Անձը, ով հրահրում էր, որպեսզի իրեն կաշառք առաջարկեն, եւս պետք է բերման ենթարկվի

Անձը, ով հրահրում էր, որպեսզի իրեն կաշառք առաջարկեն, եւս պետք է բերման ենթարկվի

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի պնդմամբ` այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալներ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձեւը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։

Բանաձեւի համաձայն.
Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է քաղաքական բանտարկյալ, եթե.
ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որեւէ մեկի խախտմամբ
բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով՝ առանց որեւէ առնչության
գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տեւողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է
դ. եթե քաղաքական դրդապատճառներով նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում
ե. եթե կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, եւ դա առերեւույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։

- Տիկին Մելոյան, գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այն է` ձերբակալել ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, ի վերջո, ի՞նչ է նշանակում, եւ այս ամենի տրամաբանությունը ո՞րն է: Երեկ հանրությունը վրդովվեց Ավետիք Չալաբյանի ձերբակալության փաստից:

- Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է: Շրջանառվում է ինչ-որ կաշառքի հետ կապված ձայնագրություն, որը ես՝ ինքս, չեմ լսել, սակայն ակնհայտ է, որ անհամաչափ պատժիչ միջոցներ են կիրառվել։ Որպես այդպիսին՝ գոյություն ունի խափանման միջոց, որը ենթադրում է ստորագրությամբ երկրից չբացակայել, իսկ, օրինակ, Գյումրիում տարեցների հետ վիճաբանության մեջ մտած տղաներին միանգամից կալանավորում են։ Սա անհամաչափ հարկադրանքի միջոց է պարզապես, տղաներն իրենք իրենց նախաձեռնությամբ են գնացել Գյումրու ոստիկանության բաժանմունք, որպեսզի բացատրություն ներկայացնեն, սակայն զրկվել են ազատությունից: Միտումն այն է, որ մարդկանց սահմանափակելով՝ սահմանափակում են նրանց ակտիվ գործունեությունը, որը չի բխում օրվա իշխանությունների քաղաքական շահերից։ Թե կոնկրետ ովքեր են ձերբակալված անձինք, միանգամից մեզ հուշում է, որ այս ամենի նպատակը բացառապես քաղաքական է, այն է` ճնշել այլակարծությունը: Հիմա փաստացի հալածվում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ դեմ են արտահայտվել եւ արտահայտվում են օրվա իշխանությանը: Գյումրիում տեղի ունեցածն ակնհայտ սադրանք է, որն ուղղորդվել է իշխող ուժի արբանյակների կողմից: Այս պարագայում եւս պատիժը միակողմանի է: Այսինքն` նրանք, ովքեր գործող իշխանությունների շահերից են խոսում, որեւէ կերպ չեն ներգրավվում գործին: Սա առնվազն անհասկանալի կլիներ, եթե գործ ունենայինք օբյեկտիվ քննության հետ:

- Ավետիք Չալաբյանի ձերբակալությունն էլ, շատերի կարծիքով, անհասկանալի ձերբակալություն է:

- Եթե ձայնագրությունն օբյեկտիվ քննության ենթարկվի, ապա առնվազն այն անձը, ով հրահրում էր, որպեսզի իրեն կաշառք առաջարկեն, եւս պետք է բերման ենթարկվի, սակայն այստեղ ստացվում է, որ խնդիրն Ավետիք Չալաբյանին մեկուսացնելն է եղել: Ավետիք Չալաբյանը հանրային գործունեություն է ծավալում, եւ նրան նման կտրուկ ձեւով ձերբակալելու կարիք չկար, կարելի էր պարզապես հրավիրել հարցաքննության: Սա պարզ քաղաքական հետապնդում է, նման ձեւով փորձում են քաղաքացիներին լռեցնել, հոգեբանական ճնշումների ենթարկել: