Անհանգստանալու հիմքեր չկան․ Վլադիմիր Կարապետյանը փարիզյան հանդիպման մասին

Անհանգստանալու հիմքեր չկան․ Վլադիմիր Կարապետյանը փարիզյան հանդիպման մասին

ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հունվարի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը համարում է նորմալ, տրամաբանական պրոցես։ 
«Հայտարարությունը նորմալ է, անհանգստանալու հիմքեր չկան, նորություններ պարունակող ոչինչ տեղի չի ունեցել։ Եղել է հանդիպում, կա պայմանավորվածություն առաջիկայում այդ պրոցեսը շարունակելու համար»,- այս տպավորությունն է ստացել Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք նշմարվո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկար, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Եթե Ադրբեջանը մոտեցնի իր դիրքորոշումը Հայաստանի դիրքորոշմանը, ապա կնշմարվի այդ հեռանկարը։ Մնում է հասկանալ, թե արդյոք որքանո՞վ է Ադրբեջանի դիրքորոշումը համապատասխանում այն շեշտադրումներին, որոնք անում է Հայաստանի իշխանությունը»։ Նրա դիտարկմամբ՝ շարունակվում է 1994 թվականի զինադադարին հաջորդող խաղաղությանը հասնելու գործընթացը։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած Ադրբեջանի արտգործնախարար  Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունը քաղաքագիտական շրջանակներում տարակարծությունների տեղիք է տվել։ Իսկ հաղորդագրության մեջ, ի մասնավորի, նշված է․ «Ավելի քան 4 ժամ տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»։ Այս հայտարարությունը ողջունել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։