Վեթթինգն այնպես պետք է լինի, որ չենթարկվենք կոլապսի

Վեթթինգն այնպես պետք է լինի, որ չենթարկվենք կոլապսի

Փաստաբան Աշոտ Սարգսյանը, անդրադառնալով իշխանությունների հայտարարած վեթթինգին, նշում է, որ դեռ պարզ չէ՝  ի՞նչ են իրականացնում իշխանությունները։

«Հերիք է այդ բառն օգտագործեն։ Իրենք էլ չգիտեն, թե դատական համակարգի զտումն ինչպես են օգտագործելու։ Մեկ ասում են՝ օրինագիծը պատրաստ է, պարզվում է, որ պատրաստ չէ, մեկ ասում են՝ Սահմանադրությամբ սահմանված են հստակ գործառույթները, բայց այդպես չէ։ Թող փոխեն Սահմանադրությունը, նոր կառույց ստեղծեն, որով ամրագրված են նրա գործառույթները։ Դատական օրենսգրքով էլ նախատեսված չէ, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է նման ձեւով անցկացնել զտում։ ԲԴԽ-ն կարող է կարգապահական վարույթներ հարուցել, բայց կանչել-հարցնել՝ դու ինչի՞ ես եկել դատական համակարգ, քո քաղաքական ծագումնաբանությունը ո՞րն է, այդ համակարգում ո՞նց հայտնվեցիր, դրա իրավասությունը չունի։ Ես ինքս եմ շահագրգռված, որ դատական համակարգը զտվի, դատական համակարգն էլ է շահագրգռված, որ ինչ-որ դատավորներ իրենց շարքերից դուրս մղվեն։ Միայն հասարակության մեջ չէ, որ դատավորների նկատմամբ կա ատելություն։ Վերաքննիչ դատարանում հարցրեք ընդհանուր իրավասության դատարանների դատավորների մասին, ընդհանուր իրավասության դատարաններում՝ Վերաքննիչ դատարանի դատավորների մասին։ Կան դատավորներ, որ վաղուց պետք է հեռացված լինեին համակարգից, իրենք էլ իրենց մեջ գիտեն, թե ովքեր են վարկաբեկում դատական համակարգը»,- ասաց փաստաբանը։

Աշոտ Սարգսյանը նկատում է, որ հակասություններ կան նաեւ իշխանության մեջ․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը մի բան է հայտարարում, արդարադատության նախարարը՝ մեկ այլ բան։ Փաստաբանի կարծիքով՝ եթե նոր օրենքներ են ուզում մշակել եւ ընդունել, ապա Վենետիկի հանձնաժողովի փորձագետները պետք է դրական եզրակացություն տան դրանց։ 

«Ես չգիտեմ՝ իրենք ունե՞ն իրավական այն մակարդակը, որ այն մարմինը ստեղծեն եւ այն իրավական ակտերը մշակեն, որոնք համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի  պահանջներին,  եւ որոնք կարելի է իրականում անցկացնել։ Մենք տեսանք, չէ՞, որ վեթթինգ կիրառած երկրներից մեկը ոչ թե բարելավվեց, այլ՝ կոլապսի ենթարկվեց (խոսքը Ալբանիայի մասին է)։ Եթե պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն, դրա համար ժամանակ է պետք։ Եթե պետք է Դատական օրենսգրքում փոփոխություններ լինեն, ապա դրանք էլ պետք է չհակասեն օրենքին»,- ասաց փաստաբանը։