Ռուստամ Բադասյա՞ն՝ չեմ ճանաչում

Ռուստամ Բադասյա՞ն՝ չեմ ճանաչում

Շուրջ 10 իրավապաշտպանից ու փաստաբանից փորձեցինք տեղեկանալ՝ ի՞նչ կարծիքին են Նիկոլ Փաշինյանի կառավարության 27-ամյա նոր անդամի՝ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի մասին։ Իրավական ռեֆորմների այս պատասխանատու փուլում կկարողանա՞ նա կատարել նախարարի բարդ ու պատասխանատու աշխատանքը։

Մի քանի հեռախոսազանգից հետո դեժավյուի զգացողություն էր՝ «չեմ ճանաչում, չգիտեմ»։ Նմանատիպ պատասխաններ ստացանք իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանից, Զարուհի Հովհաննիսյանից, Ռուբեն Մարտիրոսյանից, մոտ մեկ տասնյակ փաստաբաններից՝ Երվանդ Վարոսյանից մինչև Գևորգ Գյոզալյան։ Այն տարբերությամբ, որ Գևորգ Գյոզալյանը չի ճանաչում, բայց լավ բաներ է լսել։ 

ԵԾԿ նախագահ, ներկայումս փաստաբանական գործունեությամբ զբաղվող Զարուհի Փոստանջյանն էլ ասաց․ «Անհայտ է։ Ռուստամ Բադասյա՞ն, որևէ բան չեմ լսել իր գործունեության վերաբերյալ»։ Հարցին, թե դա լա՞վ է, թե՞ վատ, և եթե վատ է՝ ում համար, Փոստանջյանը պատասխանեց, որ ամեն դեպքում, պատշաճ պաշտոնավարելու, հանրությանը որակյալ ծառայություններ մատուցել կարողանալու համար պետք է մասնագիտական ու քաղաքական փորձ։ «Եթե մենք ցանկանում ենք որակյալ կառավարում, այն ունի պարտադիր պահանջներ, որոնք չեն կարող ապահովվել պատահականության սկզբունքով»,-ասաց նա։ 

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն էլ ասաց․«Նոր նախարարին չեմ ճանաչում, ազգանունն էլ չեմ լսել։ Մեր մեջ ասած, իմ 23 տարվա պրակտիկան ցույց է տվել, որ նախարարը որևէ դեմք չէ այդ համակարգում»։ 

Ժաննա Ալեքսանյան․«Չեմ կարող ոչ դրական գնահատել այդ նշանակումը, ո՛չ բացասական։ Չեմ ճանաչում ընդհանրապես՝ ո՞ր ոլորտում էր աշխատում, ի՞նչ էր անում։ Ինձ ամենաշատը մտահոգում է՝ կկարողանա՞ արդյոք այդ երիտասարդ նախարարը համակարգել քրեակատարողական ծառայությունը։ Դա շատ դժվար աշխատանք է, մենք տեսանք, որ Արտակ Զեյլանյանն անգամ չհաղթահարեց և ինձ համար ամենակարևոր կարողությունը նախարարի դա պիտի լիներ։ Մենք գիտենք, որ տարիներ շարունակ ՔԿՀ-ն չի ենթարկվում նախարարին։ Ինքնուրույն մի կառույց է՝ շատ բարդ, կոռումպացված և չգիտեմ․․․ շատ կուզենայի, որ կարողանար տիրապետել»։ 

Բադասյանի մասին միայն լավը լսած Գևորգ Գյոզալյանն էլ հույս է հայտնում, որ նա նորմալ կաշխատի։ Տարիքի հետ կապված էլ ասաց․«Տարիքը կարևոր է, բայց ոչ բեկումնային։ Ես երբ հիշում եմ մեր վերջին նախարարներին, անկեղծ ասած՝ բոլորը, ովքեր ունեին այդ չափանիշները՝ տարիքով էին, կենսափորձով և այլն, բոլորից դժգոհ եմ եղել։ Մենք և՛ վունդերկինդ նախարար ենք ունեցել, փորձով և այլն, հազարումի նախարար, բայց, անկեղծ ասած, չեմ հիշի մեկին, որի գործունեությունից գոհ եմ։ Դրա համար զգուշավոր կլինեմ, որևէ գնահատական չեմ տա նոր նախարարի հետ կապված։ Հուսով եմ, որ կկարողանա իր առջև դրված խնդիրները բարձր մակարդակով լուծի»։ 

Նշենք, որ 27-ամյա նախարարն իր ֆեյսբուքյան պատին վերջին օրերին այնքա՜ն համոզիչ հերքում էր հնարավոր նշանակումը, գրելով․«Վերջին շրջանում ֆեյսբուքի տիրույթում որոշել են ինձ նշանակել պետական տարբեր պաշտոնների»: Նաև լրագրողներին առաջարկել էր համապատասխան ուսումնասիրություն անցկացնելուց հետո տրամադրել (ռենտգեն նկարներին և բժշկական եզրակացություններ այն մասին, թե ինչու է զինվորական ծառայությունից ազատվել։