել

Նոր Հայաստանի հարյուր փաստերի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ լսեցինք տնտեսագետ Վարդան Բոստանջյանին։ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բառացիորեն հայտարարեց, որ ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ 2019թ. առաջին եռամսյակում, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 21,8 տոկոսը, ինչը 2017 թվականի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով: Փաշինյանը, թվարկելով հարյուր փաստերը, արձանագրել էր նոր Հայաստանի դրական փոփոխությունները։

- Պարոն Բոստանջյան, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշները բավարա՞ր են լավ ապրելու մեկնարկի համար։ Ինքը պնդում է, որ քաղաքացիների կյանքում թվարկված հարյուր փաստերը, անկասկած, իրենց ազդեցությունն են թողել։

- Ես ասեմ, որ ներկայացված թվերն ու փաստերն այնպիսին չէին, որ լինեին հուսադրող ու առաջընթաց երաշխավորող։ Դրանք մեծ դժվարությամբ, միեւնույն ժամանակ սարսափելի հեշտությամբ հայտնաբերված վիճակներ էին, որի վերաբերյալ ուրախ բարձրաձայնումներ էին անում, բայց դրանք, իմ կարծիքով, դեռ առաջընթացի մասին ոչինչ չեն նշանակում։
Քաղաքացին եթե իր մաշկի վրա չի զգում, ապա այդ փաստերը ոչինչ չարժեն։ Եթե հանկարծակի հայտնաբերեք, որ ես սխալվում եմ, ապա թող ուրիշը հայտնաբերի եւ իմ աչքը մտցնի։ Իսկ բոլոր դեպքերում, եթե ժամանակը բավարարեր, հազար հատ էլ նման փաստ կարելի էր թվել, օրինակ՝ արեւն այսօր շուտ դուրս եկավ եւ ուշ մայր մտավ․ հետաքրքիր է, դա առաջընթա՞ց է․․․

- Օրինակ՝ հայտարարվեց, որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, ստվերը կրճատվել է, 51 հազար աշխատատեղ է ստեղծվել եւ այլն։

- Գիտե՞ք ինչ կա, եկամուտները գերակատարելն այնքան տրիվիալ բան է, շարունակաբար նախորդ տարիներին եւս միշտ բյուջե կազմողները․․․ ես՝ ինքս, այդ տիրույթի մասնագետ եմ, կարող եք Ատոմին հարցնել (նկատի ունի Ջանջուղազյանին), կարող եք Վարդանին հարցնել՝ Արամյան, եւ բոլորին․ բյուջետային համակարգի մասին օրենքը ես եմ գրել, ինչ-ինչ՝ դա լավ եմ հասկանում։ Բոլոր իշխանությունների ժամանակ կառավարության կողմից բյուջեն, որպես այդպիսին, կազմվել է զգուշավոր, ավելի վախվորած ցուցանիշներով, եւ երբ որ հանկարծ փոքր-ինչ առաջընթաց կարող է եղած լինել, դա ներկայացնում են շատ մեծ փաստ։ Սկզբում՝ 40 միլիարդ, հետո ասում են՝ 62 միլիարդ, այն մարդը, որի գրպանում 100 դրամ չկա, դա կարող է շատ մեծ թիվ ներկայանալ, բայց մեծ պետության համար առոչինչ է։ Եթե դուք ուզենաք կենսաթոշակառուների թոշակները կիսով բարձրացնեիք կամ տասը դրամով գոնե, այդ փողը չի հերիքի։ Եվ հետո․ նկատեցիք, որ անընդհատ շեշտադրվում էր՝ կկատարվի, կլինի, կբերվի, կբարձրացվեն․․․ Որ հանկարծ Մեսրոպ Մաշտոցը «կ» տառը չստեղծեր, ի՞նչ պետք է անեին, հասկանո՞ւմ եք՝ շատ ծանր վիճակում կհայտնվեին։ 

- Խոսվեց աշխատատեղերի ստեղծման, ստվերի կրճատման, այլ բարելավումների մասին, դրանք մեկ տարվա համար բավարար քայլեր չե՞ն, որոնք կտանեն առաջընթացի։

- Դե, գիտե՞ք ինչ, սա հիշեցնում է հայտնի անեկդոտը․ «Է, ի՜նչ է եղել որ, դու էլ ասա»։ Ես կարծում եմ՝ հինգ ժամ եւ ավելի խոսելու փոխարեն պետք է գնալ ու երկիր պահել։

