Լենա Նազարյանն ու մյուսնե՞րն էլ են կիսում վարչապետի դիրքորոշումը

Լենա Նազարյանն ու մյուսնե՞րն էլ են կիսում վարչապետի դիրքորոշումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե վարչապետի «լայվից» հետո, որ Ամուլսարը չշահագործելու իրավական հիմքեր չկան, իրենց խմբակցությունն ունի՞ միասնական դիրքորոշում այս հարցում, թե՞ ոչ։

Մակունցը նախ հիշեցրեց, որ օրենսդիրի տիրույթում չէ այս հարցի որոշումը, բայց, իհարկե, որպես քաղաքական թիմ, իրենք ունեն իրենց դիրքորոշումը։

«Ուզում եմ մի փոքր հավելել նրան, ինչ Դուք ասացիք վարչապետի ուղիղ եթերի հետ կապված։ Վարչապետի այն հատվածը, որտեղ վարչապետը նշեց, իհարկե, որպես իրավական պետություն գործելու անհրաժեշտությունը և բացառապես այդ տիրույթում գործելը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չեն կարող հաշվի չառնվել բնակիչների մտահոգությունները, բնապահպանական խնդիրները և այլն։ Եվ այս փուլում խնդիր է դրվում նախ,որ տեսչական մարմինն անմիջապես սկսի գործողություններ այնտեղ և վեր հանի խնդիրներ, եթե դրանք գոյություն ունեն»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Նա ընդգծեց, որ այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում։

«Ընդ որում՝ ընդգծեց, որ անգամ շինարարական աշխատանքների փուլում, եթե նկատվի որևէ խախտում, որևէ շեղում իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները, և եթե 90 օր ժամկետում չվերացվեն խնդիրները, ապա նաև կդադարեցվի որևէ կարգի գործողություններ։ Եվ այս դիրքորոշման հետ, իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է և կիսում է»,-ասաց տիկին Մակունցը։

Բոլո՞րն են համաձայն, նույնիսկ այն պատգամավորները, որոնք դեմ էին արտահայտվում հանքի շահագործմանը՝ Վարազդատ Կարապետյան, Միքայել Զոլյան, Լենա Նազարյան։

«Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում հենց նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչ վարչապետը ներկայացրեց ուղիղ եթերում։ Ըստ էության՝ ամբողջ քննարկումը տեղի է ուենցել հենց նույն թեմայով և նույն կետերով։ Եվ առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք հենց այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։