Կբանակցի Պուտինի հետ

Կբանակցի Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահի թեկնածու, հումորիստ շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է արեւմտյան պետությունները ներկայացնող դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որ եթե հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում եւ դառնա Ուկրաինայի նախագահ, պատրաստվում է բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Strana.ua-ն։

Հիշեցնենք, որ թեեւ լուրը մամուլի էջեր է թափանցել հիմա, սակայն հանդիպումը Զելենսկու եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ տեղի է ունեցել հունվարի 23-ին։ Հանդիպման նախաձեռնությունը եղել է արեւմտյան տերությունները ներկայացնող դեսպաններինը։

Հայտնի է, որ դեսպանները տարակուսած են եղել հանդիպման արդյունքներից, իսկ Զելենսկին էլ եղել է հուզված եւ խոսել է շատ խուսափողական կերպով։ Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ Ֆրանսիայի դեսպան Իզաբել Դյումոնը հարցրել է, թե ինչպես է պատրաստվում Զելենսկին լուծել Դոնբասի խնդիրը, եթե ընտրվի նախագահ, Զելենսկին ասել է, որ պատրաստվում է բանակցել Պուտինի հետ, ինչից հետո դեսպանները հարցրել են, թե դրանից հետո չի՞ վախենա ծայրահեղական տրամադրություններ ունեցող խմբերի արձագանքից։