- Օրինակ՝ ի՞նչ պետք է աներ իշխանությունը մեկ տարում, որ չի արել։

- Առաջին հերթին ցանկացած իշխանության մասնագետները պետք է լուրջ մարդիկ լինեն, կառավարության հմտություններ ունեցող, կյանքով անցած, լուրջ մասնագետներ։ Այդպես՝ միայն քայլողներով հնարավոր չի երկիրը պահել։ Երկրորդը․ պետք է բոլոր գործընկերների՝ հայրենական եւ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների հետ գործընկեր լինել, այդ գործընկերության համար պետք է վստահություն ներշնչել, ինչը չենք տեսնում։

- Բայց Փաշինյանը ներդրումների մասին էլ խոսեց, ասաց, որ տնտեսական հեղափոխության մեկնարկը սպասվածից դրական մեկնարկ է ունեցել, ներդրումներ կան եւ այլն։

- Եթե այդպես է, ուրեմն ես կույր եմ, չեմ կարողանում տեսնել, ի՞նչ անեմ, սխալն իմն է, օրինակի համար՝ վարչապետը տեսնում է այդ ամեն ինչը, իսկ բազմաթիվները չեն տեսնում, եթե չասենք՝ բոլորը։ Հիմա ստացվում է այնպես, որ Բոստանջյանի նման անձնավորությունը կարող է պեսիմիստի մեկը ներկայանալ։ Ես շատ կուզենայի, որ հուսադրող փաստեր ներկայացվեին, սա մեր երկիրն է, եւ բոլորը կուզենային, որ այդպես լիներ, բայց եթե չի արվում այդ ամեն ինչը, դե եկեք ասենք՝ հուսադրող է։ Ես այս պահին հեռանկար չեմ տեսնում։

- Իշխանության ներկայացուցիչներն ասում են․ 20 տարի է՝ թալանել են երկիրը, միանգամից հնարավոր չէ ավերակների մեջ երկիր կառուցել։ Մեկնարկի համար ներկայացված փաստերը, չե՞ք կարծում, որ հուսադրող են։

- Գիտե՞ք ինչ, արդեն հոգնեցուցիչ է անընդհատ հղում կատարել նախկինի վրա։ Խոշոր առումով լավ է եղել, վատ է եղել․․․։ Օրինակ՝ ո՞նց կարող ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության համար ասենք, որ վատ է եղել, իհարկե, ինչքան էլ վատ լիներ, պատերազմ է հաղթել, հիմա՝ նա էր վատ, մյուսն էր վատ, լավ, թող վատ լինեին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չուներ, ու հիմա իրենք նոր ստեղծում են։ Ես հասկանում եմ, որ ժամանակակից կյանքն այլ է, լրջություն պետք չի, սելֆիներն են կարեւոր, դրանցով կարելի է խոշոր հաջողության հասնել, բայց հղում տալ՝ թալանել են, թալանել են։ Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի, ենթադրենք՝ դա իսկապես տեղի է ունեցել, կարելի՞ է ամբողջ կյանքն անցկացնել դրա վրա։ Հլը մի հատ մեր երկիրը համեմատեք ուրիշների հետ։ Տեսեք՝ Կադաֆիի երկիրը չկա, Սադամ Հուսեյնի երկիրը չկա, Բաշար Ասադի երկիրը չկա, Ուկրաինայի պես 45 միլիոնանոց երկիրը չկա եւ այլն, եւ այլն, էս կուկլա, սիրուն երկիրն ենք ստեղծել, բայց արի ու տես՝ ամենաթալան երկի՞րն ա, էս ի՞նչ բան ա։ Ես կուզենայի բոլոր այն մարդիկ, որ անբան են, անգործ եւ ընդհանրապես՝ հասարակության ու իրենց համար մի հատ չոփ չեն շարժել, չհենվեն միայն այդ մարդկանց մոտեցումների վրա։

- Դուք մտածում եք, որ իշխանությունն այդ խավի վրա՞ է աշխատում։

- Ես չեմ ասում՝ իրենք ով են, ես ասացի այդ զանգվածի մասին, որը երբեք հասարակության որակական զանգված չի կարող կազմել։ Մենք հայ մարդիկ ենք, ընտանիք ունենք, առաքելական եկեղեցի ունենք, ընտանեկան սկզբունքներ ունենք, սեռական ճիշտ կողմնորոշում, ի՞նչ եք ուզում, ուզում եք հակառա՞կը տեղի ունենա։