Լուսինե Սահակյան, Տիգրան Աթանեսյան․ շարքը կարելի է շարունակել

Լուսինե Սահակյան, Տիգրան Աթանեսյան․ շարքը կարելի է շարունակել

Մեր փրկությունն անկախ, ինքնուրույն, ինքնաբավ մարդկանց քանակի ավելացումն է։ Որքան նման մարդիկ շատ լինեն եւ որքան նրանք զերծ լինեն տարբեր ճնշումներից, այնքան արագ մեր հասարակությունը կդառնա քաղաքակիրթ եւ առաջադեմ։

Այս առումով, նորմալ երկրներում ուղղակի կուրախանային, որ կան դատավորներ, որոնք համարձակվում են չկատարել իշխանությունների կամքը։ Կարեւոր չէ՝ ովքեր են իշխանության գլխին։ Կամակատար դատական համակարգերում, որտեղ իշխանությունների կամքը օրենքից վեր է, սովորաբար, կատարում են հենց բարձր իշխանությունների ցանկությունները, այլ ոչ թե նախկինների՝ ինչպես պնդում են ոմանք։ Նրանք, ովքեր համարձակվում են չկատարել իշխանությունների կամքը՝ ուղղակի զրկվում են դատավորի կարգավիճակից։ Երբ դատավորը՝ այդ վախն աչքի առաջ, գնում է իշխանությունների կամքին դեմ, կնշանակի համակարգը առողջացման նշաններ է դրսեւորում եւ հույս կա, որ մեկ-երկու օրինակը վարակիչ կլինի եւ մյուսներն էլ առաջիկայում կհետեւեն նրանց ու մենք մի օր կունենանք, իրոք, անկախ դատական համակարգ։ Մանավանդ մեծ խելք պետք չի՝ հասկանալու համար, որ այս լարված, չարացած մթնոլորտում բացառված է, որ, ասենք, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կաշառքի կամ ճնշումների արդյունքում կայացված լինի։ Նման «ինքնասպան» դատավորներ մեզանում չկան, որովհետեւ երբ ռեալ վտանգ կա աթոռիդ նկատմամբ եւ այդ վտանգը թելադրում է կալանքի սանկցիա տալ, հակառակն անելու համար ոչ միայն խիզախություն է հարկավոր, այլեւ բյուրեղյա մաքրություն, որ մի փոքրիկ շանս լինի, որ սույն դատավորը չի զրկվի իր կարգավիճակից, չի հայտնվի բանտում, նրա մերձավորները չեն հալածվի եւ այլն։

Մեր փրկությունը նաեւ փաստաբանների ու լրագրողների ինքնուրույնության ու անկախության մեջ է։ Երբ տեսնում ես, որ կոնկրետ փաստաբանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանին է պաշտպանել եւ հիմա կարող էր, ասենք, Նիկոլայ Բաղդասարյանի նման առնվազն պատգամավորի մանդատ ունենալ կամ՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակ, բայց քննադատում է վարչապետին՝ սխալ քայլերի համար, հասկանում ես, որ փաստաբանական դպրոցը կայացել է։ Ոչինչ չէր խանգարում փաստաբան Լուսինե Սահակյանին, ով մարտի 1-ի գործով Փաշինյանի պաշտպանն էր եւ դաժան՝ անհավասար մարտեր էր մղում մեղադրողների ու դատավորների դեմ, պաշտպանելով Մարտի 1ժ-ի գործով մեղադրյալ Նիկոլ Փաշինյանին, անվերապահորեն աջակցել իշխանությունների վեթթինգի եւ մյուս քայլերին։ Դրա դիմաց նա կարող էր եւ բարձր պաշտոն ստանալ, եւ լիքը արտոնություններ, եւ կայուն եկամուտ։ Բայց նա քննադատում է իշխանություններին՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հետապնդումներին, դրանք որակելով «խայտառակություն»։ «Նույնիսկ նախկին իշխանությունների օրոք նման բան չէինք կարող սպասել, քանի որ ակնհայտ է, որ Դավիթ Գրիգորյանը հետապնդվում է իր կողմից կայացված որոշումների համար և կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումների համար․․․«Մենք չտեսանք, որ հետապնդվեն այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինություններ են իրականացնում, փաստորեն այդ բոլոր դատավորները ձեռնտու էին իշխանություններին, նրանք բնականաբար նրանց կամակատարն էին», ասում է հայտնի փաստաբանը։ 

Իշխանափոխության առաջին իսկ օրերից առողջ եւ տեղին քննադատությամբ է հանդես գալիս նաեւ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պաշտպանը, ով ուղեկցում էր նրան դատախազություն մտնելիս՝ երբ նա 2009-ին ընդհատակից դուրս եկավ եւ հանձնվեց իշխանություններին՝ Տիգրան Աթանեսյանը։ Վերջինս նաեւ երկար տարիներ «Հայկական ժամանակ» օրաթերթին էր իրավաբանական աջակցություն ցույց տալիս։ Սրանք այն անձինք են, ովքեր մարդու կողքին կանգնում են նեղության պահին, այլ ոչ թե այն ժամանակ երբ նա իշխանության է գալիս եւ աչք չեն փակում նրա սխալների վրա, որովհետեւ ճշմարտությունը եւ պրոֆեսիոնալ ազնվությունն ավելի կարեւոր բան է։ 

Էլի կան նման մարդիկ, ում համար կարեւորը սկզբունքն է, իրավական նորմերը, հանրային շահը, այլ ոչ թե իրենց անձնական բարեկեցությունը։ Հենց նման մարդկանց շնորհիվ է մեր երկիրը կայանալու եւ առաջ գնալու։