Ինչ է արվում ԱՆ-ի կողմից, որպեսզի կորոնավիրուսը չչոքի մեր դռանը

Ինչ է արվում ԱՆ-ի կողմից, որպեսզի կորոնավիրուսը չչոքի մեր դռանը

Հայաստանում կորոնավիրուսի կամ նմանատիպ վիրուսով վարակի դեպքեր առայժմ չեն գրանցվել։ Այսօր ասուլիսով հանդես եկած առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նախ ներկայացրեց հիվանդացության տվյալներն ամբողջ աշխարհում․ հարյուրից ավելի մահացության դեպք և 4500 վարակակիր։ Ըստ որում, Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ կորոնավիրուսն ընդլայնում է սահմանները․ վարակվածության արդեն շուրջ 70 դեպք է գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս․ Թաիլանդ, Ճապոնիա, Հարավային և Հյուսիսային Կորեաներ, Սինգապուր, Մալայզիա, Վիետնամ, Ավստրալիա, Ուկրաինա, Գերմանիա, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի դեռևս 5 դեպք է գրանցվել։ Իսկ Թուրքիայում կորոնավիրուսի կասկածով 10 չինացի և երկու տեղացի են հոսպիտալացվել։ 

Ի՞նչ է արվում Հայաստանի առողջապահության նախարարության կողմից վտանգը կանխարգելու ուղղությամբ։ Նանուշյանը ներկայացրեց․ «Կատարված աշխատանքների մասին հակիրճ ներկայացնեմ, չնայած մեր պաշտոնական կայքում ներկայացված է, մի շարք քննարկումներ են կազմակերպվել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Սննդամթերքի անվտանգության վարչության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է  կայացվել, որ հունվարի 26-ից կարգելվի Չինաստանից կենդանական ծագման մթերքի ու ծովամթերքի մուտքը Հայաստան։  Արտաքին գործերի նախարարության և զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որը տրամադրվում է մեր տուրիստական կազմակերպություններին, որպեսզի իրենք էլ տեղյակ լինեն, և եթե արդեն որոշակի խմբեր այցելել են ու սիմպտոմներ ունեն, անպայման տեղեկացնեն մեզ։ Նաև մշակվել են 4 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն լեզուներով, որոնք տեղադրվել են մեր սահմանային անցակետերում, որպեսզի մեր զբոսաշրջիկները և այցելողները տեղեկացվեն հիվանդության ախտանիշների մասին։ Իրավիճակը քննարկվում է նաև ԵԱՏՄ երկրների հետ»։ Նաև Հայաստան ժամանող ուղևորների ջերմաչափում է տեղի ունենում, ԱՆ-ից սահմաններ փակելու խնդիր առայժմ չեն տեսնում։

Հայաստանի արտգործնախարարությունը Հայաստանում գտնվողներին հորդորել է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, իսկ Չինաստանում գտնվող հայրենակիցներին՝ մշտական կապի մեջ լինել Հայաստանի դեսպանության և արտգործնախարարության հետ։ Չինաստանում 2019թ․ նոր կորոնավիրուսային վարակի տարածման առնչությամբ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես կանխարգելիչ միջոցառում, առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր, որոնք տրամադրվում են համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին (քարտերը լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին)։

ԱԳՆ-ի միջոցով հավաքագրվել է տեղեկատվություն, թե քանի հայ քաղաքացի է գտնվում Ուհան քաղաքում․ 3 ուսանող և 2 պայմանագրային աշխատող։ Նրանց հորդորվել է կապ պահպանել դեսպանատան հետ։ Հայտնվեց, որ Չինաստանում գտնվող հայերը մեկուսացված են, տնից դուրս չեն գալիս, հետևում են սննդակարգին՝ կենդանական ծագման սնունդ չեն ընդունում։ Արդյոք սա բավարա՞ր է։ Հարցն ուղղում ենք առողջապահական կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանին, ով ասաց՝ «վերահսկվում է», բայց չի վերահսկվում։

«Ինչու, որովհետև, նախ, ունենք վարակի կասկածի մեկ դեպք, երկրորդ՝ ունեցել ենք Չինաստանից եկած ահագին մարդկանց քանակ, որ կարանտինի մեջ չեն։ Այսինքն՝ մարդիկ գալիս են Չինաստանից, այդ վիրուսի ինկուբացիոն շրջանը 14 օր է, բայց էդ մարդիկ կարանտինում չեն մնում։ Ու եթե վաղը, մյուս օր մեր մոտ դեպք գրանցվի, մենք պետք է հասկանանք՝ որտեղից է»։

Այսինքն՝ Գևորգ Գրիգորանի խոսքով՝ բավարար վերահսկողություն չի իրականացվում։ Նա նաև նկատեց, որ իր ողջ ասուլիսին Լենա Նանուշյանն ասում էր, թե ԱՀԿ-ն ինչ է անում, Չինաստանը՝ ինչ։ Իսկ Հայաստանն ի՞նչ է անում։ «Մենք չգիտենք, որովհետև իրենք ոչ տեստերն ունեն, ոչ կարող են ախտորոշել, ոչ դրա բուժման մեթոդ կա․․․ այսինքն՝ եթե մեզ մոտ դա սկսվեց, շատ մարդկանց կյանքեր է տալու։ Ըստ որում, հաշվի առեք, որ դա գրիպի տեսակ է, իսկ մենք գրիպի պատվաստանյութ ուշացումով ենք ստացել, ուշացումով պատվաստվել, դրա համար էլ հիմա էլ ունենք խնդիր ընթացիկ այս գրիպի հետ կապված, քանի որ սա էլ շատ ծանր են տանում մարդիկ»։

Ամփոփելով՝ նա ասաց, որ եթե հանկարծ մեզ մոտ դեպքեր գրանցվեն, Հայաստանին այնպիսի մարտահրավեր կսպառնա, որի տակից, բժշկի կանխատեսումներով՝ չենք կարողանալու դուրս գալ։
Իսկ ինչ է առաջարկում նա։ Այն է, որպեսզի Չինաստանից բոլոր ժամանողների նկատմամբ 14 օրով սահմանվի կարանտին։ 

«Ինկուբացիոն շրջանը 14 օր է, նորից եմ ասում, մարդկանց մոտ կարող է տասը օրից դրսևորվի, օդակայանում ջերմաչափում անելը շատ քիչ է»,-ասաց նա։