Յուրաքանչյուր դատավոր միշտ պետք է պատրաստ լինի ցանկացած տեսակի վեթթինգի․ դատավոր Կարինե Պետրոսյան

Յուրաքանչյուր դատավոր միշտ պետք է պատրաստ լինի ցանկացած տեսակի վեթթինգի․ դատավոր Կարինե Պետրոսյան

Երեկ տեղի ունեցավ Դատավորների միության ժողովը, որից հետո միության նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների համար ընթերցեց հայտարարությունը։ Ըստ էության՝ դատապարտեց դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը՝ միաժամանակ նշելով, որ դեմ չեն հասարակությանը դատավորների ունեցվածքը, դրանք ձեռք բերելու աղբյուրները ներկայացնելուն: Հայտարարության վերջում էլ անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդին՝ նշելով, որ ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի ապահովում դատավորների անկախությունը: 

Երեկվա հայտարարության, վեթթինգի եւ մի քանի այլ հարցերի շուրջը «Հրապարակ»-ը զրուցել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի հետ։

- Տիկին Պետրոսյան, ի՞նչ կարծիք ունեք երեկվա հայտարարության վերաբերյալ։

- Ծանոթացել եմ տեքստին։ Կար վատ, եւ կար․․․ընդհանուր առմամբ, երկու տեքստ էր. իմ կարծիքով՝ տեքստն ավելի կառուցողական էր։ Մենք ոչ թե վերլուծում էինք, թե ինչ ենք արել, այլ հորդորում էինք իշխանությանը՝ դատական իշխանությանը ներգրավել ապագա դատաիրավական հնարավոր բարեփոխումներին։

- Ձեր նշած վատ հատվածը ո՞րն էր տեքստի մեջ։

- Վատ հատված չէր, կար ավելի ագրեսիվ հայտարարություն եւ կար կառուցողական հայտարարություն։ Ողջամիտ մարդը գնահատեց կառուցողական հայտարարությունը։ Ես հիմա մանրամասն չեմ հիշում, որ տարբերություններն ասեմ։

- ԲԴԽ-ի անգործության մասին նշեցին, դուք համաձա՞յն եք դրան, որ անգործություն է դրսեւորել։

- Ես ի սկզբանե իմ վերաբերմունքն արտահայտել եմ ընդդեմ ԲԴԽ-ի՝ ներկայացված իմ հայցերով, գնահատել եմ նրա աշխատանքը շատ հարցերում ոչ իրավաչափ։ Երեկվա հայտարարությունը ԲԴԽ-ի վերաբերյալ միայն դատապարտելու մասով էր։ Որեւէ այլ առաջարկ, հորդոր ԲԴԽ-ի նկատմամբ չի եղել, ընդհանուր ժողովը դա որոշեց։

- Գնահատո՞ւմ եք քայլերը, որոնց մասին հայտարարել է վարչապետը դատական համակարգը փոփոխելու վերաբերյալ։

- Ես գտնում եմ, որ ուղղվածությունը դատաիրավական համակարգի փոփոխության առումով դրական է, որովհետեւ, երեւի թե, հասունացել է պահը այդ փոփոխություններն իրականացնելու, եւ դատական իշխանությունն ամբողջ կազմով, առնվազն ժողովին ներկա գտնվողները, երեկ ամեն դեպքում իրենց պատրաստակամությունը ձայների մեծամասնությամբ հայտնեցին այս գործընթացին անպայման ներգրավված լինելու իրենց ցանկության մասին։ Իսկ դա արդեն ողջունելի է, որովհետեւ դատաիրավական համակարգն ինքն էլ գտնում է, որ վերափոխելու անհրաժեշտությունը կա՝ միայն ՀՀ Սահմանադրության, օրենքներին եւ միջազգային պայմանագրերին համապատասխան։

- Երեկվա նիստն ի՞նչ մթնոլորտում անցավ։

- Եկեք չմոռանանք, որ ժողովին ներկա են գտնվել դատավորները։ Ըստ էության՝ սովորաբար, եթե բանավեճ է լինում, դրանք վերջնական կարծիքի հանգելու համար է։ Կարծիքները տարբեր էին, բանավեճեր եղան տարբեր հարցերի շուրջ, բայց գլխավորը, որ ինչ-որ բան  որոշեցինք։

- Դուք վեթթինգին դե՞մ եք։

- Ես գտնում եմ, որ պետք է վեթթինգի չափանիշները որոշվեն, որովհետեւ առանց չափանիշների չի կարելի ասել, թե ինչ եղանակով, ինչ միջոցներով իրականացվի։ Վեթթինգին՝ որպես այդպիսին, դեմ չեմ։ Մենք էսպես թե էնպես մշտական ուշադրության կենտրոնում ենք գտնվում, եւ եթե վեթթինգը խնդիր ունի ստուգելու, ապա որեւէ խնդիր չեմ տեսնում։ Յուրաքանչյուր դատավոր, եթե նման բարձր պաշտոնի է, միշտ պետք է պատրաստ լինի ցանկացած տեսակի վեթթինգի։