Թորոսյանը ավելացրել  է նաև Բաբլոյանի հիվանդանոցի ֆինանսավորումը 

Թորոսյանը ավելացրել  է նաև Բաբլոյանի հիվանդանոցի ֆինանսավորումը 

Գրել էինք, որ առողջապահության նախարարաությունը կազմակերպությունների՝ 2019 թվականի՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների նախագծով որոշել  է մոտ 1 միլիարդով ավելացնել նախկինում օլիգարխ, ներկայումս «խոշոր սեփականատեր» Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ բժշկական կենտրոնի պետպատվերի գումարը։

Բացի այդ՝ Թորոսյանը «ինքն իրեն պարգևատրելու սկզբունքով» ավելացրել  էր նաև իրեն պատկանող «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը շուրջ 2 անգամ ․ 2018-ին այն կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, իսլկ 2019-ին՝  57 միլիոն 37 հազար։ Մեզ հաջողվեց պարզել, որ Թորոսյանը ավելացրել է նաև ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին պատկանող Արաբկիր ԲԿ-ի ֆինանսավորումը։ 2018 թվականին Արաբկիր ԲԿ-ին տրամադրվել է 2 միլիարդ 980 մլն դրամ, իսկ 2019-ին կտրամադրվի մոտ 11 մլն ավելի՝ 2 միլիարդ 991 մլն։ Փոխարենը 7 մլն դրամ քիչ կստանա Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանադանոցը, մոտ 820 մլն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն։

Մեր հրապարակումից հետո թեմային իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել էր նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ ասելով, որ պետական պատվերը հատկացվում է բժշկական կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա` հատուկ մշակված չափանիշներով, և արդեն անցյալ տարվանից պայմանավորված չի եղել անձերով․

«Պետպատվերի ծանրակշիռ մասը ստացել են հանրապետության մեծ և բազմապրոֆիլ հիվանդանոցները և Աստղիկ ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից չէ»։

Վերջինիս խնդրեցինք նշել, թե որոնք են այն հիմքերը, ըստ որոնց ավելացվել է այդ ֆինանսավորումը, ի՞նչ նոր ծառայություններ են իրականացնելու վերոնշյալ հիվանդանոցները, քանի՞ քաղաքացի են ունեցել, որոնք չեն կարողացել օգտվել պետական պատվերից, քանի որ ֆինանսավորումը պակաս է եղել։ Այս հարցերին պատասխանելու համար Նիկողոսյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Բացի այս նախարարի մամուլի քարտուղարին խնդրել էինք նաև տրամադրել վերոնշյալ բուժական հաստատությունների հայտերի օրինակները, սակայն վերջինս նշեց, որ դրանք նույնպես չի կարող տրամադրել, քանի որ կարծում է, որ դրանք հրապարակման ենթակա չեն, և դրա համար նույնպես գրավոր հարցում է անհրաժեշտ։ Մենք նաև չէինք գրել, որ Աստղիկ ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից է։ Խնդիրն այն է, որ մասնավոր բուժհաստատության ֆինանսավորումը մոտ 2 անգամ ավելացվում է, իսկ պետական համարվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ինը՝ նվազեցվում։

Նիկողոսյանը նաև գրել էր, որ «ՄԻԲՍ» ԲԿ-ն չի պատկանում Թորոսյանին, նա պարզապես եղել է ընկերության տնօրենը 2011-15 և 2016-18 թվականներին։ Նշենք, որ ներկայումս ընկերության տնօրենը Թորոսյանի կինն է՝ Վարդուհի Թադևոսյանը, և փաստորեն այստեղ նույնպես գործում է Սամվել Ալեքսանյանի հայտնի թեզը, ըստ որի՝  ինքը որևէ բիզնես չունի, ու իր ընտանիքի անդամներն են զբաղվում բիզնեսով։