«Գոնսալեսը» պաշտպան է վարձել Պրահայից

«Գոնսալեսը» պաշտպան է վարձել Պրահայից

Տեւական ժամանակ է, ինչ Սաշիկ Սարգսյանի որդու՝ «Ֆրանկլին Գոնսալես» մականունը ձեռք բերած Նարեկ Սարգսյանի արտահանձման վերաբերյալ որւեէ տեղեկություն չկա։ Դատախազությունը պնդում է՝ հանձման գործընթացը ընթացքի մեջ է։

Սաշիկ Սարգսյանի մյուս որդուց՝ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե եղբորից նորություն ունի՞, ասաց, որ ոչ։ Մեր մյուս հարցին էլ, թե  Հայաստանում պաշտպան չունի՞, նա պատասխանեց, որ Հայաստանում՝ ոչ, սակայն Էնտեղ ունի (նկատի ունի Պրահայում)։

Նշենք, որ մամուլում այսօր գրվել էր, թե Պրահայի իշխանություններից Սարգսյանը քաղաքական ապաստան է խնդրել։ Դրանից առաջ էլ գրվել  էր, որ նա զանգահարել է Հայաստանում իրավապահ մարմիններից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի, հայհոյախառն արտահայտություններ արել եւ ասել, որ Հայաստան չի գալու։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին։

Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: 

Հիշեցնենք, նաեւ, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: