Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրում են սպանության մեջ․ նա չի մեկնաբանում 

Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրում են սպանության մեջ․ նա չի մեկնաբանում 

Ռուսաստանում ապրող Էդուարդ Պողոսյանը դիմել է վարչապետի պաշտոնակատարին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին՝ նշելով, որ հաղորդում է տալիս հանցագործության մասին։

Պողոսյանը իր դիմումում աղմկահարույց հայտարարություններ է անում, մասնավորապես, ԱԺ  նախկին պատգամավոր
 Հրանտ Գրիգորյանին մեղադրում է իր հորը՝ Մհեր Պողոսյանին, սպանելու մեջ։ Ի դեպ, նշենք, որ Հրանտ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։

Ըստ Պողոսյանի՝ հայրը սպանվել է 1994 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնում։ Դրանից հետո ինքը ընտանիքի անդամների հետ լքել է Հայաստանը, ինչպես Պողոսյանն է նշում՝ իր անվտանգությունից ելնելով․ «Հայրիկիս անժամանակ մահից հետո, ես՝ մորս և երկու մանկահասակ եղայրներիս հետ միասին ստիպված ենք եղել լքել մայր հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Իմ հարազատ Էջմիածին քաղաքում մինչ օրս յուրաքանչյուրին է հայտնի, որ հայրս սպանվել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կողմից: Մասնավորապես, դեպքից հետո այդ զարհուրելի ոճրագործությանը ականատես անձինք իմ ընտանիքին պատմել են, որ հայրս սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճ տարածքում այդ տարիներին գործող, ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում, երբ փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել: Նույն ժամանակ ռեստորանային համալիրում են գտնվել և դեպքին ականատես եղել նաև հորս վարորդը՝ Գևորգը, համաքաղաքացիներ «Քիթ Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանը և Հրաչիկ Կարճիկյանը: 

Միջամտելով վիճաբանությանը՝ հայրս փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից, որոնցից մեկը դիպել է կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին, հայրս տեղում մահացել է»: 

Պողոսյանի խոսքով՝ իր ընտանիքը տարիներ շարունակ վախեցել է բարձրաձայնել այդ մասին, իսկ այժմ, երբ տեղի է ունեցել հեղափոխություն, ինքը պատրաստ է վերադառնալ Հաաստան եւ պատմությունը ներկայացնել իրավապահներին․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարիներին իմ քաղաքում հաստատված ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի շնորհիվ Մանվել Գրիգորյանին ու նրա գերդաստանին թույլատրված է եղել ընդհուպ մինչև մարդ սպանել և անպատիժ մնալ, այդ իսկ պատճառով դեպքից հետո պապիկս, ինչպես նաև մայրս, իմ և եղբայրներիս անվտանգությունից ելնելով, տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին վախեցել են բարձրաձայնել և Մանվել Գրիգորյանի ու ոճրագործի սպառնալիքների ազդեցության ներքո լռելյայն տարել են այն հորինված վարկածը, որ իբր հայրս սպանվել է Արցախյան գոյամարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս: Այն մասին, որ իբրև հայրս զոհվել է վերը նկարագրված՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, ես իմացել եմ արդեն հասուն տարիքում՝ մեր տան արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ: Մասնավորապես, զավեշտալի է, բայց փաստ, որ «3 մարտ 1993թ» թվագրմամբ հիշյալ փաստաթղթի համաձայն, որն ի դեպ ստորագրված և կնիքված է այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ա.Պետրոսյանի կողմից, հիշյալ փաստաթուղթը ստորագրելու օրվա՝ այսինքն 1993 թվականի մարտի 13-ի դրությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի հիշյալ տեղակալին արդեն իսկ հայտնի է եղել, որ հայրս շուրջ մեկ տարի մեկ ամիս երեք օր անց այսինքն՝ 1994 թվականի ապրիլի 16-ին, զոհվելու է մարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչի մասին է վկայում հիշյալ փաստաթղթում առկա գրառումը /փաստաթղթի պատճենը կցվում է։ Մեր ընտանեկան այս մեծ ողբերգության մասին պապիկս իր կենդանության օրոք վախեցել է բարձրաձայնել՝ տեղի տալով Մանվել Գրիգորյանի ու նրա եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի սպառնալիքներին՝ չցանկանալով նաև նրանց հակառակվելու դեպքում վտանգի տակ դնել իմ և եղբայրներիս կյանքը: Հետագայում՝ պապիկիս մահից հետո մայրս նույն պատճառաբանությամբ վախեցել է բարձրաձայնել հայրիկիս սպանության իրական մեղավորի և տեղի ունեցած ոճրագործության իրական մանրամասների մասին: Այսօր, երբ ՀՀ-ում հաստատվել է լեգիտիմ իշխանություն, իմ ընտանիքի մոտ հույս է արթնացել, որ դեպքից շուրջ 24 տարի անց, ի վերջո, արդարությունը կվերականգնվի և հայրիկիս դաժան սպանության համար մեղավորը կկրի իր արժանի պատիժը: Վերոգրյալի հիման վրա՝ խնդրում եմ, սույն դիմումս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և դրան ընթացք տալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միաժամանակ պատրաստակամություն եմ հայտնում քննիչի առաջին իսկ կանչի դեպքում վերադառնալ ՀՀ և ներկայացնել դեպքի վերաբերյալ ինձ հայտնի մանրամասները, որոնք արդեն իսկ նկարագրել եմ սույն հաղորդմանս մեջ»:

Հրանտ Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ այդ թեմային. «Լավ եղեք, ցտեսություն, հաջողություն։ Չեմ պատասխանում»։

Դիտարկմանը՝ Ձեզ մեղադրում են սպանություն կատարելու մեջ, Գրիգորյանն արձագանքեց․ «Լավ ա անում, իր իրավունքն ա, լավ եղեք»,-ավելացրեց նա եւ անջատեց հեռախոսազանգը։