Հանդիպումից ակնկալիքներ չկան

Հանդիպումից ակնկալիքներ չկան

Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Ադրբեջանի, Ռուսաստանի պաշտոնական եւ փորձագիտական շրջանակները պնդում են, որ բանակցություններում քննարկվում են բովանդակային խնդիրներ, ինչը հայկական կողմը միանշանակ ժխտում է: Օրերս բովանդակային բանակցությունների մասին խոսեց նաեւ ԵՄ հանձնակատար Ֆ. Մոգերինին: Բոլոր դեպքերում, հայաստանյան թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական փորձագիտական շրջանակները կարծում են, որ վաշինգտոնյան հանդիպումը, ինչպես մյուս բոլոր հանդիպումները, շատ մեծ տեղաշարժ չի արձանագրի: Մեզ հետ զրույցում նմանատիպ կարծիք հայտնեց նաեւ քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը. «Չունեմ ակնկալիք՝ բանակցային գործընթացի առաջմղմանն առնչվող, իսկ եթե հանդիպումը բերի նրան, որ վերջին շրջանում նկատվող սահմանային լարվածությունը վերացվի, կլինի շատ դրական»:

Դա չի՞ լինի Դուշանբեի վերելակային հանդիպման հերթական փորձ-շարունակությունը։ «Ժամանակը ցույց կտա, այժմ նկատվում են էսկալացիոն էլեմենտներ. բազմիցս ասել ենք՝ շատ կարեւոր է, որ լիարժեք օրակարգ վերադառնան Վիեննայի-Ժնեւի-Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, եթե այդ առումով հանդիպումն առաջընթաց արձանագրի, դա ամրագրի, ապա հանդիպումը դրական է։ Դրա կողքին որեւէ ակնկալիք չունեմ բանակցային բուն գործընթացից»:

Այդ դեպքում ինչո՞ւ Վաշինգտոնում, եւ` հնարավո՞ր է Ճապոնիայում անցկացվելիք G-20-ի շրջանակներում սպասվող Պուտին-Թրամփ հանդիպմանը ղարաբաղյան խնդիրը եւս քննարկվի։ «Եթե հիշում եք` մնացյալ համանախագահող երկրների տարածքում եղան նման հանդիպումներ, հիմա էլ Միացյալ Նահանգներում է տեղի ունենում: Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրի քննարկմանը, ապա կդժվարանամ ասել. նրանք ունեն հարցերի շատ մեծ օրակարգ, այդ օրակարգում` բավականին թեժ հարցեր, ինչքանով հերթը կհասնի Ղարաբաղին, դժվար կլինի ասել»: