Թող պատմությունը ֆիքսի, որ կառավարությունը պաշտպանում է համասեռամոլությունը

Թող պատմությունը ֆիքսի, որ կառավարությունը պաշտպանում է համասեռամոլությունը

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է պատասխանատվություն նախատեսել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար։

Գեւորգ Պետրոսյանին հարցրինք, թե ինչից է ծագել նման նախագծի գաղափարը։ «Գիտե՞ք, մենք օրենսդրական նախաձեռնությունը չենք կապում անպայման կոնկրետ մի դեպքի հետ։ Եղել են դեպքեր, օրինակ՝ անցյալ տարի Հանքավանի «Հասմիկ» ճամբարում էլի անչափահասների հետ էդպիսի դրսեւորումներ եղան, էս վերջում, որ էլի գրքի շնորհանդես էր, որ 3-6 տարեկաններին հորդորում էր իրենց մարմնի սեփականության իրավունքի մասին դատողություններ անել՝ սա քո մարմինն է, քո անձնականն է եւ այլն։ Ես բազմազավակ հայր եմ, եւ երբեք իմ որեւէ երեխա էդ տարիքում ինձ էդպիսի հարց չի տվել, թե «պապա, իմ մարմինն ում է պատկանում»։ Ինչո՞ւ է պետք նման բաներով ծանրաբեռնել երեխաներին, փչացնել նրանց մտածողությունը, նրանց ավանդական պատկերացումները, որը պետք է անցնի ճանապարհ, պատկերացումները զարգանան, մինչեւ չափահասության տարիքն արդեն ամբողջանա։ Եվ գտնում եմ, որ դա մեծ վտանգ է ներկայացնում մատաղ սերնդի համար, եւ այդ վտանգը տեսնելով՝ մենք խմբակցությունով որոշեցինք հեղինակել այդպիսի նախագիծ»,-ասաց Պետրոսյանը։

Որպես կանոն՝ ուղարկված նախագծերը կառավարությունը պետք է երկշաբաթյա ժամկետում քննի եւ եզրակացություն տա։ Բայց, ըստ Պետրոսյանի, այս նախագիծը կարծես թե քնեցվել է։ «Ես մի վարկած ունեմ, բայց տա Աստված՝ սխալվեմ․ իրականում, ինչպես միշտ, մտադրությունն այն է, որ նախագիծը մերժվի, բայց ժամանակ են ձգում, որպեսզի մերժումը հնարավորինս կարողանան պատճառաբանել։ Բայց ես չեմ ուզում շանտաժի լեզվով խոսել։ Տեսնեմ՝ ինչպիսի հիմնավորում կլինի, եթե կլինի բացասական հիմնավորում եւ ոչ համոզիչ, ես պատրաստվում եմ հրապարակայնացնել դա, եւ թող պատմությունը ֆիքսի, որ Հայաստանում կա կառավարություն, կամ կառավարության մեջ կան այնպիսիք, որոնք պաշտպանում են համասեռամոլությունը, ոչ ավանդական պատկերացումները, հետեւաբար՝ նաեւ ավանդական արժեհամակարգը շարքից հանելու ցանկությունը»,- ասաց նա։

- Ձեր ասածներին հակափաստարկներ են հնչում, որ երեխաները պետք է վաղ տարիքից ստանան սեռական դաստիարակություն, որպեսզի ինտերնետի այսօրինակ հասանելիության դարում կարողանան ավելի գրագետ լինել։

- Այո, հենց դա է վատը, որ ինտերնետի դարում, քանի որ ամեն ինչ բաց է, ու հերիք չի էդ երեխան էդպիսի ցանկություն ունի, իր նախաձեռնությամբ կարող է օգտվել էդ բաց հնարավորություններից, մի հատ էլ քարոզե՞ն նրա համար։ Եվ հետո՝ ո՞վ է ասել, որ սեռական դաստիարակության քարոզը պետք է հասկանալ անպայման համասեռամոլություն քարոզելով։ Կարելի է ասել, որ կա նաեւ այսպիսի երեւույթ, բայց խոսքը վերաբերում է քարոզելուն։ Այսինքն՝ ասել, որ, գիտե՞ք, դա վատ բան չի, դա շատ լավ բան է, արտոնություն կտրվի այն երեխաներին, որոնք կսկսեն համասեռամոլությունն ընդունել որպես նորմալ սոցիալական երեւույթ, նրանց կուղարկենք այսինչ երկիր, ուսման վարձը կզեղչենք եւ այլն․․․ էսպիսի քարոզի մասին է խոսքը։

- Նման միտում նկատո՞ւմ եք այսօր Հայաստանում։

- Իհարկե։ Եթե 3-6 տարեկան երեխային տանում են, գիրք են տալիս, ասում են՝ քո մարմինն ումն է, սրանից վտանգավոր բա՞ն կա։ Բա ի՞նչ անենք, միանգամից կազմակերպեին սեռական հարաբերություն, որ ասեինք՝ այ, արդեն դանակը հասել է ոսկորի՞ն։ Մենք պետք է նման երեւույթները խեղդենք օրորոցում, որովհետեւ դա իմ, քո, մյուսների երեխաների իրավունքների դեմ է ուղղված։

- Իսկ մեր իշխանությունների կողմից ինչպիսի՞ միտում եք տեսնում այս հարցում, քանզի շատ են քննադատում, որ նրանք բավականին լոյալ են նման հարցերի նկատմամբ։

- Դե հիմա, գիտեք, ես չեմ ուզում կանխակալ կարծիք հայտնել, բայց հիմա կտեսնենք նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը։ Բայց հեղափոխությունից հետո ակտիվացել են այդ զանգվածները, իհարկե, ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ էն ժամանակ էդպիսի բան չէր կարող լիներ, որ տրանսգենդերն Ազգային ժողով մտներ, հիմա պատմական ժամանակներ են, արդեն մեր խնդիրները սկսում են լուծվել․․․ կամ՝ ո՞ր կառավարության օրոք էին ոստիկանության բաժանմունքում համասեռամոլները կազմակերպված խմբով մտել, ոստիկաններ ծեծել, մարմնական վնասվածքներով եւ անպատիժ մնացել։