Ամենասարսափելին

Ամենասարսափելին

Երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում վարչապետ նշանակվեց, նրա առաջին որոշումներից մեկը Ստեփանակերտից մի քանի «մաքուր տղայի» մաքսակետերում պաշտոնի նշանակելը եղավ: Ասել կուզեր` չի վստահում ոչ ոքի, բացի ստեփանակերտցիներից:

Մեկին Բագրատաշեն ուղարկեց, մյուսին` Մեղրի, երրորդին` Զվարթնոց: Եւ սկսվեց: Քաղաքական որոշումների վրա ազդեցությունն անցավ ,,մուրադիկ,,-ներին: Երբ վերջերս կարդացի, որ 2016թ. Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Շարժման մի խումբ մասնակիցների, այդ թվում` Մուրադ Պետրոսյանի հետ, իսկույն պարզ դարձավ, թե ինչ որակի խոսակցություն կարող էր լինել: «Մուրադիկ»-ի սիմվոլն ամենասարսափելին է, որ անցած երկու տասնամյակում պարտադրվել է Հայաստանին, հայ ժողովրդին: Երբ երկրից վտարանդվում է Վանո Սիրադեղյանը եւ գաղափարա-քաղաքական դիսկուրսի առանցքային դերակատար է դառնում «Մուրադիկ»-ը, որեւէ խոսք չի կարող լինել ազգային արժեքների, միասնության եւ այլնի մասին:

Երբ բանտերի դռները բացվում են ահաբեկչության համար դատապարտվածների առջեւ, եւ հաջորդ պահին նրանք հայտնվում են իշխանության ամենավերին պաշտոններում, օրինականության եւ արդարադատության մասին պետք է միայն լռել: Երբ Արցախի տասը պաշտոնյայից մեկն է, որ Երեւանի կենտրոնում շքեղ բնակարան եւ մի «թեթեւ» բիզնես չունի, նրանց մտահոգությանը չպետք է հավատալ ոչ այսօր, ոչ վաղը: Երբ արցախյան գերատեսչության մամուլի խոսնակը ոչ նորմատիվ բառապաշարով է խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, պետք չէ նրա հետ կոշտ խոսակցություն ունենալ` ինչպես Դավիթ Բաբայանն է ասում: Պետք է խոստովանել, թե իրականում որ շրջանակների, անձամբ ում մամուլի խոսնակն է նա: Շանթեր մի արձակեք Բելլա Լալայանի ուղղությամբ: Նա ընդամենը կատարող է: Պատվիրատուն «մուրադիկիզմն» է` ստեփանակերտյան այն մոլագարությունը, որ Հայաստանը «մշտապես պետք է կառավարեն ղարաբաղցիները»:

Այդ աղանդավորությունը բուծվել է գրեթե քառորդ դար: Եւ մտադիր չէ զիջել դիրքերը: Որովհետեւ արցախյան հանրությունը նույնպես վարակված է այն ախտով, որ եթե Հայաստանի առաջնորդը ղարաբաղցի չէ, ուրեմն «հողերը կծախեն»: Որովհետեւ նրան այդպես ներշնչել է «մուրադիկիզմը»:

Ամենասարսափելին արժեհամակարգի փլուզումն էր, արցախցիների «ընտրյալության» միֆը: Եթե անգամ այդ արցախցին Մուրադ Պետրոսյանն է: Ամենասարսափելին Մուրադ Պետրոսյանի խորհրդի կարիքն է: Թերարժեքության այդ մակարդակը, որ համառորեն պարտադրվել է հայ ժողովրդին` վերջին քսան-քսանհինգ տարիներին: Չկա Հայաստան-Արցախ հակասություն: Կա «մուրադիկիզմը» միսանաբար մերժելու անհրաժեշտություն: Որպեսզի ամենա-ամենասարսափելին չլինի: