Ցավում եմ, բայց քաղբանտարկյալներին գումարվում են նորերը

Ցավում եմ, բայց քաղբանտարկյալներին գումարվում են նորերը

«Հրապարակի» հարցազրույցը «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ

- Մանվել Գրիգորյանի պաշտպանները բարձրաձայնում են, որ անմարդկային է նման հիվանդություններ ունեցող մարդուն բանտում պահելը։ Իրավապաշտպանները լռում են։ Կա՞ մեզ մոտ իրավապաշտպանության ճգնաժամ։ Իրավապաշտպանը պե՞տք է նայի՝ լա՞վ մարդու իրավունք է պաշտպանում, թե՞ վատ։

- Ոչ թե իմ տեսակետը, այլ հղում ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին։ Իսկ այն հիմնվում է այն ստանդարտների ու չափորոշիչների վրա, համաձայն որոնց՝ պարտավոր է ղեկավարվել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր իշխանավոր։ Այդ թվում՝ նաեւ դատարանները, բոլոր նրանք, ովքեր միջնորդում են կալանքի տակ պահել քաղաքացուն՝ անկախ նրանից, թե նա ինչպիսի հանցագործության մեջ է մեղադրվում։ Այն կոչվում է նախնական կալանք եւ այն պետք է կիրառվի այդ չափորոշիչներով։ Մինչդեռ մեզանում ոչ միայն մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածն է խախտվում, երբ կալանավորումն այդ հոդվածի չափանիշներով տեղի չի ունենում, այլեւ տեղի է ունենում անմարդկային վերաբերմունք՝ 3-րդ հոդվածի խախտում, ինչը ոչ մի կերպ սահմանափակման ենթակա չէ։ Իրավունքին առնչվող տարբեր հարցեր կարող են ինչ-որ իրավիճակներում սահմանափակվել՝ խոսքի ազատություն, մարդու ազատ տեղաշարժ եւ այլն, սակայն 3-րդ հոդվածը սահմանում է, որ անմարդկային վերաբերմունքից պետք է զերծ լինեն բոլորը։ Մենք այս տարվա մեջ ունենք ՄԻԵԴ-ի կողմից նախնական կալանքների հետ կապված 2 նախադեպ՝ Մայրապետյան Սամվելի եւ Մանվել Գրիգորյանի հետ կապված։ Հիմա փորձում եմ ուսումնասիրել ՄԻԵԴ կայքը, տեսնել, թե քանի գործերով են կառավարության հետ տեղի ունենում նամակագրություն-կոմունիկացիաները, եւ տեսնում եմ, որ սա արդեն կրում է համակարգային բնույթ։ ՄԻԵԴ-ն էլ արդեն սկսել է շատ արագ արձագանքել եւ, ըստ էության, արդեն այս գործերին նայել ոչ թե որպես անհատական գործերի, որոնք խախտումների հետեւանք են, այլ որպես Հայաստանում նախնական կալանքի հետ կապված համակարգային ճգնաժամի։
 

- Մեկ այլ՝ սահմանադրական ճգնաժամի մասին, որի շուրջ իրավաբանների միջեւ իրավական վեճ է ծավալվել։ Ձեր կարծիքով՝ ի վերջո կա՞, թե՞ չկա։

- Չեմ կարծում, որ անգամ իրավական վեճ կա, որովհետեւ այստեղ իրավունքի հարցի քննարկում չէ, այլ քաղաքական վեճ։ Եվ քաղաքական վեճի տիրույթում պետք է ամենը գնահատել։ Իրավունքը հստակ է, այնպես է ամրագրված, որ որեւէ մեկը (այս դեպքում՝ Վահե Գրիգորյանը) չի կարող իր յուրովի, իր քաղաքական նպատակներով մեկնաբանություններ անել։

- Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է։

 - ԵԽԽՎ-ն ունի հստակ բանաձեւ-ստանդարտ, թե ովքեր են համարվում քաղաքական հալածյալներ։ Շատ եմ ցավում, բայց Հայաստանում այլ քաղբանտարկյալներին գումարվում են նորերը, ինչը վկայում է, որ իրավապահ համակարգերը չեն գործում իրենց առաքելության համաձայն։ Եվ, իհարկե, իրավապաշտպանությունը Հայաստանում նահանջ է ապրում։ Եթե ընտրովի է արդարադատությունը, եթե զանգահարում են եւ ցուցում տալիս դատավորին, եթե շրջափակում են դատարանները․․․ Անկախ նրանից՝ մեզ դուր է գալիս մարդը, թե ոչ, կան իրավունքի չափորոշիչներ, եւ այս հարցերում երկակի ստանդարտներ չեն կարող լինել։ ՄԻԵԴ-ի կողմից նրա հարցում եւս արձանագրվելու է նախնական կալանավորման վերաբերյալ խախտում՝ կարող եմ վստահեցնել։