Ճիշտ այնպես, ինչպես արեւելյան բազարում.Նաիրա Զոհրաբյան

Ճիշտ այնպես, ինչպես արեւելյան բազարում.Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ճիշտ այնպես, ինչպես արեւելյան բազարում

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հանձնաժողովի մեդիայի ենթահանձնաժողովում քննարկեցինք 100-ամյա պատմություն ունեցող մանկական պարբերականների` «Աղբյուրի», «Ծիծեռնակի» և «Կանչի» ճակատագիրը: Տարիներ շարունակ պետությունը ֆինանսավորել է մանկական այս պարբերականները, և հիմա, գիտության, կրթության, մշակույթի ու էլի հարակից մի քանի ոլորտների նախարարությունը նոր կարգ է սահմանել` նոր «չափորոշիչներով»: 
Ես, բնականաբար, «նոստալժի» չունեմ անցյալի հանդեպ և հաստատ չեմ պնդելու, որ Լենինի «Իսկրան» ևս սկսենք վերահրատարակել: Սակայն, այսօրվա քննարկման ժամանակ շատ երկար անուն ունեցեղ նախարարության շատ պարտաճանաչ ու ժրաջան փոխնախարարը, ով ամեն ինչ արեց իր նախարարության և նախարարի «մունդիրի պատիվը» բարձր պահելու համար, այդպես էլ չնշեց այն հստակ բովանդակային, գրական չափորոշիչները, որով հայտարարվել էր մրցույթը և այլևս հայտնի են մանկական ամսագիր տպագրելու հաղթողները: 
Միակ չափորոշիչը, որ հասկացանք` ցածր գնի առաջարկն է եղել: 
Ով ինչքան էժան գին կասի` կհամարվի արդար մրցույթի հաղթող: 
Իսկ էժան գին առաջարկել ու հաղթող է ճանաչվել, օրինակ, «Մերի» հրատարակությունը, որը ինչ ասես տպում է` «խուսափենք աղային կուտակումներից», մինչև` «սեռական կյանքի նրբությունների» հատ կապված խորհրդատվություն: 
Հիմա էլ տպելու է մանկական ամսագիր: 
Ես չեմ ասում, որ «Ծիծեռնակի», «Կանչի» և «Աղբյուրի» գրական որակը կատարյալ էր, բայց երբ մի քանի ժամ ուզում ես հասկանալ, թե նոր մրցույթում ի՞նչ գրական չափորոշիչներ են առաջադրված եղել ու արդյունքում ոչ մի բան չես հասկանում, որովհետև նման չափորոշիչներ պարզապես չեն եղել, հասկանում ես, որ պետք չէ բարդացնել կյանքը, որովհետեւ ամեն ինչ եղել է շատ պարզ ու թափանցիկ. հաղթել են ամենաէժան գին առաջարկողները։ Ճիշտ այնպես, ինչպես արևելյան բազարում»: