Ինչո՞ւ չեն գալիս ներդրողները

Ինչո՞ւ չեն գալիս ներդրողները

Երբ ծրագրում ես «տնտեսական հեղափոխություն» անել եւ ցանկացած առիթն օգտագործում ես ներդրողներին Հայաստան հրավիրելու համար, անգամ նեղվում ես, թե ինչու ներդրումներ չեն հոսում դեպի Հայաստան, պետք է հասկանաս դրա պատճառները։

Դրանց մի մասը, իհարկե, օբյեկտիվ են՝ չավարտված պատերազմով, ռուսական ներկայությամբ, ինֆրաստրուկտուրաների անկատարությամբ, պետական ապարատի կոռուպցիայով ու բյուրոկրատացմամբ պայմանավորված։

Բայց կան նաեւ սուբյեկտիվ՝ հեղափոխությունից հետո ծագած խնդիրներ, որոնք մեծապես վնասում են տնտեսական աճին եւ մեր երկրի բարի համբավին։ Դա հիմնականում օտարերկրյա կապիտալով կամ միջազգային դոնորների մասնակցությամբ իրականացվող պրոյեկտների հետ է կապված։

Ոչ մի նորմալ բիզնեսմեն եւ խոշոր ընկերություն չի գա մի երկիր, որտեղ կա «Լիդիան Արմենիա»-ի, «Սանիթեք»-ի, «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղու», «Թեղուտի» եւ շատ այլ ընկերությունների «պատմական փորձը»։ Ընկերություններ, որոնք լուրջ խնդիրներ ունեն «Նոր Հայաստանում», եւ այդ խնդիրները չեն լուծվում օրենքի եւ տրամաբանության շրջանակներում։

Ընկերություններ, որոնք մեծ գումարներ են կորցրել այս ամիսներին, հայտնվել իրավապահների տեսադաշտում, սահմանափակումների ենթարկվել։ Ընկերություններ, որոնք չգիտեն՝ չեն կարողանում պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է պատկերացնում իրենց հետագա ճակատագիրը Հայաստանում, խաղի ինչ կանոններ է սահմանել, եւ կարողանալո՞ւ են արդյոք իրենք շահույթ ապահովող գործունեություն ծավալել, թե՞ մի օր վաճառելու կամ հանձնելու են իրենց ունեցվածքը եւ ձեռնունայն հեռանան մեր երկրից։

ՀՀ կառավարության ներկայացուցիչները նրանց հոդաբաշխ պատասխաններ չեն տալիս, նրանց հետ չեն աշխատում, նրանց խնդիրների լուծմամբ չեն զբաղվում։