Բարսեղ Բեգլարյանն իմ ընկերը չէ

Բարսեղ Բեգլարյանն իմ ընկերը չէ

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնին հավակնողների ցանկն արդեն հայտնի է, մարտի 6-ին ավարտվեց թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։

Առաջադրվել է 5 թեկնածու, այդ թվում՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի եւ ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը եւ Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզմաթգիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գեւորգյանը։ Մամուլում արդեն գրվել է, որ Սաղյանն է Արայիկ Հարությունյանի թեկնածուն։ ԵՊՀ-ում խոսում են, որ նա նաեւ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի ընկերն է, ղարաբաղցի է, երկար տարիներ երազել է ԵՊՀ ռեկտոր լինելու մասին, սակայն չի ստացվել։ Հիմա, ըստ համալսարանականների, նա «դաշինք է կնքել Արայիկ Հարությունյանի հետ, որ պետք է աջակցի օրենքի ընդունմանը եւ գործի ակադեմիայի դեմ», Արայիկ Հարությունյանն էլ նրան աջակցելու է ռեկտոր դառնալու հարցում: Մենք զրուցեցինք Սաղյանի հետ։ Նա հերքեց, որ Բարսեղ Բեգլարյանի ընկերն է․ 

«Ո՞վ է Բարսեղ Բեգլարյանի ընկերը, ինչո՞վ եմ ընկերը։ Չէ, ես ուղղակի Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ իբրեւ «Արցախ» հայրենակցականի անդամ, ինչպես բոլորին, այնպես էլ իրեն, մենք ընկերություն չենք արել»,-ասաց Սաղյանը։ Նա հերքեց նաեւ Սամվել Ալեքսանյանի հետ «փայատեր» լինելու վերաբերյալ տեղեկությունը՝ ասելով, որ նրան միայն հեռուստացույցով է տեսել․ «Սամվել Ալեքսանյանին կյանքում տեսած չկամ։ «Նարինե» կաթնաթթվային մթերքը մենք արտադրում ենք մեր ինստիտուտում, բայց Սամվել Ալեքսանյանը դրա հետ ի՞նչ կապ ունի, դա մեր կենտրոնի բրենդն է։ Ես Սամվել Ալեքսանյանին միայն հեռուստացույցով եմ 1-2 անգամ տեսել»։

Հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ ՊՎԾ-ն Ֆարմացիայի ինստիտուտում չարաշահումներ է հայտնաբերել, Սաղյանը նախ փորձեց ճշտել, թե ՊՎԾ-ն որն է․ «Ի՞նչ չարաշահումներ, ՊՎԾ-ն ո՞րն  է։ Նման բան չի եղել։ Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ դա ռեկտորի գործունեության հե՞տ է կապված, մեզ մոտ ոչ մի չարաշահում չեն գտել՝ մեզ հետ կապված»։

Հարցրինք նաեւ, թե ճի՞շտ է, որ ընտրություններում Արայիկ Հարությունյանի աջակցությունն է վայելելու։ «Արայիկ Հարությունյանի հետ ես հանդիպել եմ 2 անգամ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ընդհանուր ժողովում, իր հետ ոչ մի անձնական խոսակցություն ես չեմ ունեցել։ Ես մեր ինստիտուտի թեկնածուն եմ, ինձ առաջադրել են, 3 օր մտածելուց հետո համաձայնել եմ, տեսնեմ ինչ է լինում, ես ի՞նչ կապ ունեմ նախարարության հետ։ Ռադիկ Մարտիրոսյանն էլ իմ մոտիկ․․․ իմ նախագահն է ԳԱԱ-ի, մենք մտերիմներ ենք եղել եւ հիմա էլ մոտ ենք, այ, դա չեմ ժխտում»,- պատասխանեց Աշոտ Սաղյանը։