Ռոբերտ Քոչարյանի գործով բարձրաստիճան պաշտոնյաներ են ցուցմունքներ տվել

Ռոբերտ Քոչարյանի գործով բարձրաստիճան պաշտոնյաներ են ցուցմունքներ տվել
Ռոբերտ Քոչարյան

«Բոլոր կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած ծավալի փաստարկներ ներկայացնել»: Այս մասին այսօր լրագրողներին հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ, այն կհրապարակվի փետրվարի 7-ին:

Պաշտպանական կողմը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ երկրորդ նախագահի կալանքը երկարացնելու վերաբերյալ:

Ալումյանը նշեց, որ դատարանը փորձել է ճշտել գրեթե ամեն ինչ.«Բանակի օգտագործման հետ կապված: Բանակը ինչ-որ ձեւով իրեն չի դրսեւորել: Անձեռնմխելիության հետ կապված խնդիր էինք դրել, մյուս կողմից հետաքրքրվեց, դատարանի մոտ հարցեր էր առաջացել: Դատարանը փորձեց ճշտել՝ ո՞ր նորմերն են դադարել գործել»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ այս գործով հարցաքննությանը՝ նա ասաց. «Բացարձակապես ես տեղյակ չեմ որ հարցաքննվել է, չի հարցաքննվել: Շատ ցուցմունքներ են ներկայացված քննիչի կողմից, բայց այդ մի ցուցմունքը չկա: Առաջին բարձր մակարդակի չէ, մի երկու մակարդակ ներքեւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներ են: Սերժ Սարգսյանի հետ կապված որեւէ բան ասել չեմ կարող, գործով ցուցմունք չեմ տեսել»:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանը հարցաքննվե՞լ է, նշեց. «Հնարավոր է, բայց էն ցուցմունքներն, որոնք քննիչը ներկայացել է սպայական կազմից մարդ կա, որ հարցաքննվել են: Մանվել Գրիգորյանի ցուցմունք քննիչը դատարան չի ներկայացել»:

Պաշտպանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը վերջում մոտ կես ժամ իր դիրքորոշումն է ներկայացրել , անդրադարձել է մեղադրանքի բոլոր դրույթներին :