Ոճի մեջ է

Ոճի մեջ է

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհահատվածում նրա կողմնակիցների ուղղությամբ արձակվել են կրակահերթեր:

Ընդ որում, նշվում են ոչ միայն ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անունները, այլեւ շեշտված է, որ նրանք ծառայում են «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: Թե ինչպես է «գրասենյակը» մեկ օրում անցկացրել սեփական հետաքննություն եւ պարզել ամեն ինչ` համարենք իրենց մասնագիտական գաղտնիքը: Հայտարարության բուն ասելիքը դա չէ, այլ` որ Բաբայանի գրասենյակը «հարձակման ենթարկված տղաներին» անվանում է «պատերազմ անցած եւ զինվորական կառույցներում աշխատած» եւ կանխատեսում, որ «նրանց հակահարվածը ժամանակի խնդիր է»: Սա արդեն, ինչպես ասում են, լիովին ոճի մեջ է: Քաղաքական մրցակցությունը, կարելի է վստահաբար ասել, Սամվել Բաբայանը տանուլ է տվել: Նրան այլ բան չի մնում, քան «ոճային» հայտարարություններ անել, ձեւավորել վախի եւ անառողջ կասկածամտության մթնոլորտ:

Այսինքն, գործընթացները փորձել տանել այն ուղղությամբ, որտեղ անելիք կունենա ոչ թե ազատ քաղաքացին, այլ «պատերազմ անցած եւ զինվորական կառույցներում աշխատած տղան»: Քաղաքականությունն իջեցնել «տղայականի» մակարդակի` ահա թե ինչ նպատակ է հետապնդվում: Եվ, իհարկե, թիրախավորել հանրային ամենալայն աջակցություն ունեցող թեկնածուին` Արայիկ Հարությունյանին: Սա կարող է Արայիկ Հարությունյանի դեմ մեծ խարդավանքի մի բաղադրիչը լինել միայն: Եվ արտառոց է, որ Արցախի քաղաքական ուժերը բախտորոշ իրավիճակում գերադասում են լռել` «Ազատ հայրենիք» կուսակցությանը եւ նրա առաջնորդին մենակ թողնելով քարոզչական այդ մանվածապատ գրոհի դիմաց: Դա դատապարտելի վարք է, որովհետեւ խնդիրը դուրս է Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան մրցակցությունից: Հարցը վերաբերում է Արցախում ժողովրդավարության ապագային: Արցախի ապագային: