Ես դեմ եմ նման ղեկավարներին, որոնք սպորտից գաղափար չունեն․ Բենուր Փաշայան

Ես դեմ եմ նման ղեկավարներին, որոնք սպորտից գաղափար չունեն․ Բենուր Փաշայան

Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծով՝ կառավարությունը պատրաստվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու մշակույթի նախարարությունը միացնել կրթության և գիտության նախարարությանը։ Այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ակտիվորեն հայտնում են տարբեր մշակութային գործիչներ, որոնց մի մասն անխնա քննադատում է այդ ծրագիրը, լինում են նաև կողմ կարծիքներ, մինչդեռ սպորտաշխարհի ներկայացուցիչները լուռ են։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՀԱՕԿ նախկին նախագահ Բենուր Փաշայանի հետ։ Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում ըմբշամարտը թիվ 1 սպորտաձևն է, իսկ աշխարհում 3-րդն ենք․

«Եթե այսօր համեմատության կարգով նայենք այլ սպորտաձևերի հետ՝ կլինի բռնցքամարտը կամ ազատ ոճի ըմբշամարտը, թե այլ սպորտաձևեր, ապա մենք այսօր Հայաստանում համար 1 սպորտաձևն ենք, որ շատ ու շատ սպորտի սիրահարներ չէին կարող կռահել, որ մենք ըմբշամարտի աշխարհի առաջնությանն արդյոք մեդալներ կունենա՞նք, թե՞ ոչ, բայց մենք ունեցանք շատ մեդալներ և շատ չեմպիոններ։ Մեր սպորտաձևում, որ ես միշտ կոչում եմ դասական, աշխարհում մենք 3-րդ տեղում ենք գտնվում։ Մենք շատ լավ մարզիկներ ունենք, շատ լավ դպրոցներ ունենք։ Մանկապատանեկան ըմբշամարտի դպրոցների մասին է խոսքս, որտեղ աշխատում են շատ լավ, գրագետ մարզիչներ, նրանք տալիս են այն հիմքը, որը վերջում դառնում է մեր ընդհանուր հաջողության սկիզբը»։

- Ըմբշամարտում մեր մարզիկների ձեռք բերած արդյունքներում կա՞ պետության լուման, թե՞ դա միայն մարզիկների աշխատանքի արդյունքն է։

- Երբ ես հաճախում եմ ըմբշամարտի դպրոցներ, ես զարմացած եմ ոչ թե ըմբիշների վրա, այլ զարմացած եմ մարզիչների աշխատանքով, որոնց համար այդ սպորտաձևը կարծես թե հիվանդություն է դարձել։ Կոպեկներով գիշեր-ցերեկ աշխատում են, մարզիչներն այնպիսի մարզիկների են կատարելագործում՝ առանց գումարներ ծախսելու, իսկ գումարները միշտ քիչ են, չեն հերիքում։ Այդ մարզիչները ֆանատներ են։ Ես իրենց էլ եմ ասում, որ զարմացած եմ իրենց վրա, որ առավոտից երեկո այդ զալերում են ու ստանում են ընդամենը 80 հազար դրամ ու իրենք չեն փոխում իրենց աշխատանքը։ Ասում եմ՝ ո՞նց եք ապրում, ինչո՞վ եք ձեր ընտանիքները պահում, որոնց դուք ավելի քիչ եք տեսնում, քան թե ձեր սաներին։ Իհարկե, բարդություններ, դժվարություններ ունենք, բայց ես կուզեի գովել այդ մարզիչներին, որ իրոք նրանք նվիրյալներն են իրենց ազգի։ Եթե նրանց մոտ չի ստացվում չեմպիոններ պատրաստել, ապա նրանք լավ զինվորներ են պատրաստում, լավ մարդ են դաստիարակում։ Ըմբշամարտը միայն գորգի վրա պարապելն ու տուն գնալը չէ, ըմբշամարտիկների համար մարզիչը և՛ մանկավարժ է, և՛ մարզիչ է։ Մեր մարզիչները կարողանում են կատարել բոլոր դերերը, որպեսզի կարողանան առաջին հերթին լավ մարդ կերտել։ Մեզ մեր մարզիչները միշտ էլ ասել են՝ մենք ուզում ենք, որ դուք առաջինը լավ մարդ դառնաք, իսկ թե հետո կդառնա՞ք սպորտսմեն, դա այլ հարց է։ Եթե լինեն գումարներ, եթե չհերիքեն էլ, մենք էլի ենք կարողանում պահպանել մեր սպորտաձևը, մեր արդյունքները, մեր սերը դեպի մեր մարզաձևը, որին մոտենում ենք պրոֆեսիոնալ ձևով։ Ես հիշում եմ, որ իմ մարզիչների կանայք ասացին՝ Բենուր ջան, մի քիչ շուտ թող իրենք տուն գան, էլի, պահում ես մինչև ժամը 11-ը, դա էլ լավ չէ, էլի։ Ասում եմ՝ ի՞նչ ասեմ, դա իրենց ասեք։

- Կառավարության կառուցվածքի փոփոխության ծրագրի շրջանակներում որոշվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միացնել կրթության և գիտության նախարարությանը։ Ի՞նչ հետևանքներ դա կունենա հայկական սպորտի համար։

