Ինտեգրված սոցիալական ծառայությունը ստեղծվում է օդում

Ինտեգրված սոցիալական ծառայությունը ստեղծվում է օդում

Սոցիալական ծառայությունը փորձադաշտ է ամեն մի նոր կառավարության համար: Փաշինյանի վարչապետության օրոք այս համակարգն արդեն երկրորդ հիմնահատակ փոփոխությանն է ենթարկվում: Համաշխարհային բանկը, որը սեր ունի «հիմնահատակ» ծրագրեր ֆինանսավորելու, պահանջում է ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որը կառավարությունը ներկայացնում է վառ գույներով:

Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք այս ծրագրի էությանը, գրել ենք, որ սոցիալական պաշտպանության առանձին մարմինների փոխարեն՝ սոցիալական ապահովության ծառայությունը, բժշկասոցիալական փորձաքննությունը, զբաղվածության ծառայությունը, մարզային սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները միանում են, ստեղծվում է մեկ կառույց՝ միասնական սոցիալական ծառայություն, որը մեկ պատուհանի սկզբունքով է աշխատելու, որ ավելի հարմար լինի քաղաքացիների համար: 

Թե ինչպես կաշխատի այս նոր «պատուհանը», դեռ կտեսնենք, բայց առաջին թերություններն արդեն ի հայտ են եկել: Բանն այն է, որ ինտեգրումը նախապատրաստված չէ՝ նոր կենտրոնները չունեն գրասենյակային տարածքներ, հաճախ տեղավորվում են այլ հիմնարկների շենքերում, հաճախ բազում ծառայություններ ընդհանուր ընդունարան ունեն: Այսպիսի ինտեգրացում ոչ ոք չէր պատկերացնի: 

Կառավարությունն այնքան է շտապել վերցնել Համաշխարհային բանկի փողերը, որ ինտեգրված ծառայությունը ստեղծում է առանց շենքային պայմաններ ապահովելու, այսինքն՝ օդում: Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք համակարգի աշխատակիցներից, 52 կենտրոնից մոտ 20-ը չունի նոր շենք։ Օրինակ՝ Երեւանում Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու, Արաբկիրի, Կենտրոնի, Նորքի ծառայությունները շենքեր չունեն: Մարզերում էլ 12-13 նորաստեղծ հիմնարկներ չունեն տարածք ու աշխատողներին տեղավորում են գոմանման սենյակներում ու շենքերում:

«Կենտրոնների ժողովրդին ժամանակավոր տեղից տեղ են հանում, տեղափոխում։ Ասում են՝ մի տարվա մեջ նոր շենք ենք կառուցելու ձեզ համար, բայց մի տարում չեն հասցնի։ Ծաղկահովիտը, Ապարանը, Ստեփանավանը կիսատ են, Ալավերդին, Սպիտակը շենքեր չունեն, ու էլի շատերը», - հայտնում են համակարգից: Որոշ կենտրոններ հիմա տեղափոխում են ժամանակավոր շենքեր՝ ուր պատահի, իբր մինչեւ նոր կենտրոնի կառուցումը։ «Նոր տարածքներում չկան տարրական կոմունալ ու աշխատանքային հարմարություններ: Կան շենքեր, որտեղ ընդամենը մեկ զուգարան է, չկա ջեռուցում, օդափոխման համակարգ, սանիտարական վատ վիճակ է։ Հասկանալի է, որ այս պայմաններում աշխատանքի արդյունավետության մասին խոսել չի կարելի: 15 քառակուսի մետրի վրա կարող է նստեն 5-6 աշխատող, ինչը համավարակի պայմաններում չարդարացված ռիսկ է ստեղծում: Մանավանդ շահառուներն էլ խոցելի խավից են՝ հաշմանդամներ, հիվանդներ, թոշակառուներ»։ 

Մեր զրուցակցի մտահոգությունները հայտնեցինք աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարին: Մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը մեզ պատասխանեց. «49 տարածքային կենտրոնների մեծ մասի համար շենքերը պատրաստ են: Մյուս մասի համար շինաշխատանքներն ընթացքի մեջ են, մի քանիսի դեպքում էլ՝ նախագծման փուլում: Այն կենտրոնները, որոնց համար նորակառույց շենքերը պատրաստ չեն կամ տեղափոխվել են ավելի լավ պայմաններով գրասենյակներ, քան նախկինն էր, կա՛մ կշարունակեն աշխատել գործող գրասենյակներում: Ամեն դեպքում, շենքային պայմաններին ու դրանց հարմարավետությանը մեր կողմից մեծ ուշադրություն է դարձվում, ու առաջնային է, քանի որ պայմանների անմիջական կրողը ե՛ւ աշխատակիցներն են, ե՛ւ շահառուները»: 

Զարմանալի է, որ Համաշխարհային բանկը հաշվի չի առել շենքային պայմանների հանգամանքը: Արդյոք չէ՞ր կարելի պայմաններն ապահովել, նոր մարդկանց տեղափոխել: «Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածությամբ, շենքերը պետք է պատրաստ լինեն 2022 թվականին: Մենք չենք ուշացրել: Ապրիլի 1-ից միասնական սոցիալական ծառայությունները պետք է աշխատեն: Գուցե ինչ-որ մարդկանց մոտ մտահոգություն կա, որ ապրիլի 1-ից նոր շենքերում չեն լինի, բայց մեծ մասը նորակառույց շենքեր են տեղափոխվել: Նրանք, ովքեր նորակառույց շենքեր չունեն կամ տեղափոխվել են ավելի լավ պայմաններով շենքեր, իսկ ում որ չենք կարողացել ապահովել նոր գրասենյակներով, նրանք աշխատում են նույն տեղերում, որտեղ աշխատել են»: Կան շենքեր, որոնք դեռ նախագծման փուլում են:

Մեր տեղեկություններով, որոնք խոսնակը չհաստատեց, Համաշխարհային բանկին խոստացել էին, որ մինչեւ 2021թվականը շենքերը պետք է պատրաստ լինեին: Սակայն շինարարությունն ավարտել չեն հասցրել եւ հիմա փորձում են ցույց տալ, որ ծրագիրը պատրաստ է, եւ մեկնարկը տրված է: