Սամվել Ալեքսանյանն ու Համլետ Ղուշչյանն այս շաբաթ կառերեսվեն

Սամվել Ալեքսանյանն ու Համլետ Ղուշչյանն այս շաբաթ կառերեսվեն

Մեր տեղեկություններով՝ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի առևանգման գործով նախաքննական մարմինն այս շաբաթ առերեսելու է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ Ղուշչյանին․ նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան։ Դեռեւս հայտնի չէ, թե որ օրը տեղի կունենա առերեսումը։

Նշենք, որ Համլետ Ղուշչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ տարիներ առաջ Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել: Հեռուստալրագրողի այդ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել։ Մինչդեռ Ալեքսանյանը հերքում է Ղուշչյանի հայտարարությունը՝ ասելով, թե ինքը Ղուշչյանին երբևէ չի հանդիպել ու նրան միայն հեռուստատեսությունից գիտի։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Սամվել Ալեքսանյանն այս գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով։