ՏՄՊՊՀ-ն համալրվում է փեսաներով

ՏՄՊՊՀ-ն համալրվում է փեսաներով

Մեր հետհեղափոխական կյանքը զարմանք է, իսկ մենք՝ զարմացողներ։ Նման միտք ծագեց երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանի ելույթն ԱԺ-ում լսելիս։ Ճաղարյանը, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում, եւ ում թեկնածությունը երեկ ԱԺ-ն քննարկում էր, խորհրդարանի ամբիոնից խոսում էր հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, գնումների ընթացակարգը թափանցիկ դարձնելու մասին։ «Անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսեւորումները պիտի բացառենք»,-  ասում էր նա։ Քանի որ օրենքով հուլիսի 30-ին ՏՄՊՊՀ-ն նոր կազմով պետք է ամբողջապես ձեւավորված լինի, եւ խորանալու ժամանակ չկա, պատգամավորները թեկնածուին ձեւական, ստանդարտ հարցեր էին տալիս։ Մինչդեռ սա այն դեպքն է, երբ պետք է զննեին, ինչպես ասում են՝ մանրակրկտորեն։ 

Բանն այն է, որ մասնագիտությամբ տնտեսագետ, ՍԱՊԾ պետի տեղակալ Ճաղարյանը 2009-2016 թվականներին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում պարենային, դեղորայքով եւ բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետն է եղել։ Ուստի սպասվում էր, որ խորհրդարանականներից մեկի մտքով կանցնի նրան հարցնել «գոմեշի մսի» սկանդալային գործից: Տավարի մսի փոխարեն բանակին գոմեշի միս մատակարարելու հետ կապված քրեական գործը հարուցվեց 2012 թվականի հունիսին՝ Ճաղարյանի պաշտոնավարման ժամանակ։ Խարդախության համար մեղադրեցին ու  դատեցին Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, իսկ ՊՆ պաշտոնյաներից որեւէ մեկին պատասխանատվության չկանչեցին, թեեւ այն ժամանակ էլ, հիմա էլ ոչ ոք չի հավատում, որ առանց ՊՆ-ի իմացության հնարավոր էր նման խոշոր գործարք։ Ըստ դատավճռի՝ պետությանը հասցվել էր 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։ Այսօր, երբ անցել են տարիներ, ճիշտ ժամանակն էր հարցնելու Ճաղարյանին, որն անմիջապես պատասխանատու էր պարենային մատակարարումների համար, թե ինչպես դա հնարավոր եղավ, եւ, առհասարակ՝ խնդրել նրան, որ  մանրամասներ բացահայտի «գոմեշի գործից»։ 

ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտից տնտեսագետ Էդգար Ճաղարյանը սահուն անցում է կատարել բիզնես-ոլորտ եւ անգամ կարողացել է նույն՝ պաշտպանության նախարարությանը երկար ժամանակ ծառայություններ մատուցել՝ որպես գործարար։ Նրան պատկանող «Էրիզ» ՍՊԸ-ն մշտապես հաղթել է ՊՆ մրցույթներում՝ հայտնվելով ՊՆ խոշոր մատակարարների ցանկում։ Լավատեղյակներն ասում են, որ Էդգար Ճաղարյանն այս հաջողություններին հասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկարամյա քարտուղարուհի-օգնական Սաթենիկի հովանավորության շնորհիվ․ նա սույն տիկնոջ քրոջ դստեր ամուսինն է։ Ուստի երկրորդ հարցը նրան պետք է լիներ, թե ինչպես է հաջողել հաղթել ՊՆ կազմակերպած մրցույթներում, եւ արդյոք դա պայմանավորվա՞ծ է եղել իր զոքանչի քրոջ դիրքով ու ազդեցությամբ։ Եվ երրորդ հարցը, որը պետք է հնչեր ԱԺ ամբիոնից, այն է, թե ինչու է այսօր բարեխիղճ մրցակցության մասին ելույթներ ունեցող, մաքուր ու թափանցիկ աշխատելու խոստումներ տվող Ճաղարյանի ընկերությունը հաճախակի խախտումներով աշխատել։ «Էրիզի» վերաբերյալ բազմիցս վարույթներ են հարուցվել պետական մարմիններում։ 

Մասնավորապես, 2015 թ․ նոյեմբերին «Էրիզը» խեկ տեսակի ձուկ է ներկրել Մեքսիկայից, եւ իր իսկ դիմումով «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիան եզրակացություն է տվել, որ ձուկը նեխած է։ Բայց փոխանակ ոչնչացնի ձուկը, «Էրիզը» դիմել է մեկ այլ լաբորատորիայի եւ այս անգամ արդեն դրական պատասխան ստանալով՝ փչացած ձուկն ուղարկել է զորամասեր։ Այս մասին ժամանակին գրել էր «Առավոտը»։ Այլ տեղեկություններ եւս կան՝ խախտումների մասին վկայող։ Մեր տեղեկություններով, այս պահին եւս «Էրիզ» ՍՊԸ-ն խոշոր մատակարար է եւ պատվերներ ունի պաշտպանության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից։ Եվ վերջապես՝ չորրորդ հարցը, որը պետք է հնչեր ԱԺ ամբիոնից, այն է, թե ինչպես կարող է անցյալում բիզնես-գործունեություն ծավալած անձը անկախ հանձնաժողովում բիզնեսի վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնող պաշտոնյա դառնալ, եւ ինչ կանի նա, եթե իր հիմնադրած կամ իր հովանավորության տակ գտնվող կազմակերպության շահերը բախվեն մեկ այլ ընկերության շահերին։  

Էդգար Ճաղարյանի վերաբերյալ փորձեցինք ստանալ Ճաղարյանի մեկնաբանությունը։ ՍԱՊԾ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նախ խոստացավ հարցերը նրան փոխանցել, իսկ հետո պատասխանեց․ «Ճաղարյանն արդեն մեր աշխատակիցը չի, եւ վստահ չեմ, որ ուղարկածդ հարցերին կպատասխանի։ Մարդը դիմում է գրել»։ 
Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի ժամկետով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ առաջադրեց նաեւ տնտեսական գիտությունների թեկնածու, ֆիննախի, սփյուռքի նախարարությունների, ՊԵԿ ներքին աուդիտի վարչության նախկին աշխատակից Կարեն Սեդրակյանին։ Նրա վերջին պաշտոնը եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սեդրակյանը եւս որոշ առնչություն ունի բիզնես-աշխարհին՝ նա դուռ-պատուհան արտադրող «Պրոֆ ալ» ընկերության ղեկավար Արթուր Սահակյանի փեսան է։ Այսպիսով, ՏՄՊՊՀ անդամների թափուր տեղերը կարելի է համարել լրացված՝ փեսաներով։