Արցախը տվողը Հայաստանն էլ կտա

Արցախը տվողը Հայաստանն էլ կտա

Եթե նայենք ժամանակագրությանը, ապա կարելի է ասել, որ Սուրեն Սուրենյանցն ու Տիգրան Արզաքանցյանը գրեթե միաժամանակ են սկսել զբաղվել ինքնուրույն քաղաքական գործունեությամբ: Դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո և այս իմաստով նրանք համարվում են ՀՀ հետպատերազմյան շրջանի քաղաքական պրոդուկտ: Բայց չնայած այս ընդհանրություններին՝ Արզաքանցյանն առնվազն վտանգավոր երևույթ չէ, մինչդեռ Սուրենյանցը, որ իր ողջ գիտակցական կյանքում հաց է վաստակել տարբեր քաղաքական շրջանակների համար «վերլուծություններ» անելով, վերջին օրերին անցել է մի այնպիսի նուրբ թեմայի, ինչպիսին Հայաստան-Արցախ փոխկապակցվածությունն է: Դատելով Սուրենյանցի կատարմամբ այս թեմայի արծարծման ձևից ու բովանդակությունից, կարելի է միանշանակ պնդել, որ ի տարբերություն Արզաքանցյանի, Սուրենյանցը վտանգավոր ճանապարհ է բռնել:

Օրինակ, նա պնդում է, որ «առանց Արցախ չկա Հայաստան» արտահայտությունը տնաքանդություն է և պետք է հրաժարվել դրանից: Փոխարենը առաջարկում է զինվել «Չկա Արցախ առանց Հայաստանի» կարգախոսով և ՀՀ իշխանություններին կոչ է անում հրաժարվել Արցախից, եթե դա է պահանջում Հայաստանի շահը: Պետք է նշեմ, որ այս մտքերը Սուրենյանցի էքսկլյուզիվ սեփականությունը չեն և զուտ սպասարկու դեր են կատարում Նիկոլ Փաշինյանի համար: Դրանք, ըստ էության, կրկնում են Արցախի հարցում Նիկոլի տարնսֆորմացիոն հետագիծը: Անտեղյակներին հիշեցնեմ, որ Նիկոլը դեռևս 2020թ. հոկտեմբերի 20-ին է բառացիորեն հայտարարել՝ «Առանց Արցախ չկա Հայաստան»: Այդ հետո, նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո միայն Փաշինյանը սկսեց խոսել Արցախի անկախության օրակարգի նշաձողը իջեցնելու և ավելի իջեցնելու մասին: Այդ պատերազմից հետո միայն Փաշինյանն սկսեց արդարանալ, թե յոթ շրջաններն ու Շուշին տալով՝ 25 հազար մարդու կյանք է փրկել: Եվ հիմա, երբ ակնհայտ են պայմանավորված պատերազմում իսկական տնաքանդության առկա և սպասվելիք հետևանքները, Փաշինյանին օգնության է հասնում և «խոսք վերցնում» Սուրեն Սուրենյանցն ու թե՝ «Արցախի անկախության օրակարգը պետք է զոհաբերել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը»: 

Ես գիտեմ, որ կյանքում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ամբողջը չկորցնելու համար երբեմն ստիպված ես լինում դրա մի մասից հրաժարվել: Բայց արդյո՞ք Հայաստան-Արցախ միասնությունն է այն ամբողջը, որ կարելի է չկորցնել Արցախից հրաժարվելով: Պրակտիկան ցույց է տալիս, որ՝ ոչ: 7 շրջանները տվեցինք՝ հայտարարեցին, որ Արցախի հարց այլևս չկա: Արցախի հարցը չլուծված՝ պահանջատեր դարձան Սյունիքին, Վարդենիսին, Երևանին: Իսկ ի՞նչ կլինի եթե ամբողջովին հրաժարվենք Արցախի անկախության օրակարգից… Այս հարցը ես թողնում եմ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Սուրենյանցի հայեցողությանը՝ հույսով, որ նրանք մի օր կհասկանան, թե ինչ նկատի ուներ Մոնթեն, երբ ասում էր՝ «Եթե հանձնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: