Էլ ի՞նչ անի Ստեփանը, որ ազատ արձակվի. Նաիրա Զոհրաբյանը՝ ցմահ դատապարտյալի մասին

Էլ ի՞նչ անի Ստեփանը, որ ազատ արձակվի. Նաիրա Զոհրաբյանը՝ ցմահ դատապարտյալի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց ցմահ դատապարտյալների ազատ արձակման վերաբերյալ՝ նշելով, որ ներման հանձնաժողով փաստացի չի աշխատում, մոտ 130 ներման խնդրագրից ընդամենը երկուսին է նախագահի կողմից ներում շնորհվել։

Ուստի հետաքրքվեց, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը։ Մինչ նախարարը կպատասխաներ, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ իր կողմից հավելեց՝ իր տեսակետը հայտնելով, թե ինչու այդպես եղավ, երբ 133 ներման խնդրագրից երկուսն էր բավարարվել։ «Ես իմ անձնական կարծիքն ունեմ՝ ինչու էդպես եղավ, որովհետև մեկ ցմահ դատապարտյալի վերաբերյալ արտահոսքը, որը հանրային էսկալացիա բերեց, ուղղակիորեն վնասեց նաև մյուս գործերին, որովհետև ես վստահաբար գտնում եմ, որ Ստեփան Գրիգորյանը, որին բոլորս ճանաչում ենք, պիտի ներվեր։ Միանշանակ։ Բայց ես կարծում եմ՝ էստեղ իշխանությունը, չասեմ՝ վախեցավ, բայց չփորձեց գնալ հանրային էսկալացիայի ճանապարհով, այլ փորձեց գնալ համահարթեցման ճանապարհով, ու որպեսզի հետո չլինեն նորից էմոցիաներ, որոշեց բոլորին մերժել»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ երբ ինքը նախորդ գումարման խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր էր, ինքն այս հարցադրումը արել է և առաջարկությամբ հանդես է եկել, որպեսզի հավասարակշռվեն նաև տուժողի շահերը և զգացմունքները։ Նաիրա Զոհրաբյանը նորից անդրադարձավ այս հարցին, մասնավորապես՝ Ստեփան Գրիգորյանի ազատ արձակմանը՝ հարցնելով․ «Էլ ի՞նչ անի Ստեփանը, երբ ինքը բոլոր իրավական ճանապարհները սպառել է, ռիսկեր չունի, կարցեր չունի, որ ազատ արձակվի»։

Զեյնալյանը դարձյալ որևէ սպառիչ պատասխան չտվեց՝ հիշեցնելով, որ ինքը՝ որպես արդարադատության նախարար, կաշկանդված է իր կարգավիճակով, և իր դիրքորոշումները՝ որպես իրավապաշտպան, պիտի տարբերվեն նախարարի դիրքորոշումից։ «Մենք կարող ենք նայել օրենսդրությունը՝ արդյոք տարբերակվա՞ծ է սովորական դատապարտյալների և ցմահ դատապարտյալների պարագայում, արդյոք պահպանվե՞լ են դրանց հիմքերը, եթե կա տարբերակված մոտեցում և հիմքերը պահպանվել են, ապա կանդրադառնանք նաև այդ խնդրին»,-անորոշ պատասխանով հարցը ցրեց նախարար Զեյնալյանը։