Հեղափոխությունից հետո մասնավորեցվել են երեք ընկերության բաժնետոմսեր եւ մեկ գույք

Հեղափոխությունից հետո մասնավորեցվել են երեք ընկերության բաժնետոմսեր եւ մեկ գույք

Մինչեւ թավշյա հեղափոխությունը աղմուկ էր հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ․ ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ծրագրում ներառված որոշ հիմնարկների մասնավորեցման հարցը մասնագետների կարծիքով վիճահարույց էր։ 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանին ուղղել էինք գույքի մասնավորեցմանը վերաբերող երեք հարց։

Հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորեւ։

-Նախկին իշխանությունների օրոք ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ․ ծրագրի մասին» ՀՀ օրենքը, որում ներառված էր մասնավորեցման ենթակա 42 պետական գույք։ Ի՞նչ փուլում է այդ ծրագիրը։ 

-«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ  օրենքով (այսուհետ՝ Օրենք) հաստատված Հավելված 1-ի համաձայն՝ մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ընդգրկված էր 46 ընկերություններ և 1 գույք, որից մասնավորեցվել են 6 ընկերությունների բաժնետոմսեր և 1 գույք: 
-Քանի՞ պետական գույք է մասնավորեցվել նոր կառավարության օրոք, քանի՞սն են ենթակա մասնավորեցման։ 

 -Նոր կառավարության օրոք մասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 3 ընկերության բաժնետոմսեր և 1 գույք։

-Ո՞ր հիմնարկներն են մասնավորեցվել, ի՞նչ սկզբունքով։

- Օրենքի ընդունումից հետո մասնավորեցվել են.

- «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ՀՀ կառավարության 17.08.2017թ. թիվ 1004-Ա որոշմամբ ներկայացվել են դասական աճուրդով մասնավորեցման, աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով։ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 241 հոդվածի 3-րդ կետի համաձայն «Ընդերքաբանի Մեղրաձորի բազա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են մասնավորեցման սուբյեկտին։

- «Բյուրեղ հանքային ջրի» ՓԲԸ-ի 9.03% պետական բաժնեմասը ՀՀ կառավարության 17.08.2017թ. թիվ 1009-Ա որոշմամբ մասնավորեցվել է ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին։

- «Երառսպասարկում» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ՀՀ կառավարության 07.12.2017թ թիվ 1572-Ա որոշմամբ մասնավորեցվել են դասական աճուրդով։

- «Վարդենիսի ստոմոտոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ բաժնետոմսերը ՀՀ կառավարության 07.12.2017թ թիվ 1562-Ա որոշմամբ մասնավորեցվել են դասական աճուրդով։

- «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ բաժնետոմսերը ՀՀ կառավարության 15.12.2018թ թիվ 153-Ա որոշմամբ ողղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են աշխատավորական կոլեկտիվին։

-«Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ՀՀ կառավարության 29.03.2018թ թիվ 321-Ա որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են  Ընկերության ամբողջ գույքի վարձակալ՝ «Առողջ ապագա» ՍՊԸ-ին։

- «Ընդերքաբան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ՀՀ կառավարության 29.11.2018թ թիվ 1377-Ա որոշմամբ մասնավորեցվել են աճուրդով։

- «Տաշիրի կինոցանցի» գույքը` 2253.1 քառ. մետր մակերեսով 4-րդ աստիճանի վնասվածության մակարդակ ունեցող շենքը և սեփականության իրավունքով հատկացված 0,3 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ կառավարության 11.05.2018թ. թիվ 558-Ա որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով՝ 1000 դրամով մասնավորեցվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքին՝ կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով 32 մլն դրամի ներդրումներ կատարելու պայմանով։

Թագուհի Հակոբյան