Արտակարգ դրությունը տարածվում է միայն Գևորգ Մուրադյանի վրա 

Արտակարգ դրությունը տարածվում է միայն Գևորգ Մուրադյանի վրա 

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է վերջապես ընտրեր ԵՊՀ ռեկտոր, ինչպես հայտնի է, կրկին հետաձգվել է։ Նիստի օրը նշանակված էր դեռ արտակարգ դրությունից առաջ, այն պետք է կայանար մարտի 23-ին, սակայն հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն տարածեց, որ նիստը հետաձգվում է արտակարգ դրության պատճառով։ Այժմ հայտնի չէ, թե երբ պետք է տեղի ունենա հոգաբարձուների խորհրդի նիստը։ 

Փորձեցինք հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից ճշտել նիստի եւ մրցույթի ընթացքի մասին, սակայն նա, լսելով, որ ուզում ենք հարցեր տալ ԵՊՀ ռեկտորի ընտրության հետ կապված, անջատեց հեռախոսը։ 
Ի տարբերություն ԵՊՀ հոգաբարձուների նախագահի, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շատ ավելի քաղաքավարի գտնվեց՝ ասելով, որ տեղեկություն չունի օրվա մասին, այն հետաձգվել է արտակարգ դրության պատճառով, դեռևս որոշում չկա, թե երբ կլինի․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»,- պատասխանեց Գևորգյանը։ 

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններում ամեն շաբաթ տեղի է ունենում կառավարության նիստ, տեղի են ունենում շատ ավելի բազմամարդ ԱԺ նիստեր, փաստորեն, մինչդեռ 100-ից պակաս անդամ ունեցող ԵՊՀ նիստը չգիտես ինչու հետաձգվում է։ Ստացվում է արտակարգ դրությանը ամենախիստ հետևողը Գևորգ Մուրադյանն է։ 
Հավելենք, որ ԵՊՀ մեր աղբյուրների փոխանցմամբ, Մուրադյանը պատրաստվում է ռեկտորի ընտրությունները հետաձգել մինչև սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներ, ինչը կազդի ընդունելության քննությունների վրա։ Նշենք, որ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ուսումանական հաստատության ռեկտորի պաշտոնակատարը կարող է աշխատել մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, իսկ Գեղամ Գևորգյանը ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականի մայիսի 30-ին՝ Արամ Սիմոնյանի հրաժարականից անմիջապես հետո։ Այսինքն՝ մոտ 1 տարի ԵՊՀ-ն առանց ռեկտորի է գործում, եւ արտակարգ դրության ավարտից հետո ռեկտորի ընտրություն նշանակելու պարագայում, խախտվելու է օրենքը։

Կա մեկ այլ հանգամանք․ բանն այն է, որ ապրիլի մեկին ավարտվել է նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունները, և հայտնի չէ, թե ռեկտորի ընտրությունները ինչպես են կատարվելու։ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանը հաստատեց, որ իր ունեցած տեղեկություններով ավարտվել է խորհրդի լիազորությունների ժամկետը, սակայն թե ինչպես պետք է տեղի ունենա ընտրությունը, և արդյոք գրանցված թեկնածուները կկարողանան մասնակցել մրցույթին, թե՞ նոր մրցույթ պետք է հայտարարվի, պատասխանեց, որ տեղեկություն չունի։ Նույնն ասաց հոգաբարձուների խորհրդի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը․ «Ես չեմ կարող ասել, այդ հարցը նախարարությունից ճշտեք, այդ հարցերով որոշումը նախարարությունն է կայացնում, ես այլևս հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ»,- պատասխանեց Հովհաննիսյանը։ Հարցը փորձեցինք ճշտել նախարարությունից, լրատվական վարչությունից ընդամենը տեղեկացրին, որ «ԵՊՀ ռեկտորի ընտրությունը չի կայացել արտակարգ դրություն հայտարարելուց հետո առաջացած իրավիճակի պատճառով։ Արտակարգ դրության ավարտից հետո իրավական գործընթացների շրջանակում հարցին լուծում կտրվի»։ Նշենք, որ արտակարգ դրության ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը մեկ մրցույթ արդեն կայացրել է՝ Կրթության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի տնօրենի ընտրությունը 

Հիշեցնենք նաև, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։ 

Սակայն ընտրությունների կազմակերպմանը խոչընդոտող մի հանգամանք էլ կա՝ լրացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ժամկետը՝ 5 տարին եւ կառավարությունը պետք է նոր կազմ հաստատի։ Հիշեցնենք, որ այդ կազմի մեկ քառորդը կազմում է պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մեկ քառորդը՝ ուսանողությունը, մյուս կեսին նշանակում է կառավարությունը։