Հաս Չախալյան․ Չարդուկված պոեզիա

Հաս Չախալյան․ Չարդուկված պոեզիա

*** 
Ես գտել եմ
Աստծո դիմանկարը
օվկիանոսի
ու մեր տան միջեւ,
ուր հայրս 
շոշափում էր
աչքերիս 
արցունքաձկները
մամռոտ շշով....

*** 
Հայրս
արտասվեց
մասուրներ,
երբ անձրեւն էր
միակ
երթուղայինը
տուն վերադառնալու....

*** 
Ես գրեցի
բանաստեղծություն
միայնակ ծառերի մասին,
որոնց չի գրկել
մայրս
երբե՜ք.....

*** 
Արեւը հանում է գլխաշորը
երկնքի,
այստեղ ավազից են մարդիկ,
այստեղ նարնջագույն է ոտնահետքը
միակ Աստծո,
որը անապատն է:

*** 
Մրսում եմ 
Աստծո 
ուսապարկի մեջ, որովհետեւ
ինչ-որ մի տեղ
մայրս սրբեց 
իր կոշիկները 
լռությամբ....

***

Երկնքի ջրիմուռ է մայրս
Խորանում
այն ձկան,
որը թռա՜վ.....

***
Տխուր մարդիկ 
գնալու տեղ չունեն,
երբ կանգնում են 
հայելու առաջ.... 

***
Բալենին ծաղկեց, 
երբ մայրս
փռում էր 
կնճիռների լվացքը 
Աստծո պատշգամբում:

***
Այդ առավոտ չգնացինք կարտոֆիլ հավաքելու 
կոպերիս ցուրտ հողից, 
երբ եղբայրս գրեց ամենաերկար 
շարադրությունը
հորս ոտքերին.
«Արտագաղթ».....
 
***
Կարճ մազերով կանայք 
ունեն երկար հիշողություն,
օժիտ չեն տանում ամուսնանալիս:
երբ երջանիկ են, գանգուր են եւ թրջված, 
սակայն ոչ անձրեւից, այլ տաք ցնցուղից: 

նրանք խաղում են ֆուտբոլ 
առանց գոլ խփելու
եւ լռում են միայն կատվի մլավոցը լսելու համար... 

կարճ մազերով կանայք 
չունեն թարթիչներ, 
որովհետեւ կտրել են դրանք 
արցունքների հետ 
կիսամերկ առավոտվա...

***
«Արտագաղթ»
Մենք քայլում ենք ինչ-որ մեկի 
հայացքի ճանապարհով 
երբ լքում ենք մեզ,
տա՜տ...
ես չգիտեի`
ամենածանր ուղեբեռը սիրտն է, 
որի մեջ արեւը չիր է դառնում 
ծիրանահոտ...
ես կպառկեմ 
ձեռքերիդ դեղին կտուրին, 
ուր հայրենիքը 
արցունքի փոքրիկ հողակտոր է 
միայն՝
հեռվից 
տեսնելու:

***
«Մետաստազ»
Մի օր ես կնստեմ ծնկներիդ 
կանաչ շոգեքարշը, հայրի՛կ,
վերցնելով երազանքի խնձորները
չկերած:
Իմ աչքերի պատուհանից 
փշրվեց երկինքը բառերի արյամբ,
եւ լռությունը ոտաբոբիկ կանգնեց
արցունքների գորգին....
որքա՜ն կարճահասակ ենք, հայրի՛կ, ցավի ուսապարկով,
երբ տանում ենք քարեր հիասթափության`
հավատի ժայռից նետելու,
եւ գիտենք` որբանում է ժամանակը
կիսատող ձեռագրերի երկարությամբ միակ,
որը սիրտն է մեր.....

***
Քաղա՛ք,
երթուղայիններդ խցանվել են իմ մեջ,
սովորեցրիր ինձ խնայել մանրադրամները
մեծ երազանքների համար
առանց խոստանալու,
որ դրանք կկատարվեն:
- Թռչունների հարբուխը չի բուժվում,-
գոռացին դեղատնից երեկ,
երբ հազացի քեզ թաց կոկորդով:
Հիշողության միակ վարորդը դու ես, քաղա՛ք,
որին ոչինչ չեմ վճարել...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