Ռուբեն Վարդազարյանը՝ ԲԴԽ նախագա՞հ

Ռուբեն Վարդազարյանը՝ ԲԴԽ նախագա՞հ

Մենք օրերս գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամների թափուր տեղերը պետք է լրացվեն հետեւյալ համամասնությամբ․ մեկը՝ իրավաբան-գիտնական, որին ընտրելու է Ազգային ժողովը, եւ 3-ը՝ դատավորներ, որոնց ընտրելու է Դատավորների ընդհանուր ժողովը՝ հուլիսի 11-ին։ Հավանական թեկնածուները չորսն են՝ Ռուբեն Վարդազարյան, Դավիթ Բալայան, Սուրեն Մնոյան եւ Մեսրոպ Մակյան։ Գրել էինք, որ մասնավորապես Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին է իշխանությունը տեսնում ԲԴԽ նախագահի պաշտոնին։ Բայց մեր հրապարակման օրերին լրացուցիչ ինֆորմացիա տարածվեց, որ իշխանությունը նորընտիր Գրիգոր Բեքմեզյանին է պատկերացնում այդ պաշտոնում։

Բանն այն է, որ նրան ՀԱԿ շրջանակներն են առաջ մղում՝ նրա քույրն ամուսնացած է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդու՝ Առաքել Սեմիրջյանի հետ։ Բայց քանի որ օրենքը ԲԴԽ նախագահ նշանակելու որոշակի հաջորդականություն է ենթադրում՝ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասում նշված է․ «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»: Այսինքն՝ եթե նախորդ նախագահը եղել է իրավաբան-գիտնական, ապա մյուսը պետք է լինի դատավորների կազմից։ Դա էր պատճառը, որ լուրեր էին շրջանառվում, թե ԲԴԽ-ն թերի կազմով պատրաստվում է նախագահ ընտրել Սերգեյ Չիչոյանին, որպեսզի կազմը համալրվելուց հետո գա արդեն գիտնական-իրավաբանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու ժամանակը, եւ Գրիգոր Բեքմեզյանը բազմի այդ աթոռին։ Բայց հունիսի 17-ին ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց՝ ըստ էության, հաստատելով մեր լուրերը, որ ԲԴԽ ցանկալի թեկնածուն Ռուբեն Վարդազարյանն է, որի միջոցով, փաստորեն, վերջին շրջանում իշխանությունը կառավարում է դատական համակարգը եւ հրահանգներ է իջեցնում դատավորներին, հատկապես, Ռոբերտ Քոչարյանի գործով։

Հունիսի 27-ի հայտարարության մեջ ԲԴԽ-ն գրում է․ «․․․Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթակա են համալրման համապատասխանաբար Ազգային ժողովի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որպիսի պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հնարավոր չէ անցկացնել Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, եւ ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց. 

1․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցին անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում»:
ԲԴԽ թափուր տեղերը մինչեւ հուլիսի վերջը կհամալրվեն, այդ ժամանակ կընտրվի նոր նախագահ, եւ ԲԴԽ-ն ձեռնամուխ կլինի իշխանական վեթթինգի եւ մյուս անհրաժեշտ գործառույթների իրականացմանը։