Ինչո՞ւ ենք սեւ գույնով ասում՝ «այո», թաղո՞ւմ եք անում, ինչ է

Ինչո՞ւ ենք սեւ գույնով ասում՝ «այո», թաղո՞ւմ եք անում, ինչ է

Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի շտաբը բաց մրցույթ էր հայտարարել։ Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկոյի ժամանակ հայտարարվեց, որ հաղթած լոգոյի հեղինակը Garoon գործակալությունն է, որն էլ ստացավ 3 միլիոն դրամի պարգեւը։ Սակայն լոգոն հանրայնացնելուց հետո Ֆեյսբուքում սկսեցին տարածել 1991թ․ թերթերից մեկում հրապարակված Անկախության հանրաքվեի լոգոն, որից ակնհայտորեն երեւում է, որ 2020-ի «Այո»-ի լոգոն 1991-ի լոգոյի գրագողությունն է։ Ստեղծված աժիոտաժից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր էջում տեղադրեց 1991 թ․ լուսանկարը՝ անելով հետեւյալ մակագրությունը․ «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։ 

ՀՀ վաստակավոր նկարիչ, Երեւանի նախկին գլխավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, ով հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Շուշի քաղաքի զինանշանները, նաեւ ձեւավորել է 1991թ․ Հայաստանի անկախության հանրաքվեի միջոցառումները, պլակատները, նույնպես մասնակցել է «Այո»-ի շտաբի հայտարարած մրցույթին եւ ներկայացրել իր տարբերակը։ Ասում է՝ այն, ինչ կատարվեց մրցույթի շուրջ, արտառոց բան է եւ, միանշանակ՝ գրագողություն։ «Այն ժամանակ հիմնականում ովքեր էին ծաղրանկար անում՝ Վովա Աբրոյանը, Պավել Ջհանգիրովը, երեւի նրանք են հեղինակը, որովհետեւ ես այդ ձեռագիրը չունեմ, իմն ավելի շատ պլակատային է։ Ես ուղղակի վրդովված եմ, որովհետեւ եթե արժանի գործ հաղթեր, առաջինը ես կշնորհավորեի նրան, բայց դա շնորհավորելու բան չէ։ Հետո՝ 3 մլն-ն այդ ի՞նչ թիվ է, դրա համար երեւի մասնակիցներն էլ շատ են եղել»,- ասում է նա ու ընդգծում, որ այստեղ հարցը միայն պրոֆեսիոնալիզմն է, ուրիշ՝ ոչինչ․ «Մենք շատ լավ դիզայներներ ունենք, մի 10 հոգու ես գիտեմ, եթե արժանի մեկը շահեր, առաջին շնորհավորողը ես կլինեի»։  

Բացի նրանից, որ լոգոն գրագողություն է, էլ ինչո՞վ է վատը։ «Դրանք բոլորն էլ, այդ թվում՝ 2-3-րդ տեղի աշխատանքները, ինքնուսի գործեր են։ Ամեն մեկին թվում է՝ համակարգչի այդ մուկը որ բռնում են, արդեն դիզայներ են, մինչդեռ մեծ մասը պրոֆեսիոնալ կրթություն չունեցող մարդիկ են։ Դիզայները համակարգչին տիրապետելը չէ, համակարգիչը խելք չունի, խելք ունի անողը, որ աշխատեցնում է համակարգիչը։ Ես խելքի նշույլ չտեսա այդ գործերում։ Ժամանակին էլեկտրական սյուների վրա փակցնում էին «Не Убей» գրություններ, հիմա այդ «այո»-ի լոգոն, կարծես, այդ գրությունը լինի։ Հետո՝ ինչո՞ւ սեւ գույնով, թաղո՞ւմ եք անում, ինչ է։ Ո՞ւր է մեր պետականության եռագույնը, որի մեջ զվարթություն, գույն կա, ինչ է՝ արդեն ամաչո՞ւմ ենք եռագույնից»,- ասում է Արուտչյանն ու հիշում, որ նախկինում մրցույթների դեպքում հրապարակում էին նաեւ ժյուրիի կազմը, ինչըն այս մրցույթի դեպքում չի արվել, եւ պարզ չէ, թե ովքեր են ընդգրկված եղել ժյուրիի կազմում։