- Դա շատ ցավոտ հարց է։ Մեզ նման վաստակ ունեցող մարզիկների կարծիքն էլ պետք է հաշվի առնվի։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, երբ որ մեր սպորտի նախարարությունը միացվի մի քանի նախարարությունների։ Այն, ինչ մենք ունենք այսօր, ես ոչ թե ասում եմ բողոքելու կարգով, այլ ասում եմ, թե իրականում ինչ կարող էր կատարվել։ Օլիմպիական սպորտաձևերում մենք այսօր ինչ ունենք, կկորցնենք, մենք կհիասթափեցնենք մեր մարզիչներին, որոնք ազգի համար տալիս են հզոր մարզիկներ՝ հանձին Արթուր Ալեքսանյանի, մենք կկորցնենք այն, ինչը տասնյակ տարիներով պահպանել ենք, պահպանել ենք՝ ցածրացնելով մեզ, անարժան մարդկանցից գումարներ ենք խնդրել, որպեսզի պահպանենք մեր ունեցածը, բայց սպորտի նախարարությունն այլ նախարարությունների հետ միացնելով՝ ես ոչ մի կերպ հաջողություն չեմ տեսնում։ Կարծում եմ, որ դա առաջին սխալներից մեկն է։ Ես հարգում եմ բոլոր նախարարություններին և նրանց աշխատակիցներին, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք և պրոֆեսիոնալ ենք գործում, մեզ չի կարելի շեղել մեր ուղղությունից, դա կտանի մեր հաջողությունների մեծ մասը, կհիասթափվեն մասնագետները, կհիասթափվեն մարզիկները, որոնց մեջ արդեն իսկ դժգոհություններ կան։ Այն 15-16 տարեկան պատանին անգամ արդեն ուզում է դուրս գալ, քանի որ խառնված է ամեն ինչը, սարքած է շիլաշփոթ։ Այսօր մարզիչները և սպորտային կառույցների աշխատակիցներն արդեն 3 ամսից ավել է, որ աշխատավարձ չեն ստանում։ Շատ մրցումներ մենք բաց ենք թողնում, քանի որ հնարավորություն չունենք երեխաներին ուղարկելու այդ մրցումներին։

- Նախարարությունը նախկինում աջակցո՞ւմ էր։

- Իհարկե, աջակցում էր։ Նախարարությունից էին կախված Հայաստանի բոլոր սպորտաձևերի հաջողությունները, այսօր էլ են կախված դրանից։ Քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ամեն բան փոխվեց, մեզ մոտ էլ եղան փոփոխություններ, բայց այսպիսի փոփոխություն ես, ճիշտն ասած, չէի սպասել։ Թողեք մեզ  մեր ընտանիքով, պահանջեք մեզանից, անգամ մի տվեք մեզ այն գումարները, որոնք մեզ հարկավոր են, այդ ամենը կճարվի, բայց մեզ մի միացրեք մյուս նախարարությունների հետ, մենք կխառնենք սևը սպիտակի հետ։ Ես դրան դեմ եմ։

- Ասում են, որ նախարարությունների միանալուց հետո նոր ձևավորված նախարարությունը կղեկավարի ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Ի՞նչ եք կարծում, նա ինչպե՞ս կղեկավարի սպորտի ոլորտը։

- Արայիկ Հարությունյանը, մինչև այդ աթոռին նստելը, պետք է շատ խորը մտածեր, թե արդյոք ինքն այդ կա՞դրն է, ի՞նչ կարող է անել Արայիկ Հարությունյանը մեր սպորտի զարգացման համար։ Ես նման ղեկավարի մոտ այդ հնարավորությունները չեմ տեսնում։ Ես դեմ եմ նման ղեկավարներին, որոնք սպորտից գաղափար չունեն, անգամ չեն էլ պատկերացնում, թե սպորտն ինչ բան է, միայն հեռուստատեսությամբ կամ ստադիոններում են տեսել, բայց դա միայն տեսնելն է, պարտվելիս՝ տխրելը, հաղթելիս՝ ուրախանալը։ Բայց դրա մեջ շատ մեծ աշխատանք կա պարփակված, որը սպորտի ղեկավարն անպայման պետք է իմանա, որ իր արած յուրաքանչյուր քայլը ճիշտ ազդեցություն ունենա սպորտի զարգացման համար։ Մինչ այս ես խոսում էի այն ճշմարտությունից, որը գոյություն ունի, բայց հիմա ցանկանում եմ ներկայացնել իմ բողոքը։ Ես բողոքում եմ, որ նման տիպի մասնագետներ չգան մեզ մոտ։ Նրանք թող գնան այն կառույցները ղեկավարեն, որից հասկանում են։ Ես կուզեի հանդիպել իր հետ, նստել, զրուցել ու երևի կհանդիպեմ, ես այդ հարցը տալու եմ իրեն՝ ինչո՞վ դու կարող ես օգնել սպորտին։ Շատերին թվում է, թե սպորտ է, էլի, կրին-կրվան, անցավ-գնաց։

Միայն սպորտ չէ, դա իմ երկրի անունն է, ու միայն արժանիները կարող են այդ անունը բարձր պահել։ Ես այդ տղային չեմ ճանաչում, ոչ էլ ուզում եմ վատ ներկայացնել իրեն, բայց նա այն մարդը չէ, որ պետք է գա ու սպորտի ոլորտը ղեկավարի։ Մեր երկրի ղեկավարը, որ այսօր Նիկոլ Փաշինյանն է, չպետք է ղեկավարի այնպես, ինչպես ինքն է ուզում, նա էլ է ասում, որ պետք է ժողովուրդը ղեկավարի, իսկ մեր ոլորտի ժողովուրդը մենք ենք, մենք պետք է մեր համաձայնությունը տանք, թե ով լինի մեր ղեկավարը, իսկ պատահական մարդուն նշանակելը, կարծում եմ, մեր ղեկավարի կողմից սայթաքում կլինի։