Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի վիճակն Էր վատացել, նաեւ հետազոտությունների էր, առավոտ շաքարը 25 էր։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալին առավոտյան բժշկական կենտրոն տեղափոխելուն։

Պաշտպանը նաեւ նշեց, որ գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան, սակայն գրավի չափը չի հիշում․ «Չգիտեմ, երբ ա քննվելու, բայց հաստատ գիտեմ, որ մերժվելու ա, որովհետեւ Մարինեն մերժելու ա, նրան թույլ չեն տալու, որ չմերժի, Մարինեին կարողանում են թույլ չտան։ Մենք գրավի միջնորդություններն այնքան ենք ներկայացնելու մինչեւ ընկնի անկախ դատավորի, այսինքն՝ մենք օրենքով իրավունք ունենք ամեն օր ներկայացնելու, 2 օրը մեկ միջնորդություն ենք ներկայացնելու մինչեւ անկախ դատավորի ընկնի։ Դիմել ենք Վճռաբեկ դատարան, դիմելու ենք դատախազություն, քրեադատավարական օրենսգրքով ինչ կա, բոլոր մեխանիզմներն օգտագործելու ենք»։

Նշենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետեւ Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: