«Կովկաս» ռեստորանային համալիրը զրկվել է 24-ժամյա լիցենզիայից

«Կովկաս» ռեստորանային համալիրը զրկվել է 24-ժամյա լիցենզիայից

Մայրաքաղաքում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրը զրկվել է 24 ժամ աշխատելու լիցենզիայից՝ հարևանների բողոքի հիման վրա. վերջիններս բողոքել են, որ այցելուներն աղմկում են գիշերը։ Մեր լուրը ռեստորանի տնօրինությունը հաստատեց՝ նշելով, որ այլևս աշխատում են մինչև գիշերվա ժամը 24-ը և որ ոչ թե զրկվել են լիցենզիայից, այլ այն ամեն տարի թարմացվում էր, այս տարի չի վերաթարմացվել։

«Եթե օրենք է, մենք էլ ուզում ենք գնալ դեպի օրենքով երկիր, բնականաբար, այդպես է, բայց ես կուզենայի, որ էդ օրենքին բոլորը ենթարկվեին, եթե մենք չենք աշխատում, օրենքի պահանջով բոլորն էլ չաշխատեն»,- ասաց ռեստորանի տնօրենը՝ ակնարկելով, որ մյուս ռեստորաններն օրենքին չեն ենթարկվում։ Նրա խոսքով՝ իրենց մոտ կենդանի երաժշտություն առհասարակ չի եղել՝ չկա, կա ֆոնային երաժշտություն։

«Հարևանի ասած՝ իրավիճակ է փոխվել․․․ Մեր քաղաքն էլ աշխույժ քաղաք է, գիշերային քաղաք է, բայց եթե այդպես են ճիշտ գտել, ի՞նչ կարող եմ ասել»,- հայտնեցին ռեստորանից։

 Տնօրենը տեղեկություն չուներ, թե լիցենզիան ով է հետ կանչել։ Ի դեպ, Երեւանում գրեթե չկա 24 ժամ աշխատող ռեստորան, իսկ դա տուրիզմի զարգացմանը նպաստող հանգամանքներից է, եւ ցանկացած երկրի մայրաքաղաքում կան մեծ թվով գիշերային ռեստորաններ, որոնք սպասարկում են ուշ քնող, գիշերը ճաշելու եւ ժամանցի կարիք ունեցող մարդկանց։