«Այո»-ն այլևս անտեր է

«Այո»-ն այլևս անտեր է

«Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե բոյկոտի կողմնակիցները շատ ավելի մեծ վնաս են հասցնում քաղաքացիներին, քան «ոչ»-ի ջատագովները։ 

Իհարկե Պապիկյանի այս հայտարարությունը չափազանց ուշագրավ է, և վկայությունն է այն բանի, որ բոյկոտի գաղափարն ի վերջո հասավ իր նպատակին։ Փորձենք հասկանալ, թե ինչ նպատակի մասին է խոսքը։ Պապիկյանի արտահայտած միտքը մասամբ է համապատասխանում իրականությանը, քանի որ բոյկոտի գաղափարն իսկապես մեծ վնաս է հասցնում։ Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ ո՞ւմ է վնաս հասցնում, ՀՀ քաղաքացո՞ւն, թե՛ կառավարող թիմին։ Պապիկյանի կարծիքով հենց քաղաքացուն, որը իհարկե կեղծ և պոպուլիստական ձևակերպում է ու վկայությունն է արատավոր այն իրողության, որ կառավարող թիմն ինքն իրեն նույնականացնում է ոչ միայն պետության, այլ նաև քաղաքացու հետ։ 

Այսինքն, եթե որևէ պայմանական իրողություն չի համապատասխանում վարչապետ Փաշինյանի կամքին ու քմահաճույքին, ապա դա հակապետական է և մեծագույն վնաս է հասցնում քաղաքացուն։ Բազմիցս նշել ենք, որ սա կործանարար մտածողություն է, քանի որ դրանում արդեն իսկ նկատելի են ամբողջատիրության և մենիշխանության նկրտումները։ Կարծում ենք տեղին կլինի շեշտադրել հետևյալ պարզ ճշմարտությունը․ Փաշինյանը պետությունը չէ, իսկ իմքայլականներն էլ քաղաքացու կամքի տիրակալները չեն։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը պետք է ականջներիս օղ անենք։ 

Իսկ հիմա վերադառնանք նախնական մտքին՝ բոյկոտի հասցրած մեծ վնասին։ Իսկապես սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, քանի որ անսպասելի և անկանխատեսելի բոյկոտը խախտեց կառավարող թիմի խաղաքարտերը՝ կանգնեցնելով նրան փաստի առջև։ 

Նիկոլ Փաշինյանը որպես վճռական հաղթանակի գրավական դիտարկել էր «ոչ»-ի լայն ճակատի ձևավորման հեռանկարը։ Իբրև թե վիճարկելի հանրաքվեն պետք է դառնար նպաստավոր այն առիթը, որի հիմքի վրա հակաիշխանական բոլոր ուժերը կմիավորվեին ու կկենտրոնանային միևնույն քաղաքական տարածությունում։ Այսինքն, վերստին նախատեսվում էր ստեղծել հեղափոխական իրավիճակ, որտեղ սպիտակ հերոսները պետք է ոչնչացնեին հակապետական սևերին։ Հենց սա պետք է լիներ վճռական հաղթաթուղթը՝ պարզունակ հակադրության հիմքի վրա սանձազերծված արհեստական կոնֆլիկտը, որը կմոտիվացներ քաղաքացիների գնալ ընտրատեղամաս և քվեարկել «այո»։ 

Իսկ հիմա ազգափրկության կամպանիան փաստացի ձախողվեց։ «Այո»-ն անտեր է մնացել, քանի որ չունի իրական թշնամիներ, այլևս որևէ գործնական հիմք չկա քաղաքացիներին շանտաժի միջոցով վախեցնելու և ընտրատեղամասեր ուղարկելու համար։ Թերևս հենց այս վնասի մասին էր խոսում նախարար Պապիկյանը, քանի որ հիմա իրենք ստիպված են իրական հակահերոսների չգոյության պայմաններում երևակայական թշնամիներ ստեղծել, ավելին՝ խաչակրաց արշավանք հայտարարել անցյալին և զբաղվել դիակապտությամբ։ Սա է միակ տարբերակը․ անցյալի շանտաժով մոլորեցնել քաղաքացիներին և այդ համատեքստում նույնականանալ պետության և պետականափրկության գաղափարների հետ։