Դա ես Ձեզ խոստանում եմ․ Թագուհի Թովմասյան

Դա ես Ձեզ խոստանում եմ․ Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանին հարցրինք, թե ի՞նչ ծրագրեր ունի՝ մարզում զբաղվածության մակարդակը բարձրացնելու համար՝ նկատի ունենալով, որ արտագնա աշխատանքների մեկնողների թվով Գեղարքունիքի մարզը, թերևս առաջիններից  է, եթե ոչ առաջինը․ 

«Ճիշտը ասեմ՝ ես արդեն ունեմ բազմաթիվ առաջարկներ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների կողմից, ովքեր որ եկել են և ինձ առաջարկում են իրենց օգնել, ուղղություն տալ և հուշել, թե ինչպես կարելի է Հայաստանում զարգացնել բիզնես։ Ուզում են այստեղ արտադրություններ հիմնել, նաև իրենց միջոցով կփորձեմ մարզում մինի ձեռնարկությունների միջոցով զբաղվածության հարցը լուծել։ Իմ առաքելությունը պետք է ընդամենը լինի միջնորդի դերը, որովհետև պատգամավորի գործառույթը շատ լայն չէ, բայց որպես միջնորդ, որպես գործադիր իշխանության նկատմամբ վերահսկող մարմին, ես կկատարեմ իմ գործառույթը՝ հնարավորինս ինքնազբաղվածություն ունեցողների բարձր մակարդակ ունեցող մարզ ունենալու համար»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիրը։ 

Որպես լրագրող և խմբագիր, Թովմասյանը շատերին է հայտնի, սակայն պարզ չէ, թե ինչպիսի պատգամավորի կերպար կունենա նա։ Իր խոսքով՝ մնալու է լրագրողական արդարամտության շրջանակներում․

«Ես կաշխատեմ իմ կերպարը չկորցնել, դա ձեզ խոստանում եմ։ Ես կմնամ լրագրողի իմ արդարամտության շրջանակներում և նաև կփորձեմ հարցերը կարգավորել փոխհամաձայնության մթնոլորտում։ Դուք երևի նկատեցիք, որ նախորդ տարվա վերջին օրերին Գավառի ճանապարհը որ փակվել էր, 6 ժամ մարդիկ պետական նշանակության ավտոմայրուղին փակել էին, և այնտեղ հնարավոր եղավ լուծում գտնել, բազմակողմանի համագործակցության շնորհիվ մենք կարողացանք լուծում գտնել՝ քաղաքացիների և պետության միջև միջնորդ դառնալով։ Գոհ մնացին իշխանություններն ու գոհ մնաց հասարակությունը։ Պատկերացնում եմ այդպես շարունակել իմ աշխատանքը»։

Թովմասյանին հարցրինք, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԱԺ 3-րդ, ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում՝ նկատի ունենալով, որ, որպես տպագիր մամուլի նախկին ներկայացուցիչ, խմբագիր և լրագրող, մշտապես եղել է ընդդիմության կողքին։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նշել էր, որ իրենց խմբակցության դիրքորոշումն այն է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ ԲՀԿ-ին, բաժին հասնի այդ պաշտոնը։ 

««Իմ քայլը» դաշինքի քաղաքական մոտեցումը դա է, որը Ձեզ փոխանցել է պարոն Միրզոյանը, և կարծեմ՝ նախորդ անգամ էլ է նույն սկզբունքով բաշխվել։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս անգամ փորձ արվում այլ ընկալում տալ, որովհետև, եթե հիշում եք, անցած անգամ նույն ԲՀԿ-ն նույն պատճառաբանությամբ ստացավ այդ մանդատը»։