Շատ նկարիչների պես, ովքեր կոչ են անում չեղյալ համարել մրցույթը եւ նոր մրցույթ հայտարարել, Արուտչյանը եւս կողմ է դրան, հատկապես նման պլագիատից հետո։ «Պլագիատը հանցագործություն չէ՞ առհասարակ»,- ասում է նա ու նկատում, որ եթե անգամ 2-րդ մրցույթ հայտարարվի, ինքն այլեւս չի մասնակցի։ 

Գերմանական «Դոլչե Վելլե» լրատվական գործակալության հայաստանյան թղթակից, հրապարակախոս Աշոտ Գազազյանն ասում է, որ այդ գործը, որտեղից գողացված է «այո»-ի շրիֆտը, ոչ թե ծաղրանկար է, այլ թերթային պլակատ։

Գազազյանը եւս տարակուսած է, թե ինչպես է հնարավոր պետական մակարդակով նման մրցույթ հայտարարել եւ այդքան ոչ կոմպետենտ ձեւով մոտենալ հարցին, դեռ մի բան էլ՝ համացանցի միջոցով պարզել, հետո էլ փնտրել լոգոյի բնօրինակի հեղինակին։ Նա կարծում է, որ ամեն ինչից բացի, նաեւ շատ քիչ ժամանակ էր տրված նման լուրջ մրցույթի համար։ «Եթե անգամ շրջանցենք հաղթողին, ապա միեւնույն է՝ 2-րդ եւ 3-րդ տեղի աշխատանքներն էլ ամբողջովին ինքնուս գործեր են, որոնք չէին կարող ժողովրդին տանել իրենց հետեւից, իսկ հանրաքվեի նպատակը, կարծում եմ, հենց դրանում է։ Իրենց ներկայացրած «Այո»-ն երբեք չի ընկալվի մտածող մարդկանց կողմից։ Հետո՝ միջոցառման ժամանակ, երբ հայտարարվեց հաղթողի անունը, արդեն այդ լոգոյի պլակատներով դիմավորում էին երեկոյի հյուրերին, այսինքն՝ այդ ամեն ինչը երեւի վաղօրոք պատրաստված էր եւ սպասում էր իր հանդիսատեսին։ Ուրեմն արժե՞ր հայտարարել այդ մրցույթը»։  

Գազազյանը պատրաստվում է ապրիլի 5-ին գնալ եւ ասել՝ «այո», բայց նման լոգոյով այլեւս չի ուզում ասել «այո»․ «Բացի նրանից, որ այն գրագողություն է, նաեւ ակնհայտ վատն է, չի կանչում, չի ոգեւորում, ոչինչ չի ներկայացնում։ Թումոյի ուսանողներին որ տային, նրանք ավելի լավ աշխատանք կանեին»։  

ՔՊ-ի խոսնակ Վահագն Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաղթող լոգոն ընտրել են «Այո»-ի շտաբի համակարգողները, իսկ ժյուրիի նախագահ, որպես այդպիսին, չի եղել։ «Հորիզոնական կառավարման մոդելով ժյուրի է եղել, առանց ղեկավարողի»,- ասաց նա ու ի պատասխան հավելեց, որ մասնագետներ՝ նկարիչներ, դիզայներներ, ժյուրիում չեն եղել։ 

Թե ինչ չափանիշներով են ընտրել, ապա․ «Կոնկրետ չափորոշիչ, որպես այդպիսին, նշված չի եղել մրցույթի հայտարարության մեջ եւ չի կիրառվել նաեւ հաղթողի ընտրության հարցում, ուղղակի ընտրվել է վիզուալ ամենադուրեկան տարբերակը»։ 

Գրագողության բացահայտումից հետո հնարավո՞ր է չեղարկվի եւ նոր մրցույթ հայտարարվի, Վ․ Ալեքսանյանն ասաց․  «Մենք հիմա քննարկում ենք ստեղծված իրավիճակը եւ որոշում ունենալուն պես անպայման կհայտարարենք դրա մասին»։ Հաղթած լոգոյի հեղինակից՝ Garoon գործակալությունից բացատրություն պահանջե՞լ են։ «Խոսել ենք նրանց հետ եւ հիմա քննարկում ենք այս իրավիճակը թե՛ նրանց հետ եւ թե՛ ինքներս»։